Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան
Այսօր աշխարհին հայտնի կդառնա,թե ով է լինելու ԱՄՆ 47-րդ նախագահը: Այս անգամ նախընտրական պայքարն իրոք կատաղի եղավ:
Արդեն սովորական էին դարձել նախագահի թեկնածուների կողմից փոխադարձ անձնական վիրավորանքները, բանը հասավ նրան, որ մեկը ֆաշիստ համարվեց, մյուսը գրեթե հոգեկան հիվանդ:
Դժվար է մեզ համար պնդելը, թե նման վիրավորանքները որքան են հարիր ԱՄՆ-ի նախընտրական պայքարի ավանդույթներին: Երևի հարիր են, բայց նախկինում մենք չենք խորացել, քիչ ենք հետաքրքրվել նման խնդիրներով: Հիմա ընտրությունները կատարվում են աշխարհաքաղաքական բացառիկ բարդ իրավիճակում` ռուս-ուկրաինական պատերազմ, մերձավորարևելյան պատերազմ, պայքար ազդեցության ոլորտների ճշգրտման համար և այլն:
Ով էլ որ հաղթի` քիչ բան կփոխվի ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: Թրամփը խոսում է ուկրաինական հակամարտության մեկ օրում դադարեցնելու մասին, որը, թե ինչպես է անելու, հանելուկ է մնում: Կարծում ենք, որ դա դյուրին խնդիր չէ: Այդ խնդրի շուրջը պառակտվում է Եվրոպան. այնտեղ արդեն չկա կոնսենսուս:
Հարիսը թերևս կշարունակի Ուկրաինայի հանդեպ որդեգրված մոտեցումը: Դժվար է պնդել Մերձավոր Արևելքում իրավիճակի արագ կարգավորման մասին ևս: ԱՄՆ-ում պայքար է հանուն իշխանության և փողի, թեպետ չեն կարող անտեսվել սոցիալական խնդիրները: Բայց այս ամենը մեր խնդիրը չէ:
Շատ հայեր Թրամփին են ուզում, արևմտամետները` Հարիսին: Բայց չափազանց կարևոր է վերջապես հասկանալ, որ երկուսից ցանկացածի հաղթանակի դեպքում էլ մեր քաղաքական չարչրկված սայլակը մենք ենք հիմնականում քաշելու:
Հայ դատի գրասենյակներն այս առումով կարծես խելքի են եկել: Միլիոններ էին ծախսում, որ ԱՄՆ նախագահը ընտրվելուց հետո արտասաներ ցեղասպանություն բառը: Բայդենը այդ բառը շեշտելով` մի լղոզված խոսք ասաց: Ինչը՞ փոխվեց: 44-օրյայի ընթացքում մեր գլխին սպիտակ ֆոսֆոր էին թափում, Թրամփը անորոշ մի բան էր արտաբերում սկադինավյան ինչ-որ խաղաղապահների մասին: Լաչինի կյանքի ճանապարհը փակվում էր, Արցախը հայաթափվում, հայը նորից տնաքանդ լինում, միայն հայտարարություններ Բայդենի, Բլինքենի կամ մեկ ուրիշի կողմից, իսկ Հարիսի ձայնը հազիվ թե մեկը լսած լինի:
Իսկ հիմա Թրամփը Արամ Ա կաթողիկոսին խոստանում է ընտրվելու դեպքում աջակցել արցախահայերին: Ցեղասպանության շահարկումից պրծան, հիմա Արցախի հարցն են շահարկում: Ի վերջո, մեզ ինչ,թե ով է ընտրվելու: Ով եկավ, Ադրբեջանի կողմը պահեց: Ինչ հաղթանակ որ պատմության մեջ տարել ենք, մենք ենք տարել: Այսքանը գոնե հիմա հասկանանք: Բոլոր «պապաների» հերն էլ անիծած: