Աթենք-Երեկ Աթենքի «Մեգարո Մուսիկիս» համերգասրահում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։
Մենակատարն էր Անուշ Նիկողոսյան, որ կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը։ Համերգին հնչեցին նաև հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Սերգեյ Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիան։
Համերգին ներկա էին Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների և կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, հույն մտավորականության ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Աթենքում համերգն իրականացավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակում։
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը ներկայացրեց 1965թ․ Հունաստան կատարած Արամ Խաչատրյանի համերգային շրջագայությունը, ներկայացրեց Խաչատրյանի ժառանգությունը համաշխարհային մշակույթում։
Այնուհետև դեսպանն անդրադարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հատկապես 1991 թ․ Հայաստանի անկախությունից ի վեր Հունաստան կատարած այցերին (1991, 1992, 1993, 1994, 1998)` ընդգծելով, որ այս համերգային շրջագայությունը բացառիկ է շատ առումներով, քանի որ տեղի է ունենում քառորդ դար անց և նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակին, որի ստեղծագործությունների լավագույն կատարողն այսօր աշխարհում հենց ՀԱՖՆ-է։