Չնայած օրեր առաջ կանադական մամուլը գրել էր, որ Կանադայում մահացել է հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին հայուհին՝ 107-ամյա Քնար Բոհջելյան Եմենիջյանը, սակայն օրերս Հորիզոնը ճշտել է, որ Կանադայում եւս երկու հայ կա, որոնք ցեղասպանության վերապրածներից են: Նրանք են՝ 102 ամյա Էոժենի Գոգորյանն ու 104-ամյա Սիրվարդ Քյուրդյանը: Տեղեկությունը շաբաթաթերթին հաղորդել են նրանց երեխաները:
Էոժենի Գոգորյանը ծնվել է սևծովյան Սամսոն քաղաքի հարակից շրջանում, 1915 թվականի մայիսին՝ Սամսոնի տեղահանության ժամանակ, երբ մի խումբ հայ կանայք ապաստան են գտել քաղաքամերձ քարայրերից մեկում: Նրա մայրը հղի էր իրենով և հենց այդտեղ էլ ծնվել է նա: Չնայած կանայք տիկին Էոժենիի մորն առաջարկել են երեխային թողնել, որպեսզի փախուստը հեշտ լինի, սակայն նա երեխային չի լքել: Փախուստի ընթացքում մայրը մահացել է և նորածին երեխայի տատը որբին գրկելով շարունակել է ճամբան: Որոշ ժամանակ Սամսոնի մանկատանն ապրելուց հետ Էոժենի Գոգորյանը տեղափոխվել է Հունաստանի մեկ այլ մանկատուն, որտեղից էլ՝ Եգիպտոս: Այստեղ տիկին Էոժենին ամուսնացել է Կարապետ Գոգորյանի հետ և 70-ական թվականներին տեղափոխվել Կանադա: Մանկության սարսափների մասին նրան տեղեկացրել է իր զարմիկը: Էոժենի Գոգորյանն ունի 5 զավակ, 9 թոռ և 11 ծոռ:
Էոժենի Գոգորյանը
Կանադայում բնակվող մյուս հայուհին՝ Սիրվարդ Քյուրտյանը ևս իր մանկությունն անցկացրել է մանկատներում: Ծնվել է 1912 թվականին Էրզրումում: Ջարդերի ժամանակ սպանվել են նրա հայրն ու հորեղբայրը, որից հետո ընտանիքը բռնել է գաղթի ճամփան: 6 ամիս շարունակ քայլելով՝ նրանց քարավանը հասել է Մոսուլ, որտեղ մնացել են որոշ ժամանակ, այնուհետև տեղափոխվել են Հալեպ, որտեղ կրկին մանկատներում բնակություն է հաստատել փոքրիկ աղջիկը: 15 տարեկանում նա ամուսնացել է էրզրումցի մեկ այլ որբի՝ Խաչիկ Քյուրտյանի հետ: Սիրվարդ Քիուրտյանն այժմ բնակվում է Տորոնտոյում, ունի 4 զավակ, 7 թոռ և 4 ծոռ:
Սիրվարդ Քյուրդյանը