Հոկտեմբերի 13-ին Մոսկուայում (Ռուսաստանի Դաշնութիւն)` Ս. Դանիէլի պատրիարքանիստ վանքում, միջնորդութեամբ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Քիրիլ Պատրիարքի, տեղի ունեցաւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: 1988 թուականից սկսած սա ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ի նպաստ այս ձեւաչափով 17-րդ հանդիպումն էր:
Հանդիպումը բացուեց Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Քիրիլ Պատրիարքի բացման խօսքով:
«Մենք հաւաքուել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամեայ հակամարտութեան հետեւանքների յաղթահարման խնդիրը, որում ներգրաւուած են Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարուայ ընթացքում մենք` հոգեւոր առաջնորդներս, ջանում ենք, որպէսզի մեղմենք այս ողբերգական հակամարտութիւնը: Աստծուց կոչուած ենք քարոզելու սեր եւ ողորմութիւն, անգամ երբ դա դժուար իրականանալի է թւում:
...Քաջ յայտնի է, որ հոգեւոր կեանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցաւօք, կան մարդիկ, որոնք բռնութիւնը, դաժանութիւնն ու արիւնահեղութիւնն արդարացնում են կրօնով: Եւ մենք կոչուած ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրօնը եւ պատերազմը միմեանց կապելու փորձերին» (տե՛ս https://www.youtube.com/watch?v=ilJ0Y6wAAzI&t=1s):
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խօսքն ուղղելով Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Քիրիլ Պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշայ Զադէին, մասնաւորապէս ասաց. «2017 թուականից ի վեր տեւական ժամանակ հնարաւորութիւն չենք ունեցել հանդիպելու հոգեւոր առաջնորդների այս ձեւաչափով, որտեղ ոչ միայն արծարծւում էին ղարաբաղեան հակամարտութեամբ պայմանաւորուած մեր ժողովուրդների կեանքում առաջ եկած խնդիրները, այլեւ ուղիներ էին որոնւում դրանց յաղթահարման, մթնոլորտի լիցքաթափման եւ կայունացման` յանուն տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման: Այս առիթով Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում մեր սիրեցեալ եղբօրը` Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Քիրիլ Ա-ին` այս հանդիպումը կազմակերպելու համար:
Մեր հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատուածում, երբ մեր տարածաշրջանը վերստին գերլարուած է:
Ադրբեջանը, անցած տարուայ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացայայտ աջակցութեամբ եւ միջազգային ահաբեկչական խմբաւորումների ներգրաւմամբ Արցախի ժողովրդի դէմ սանձազերծեց պատերազմական լայնածաւալ գործողութիւններ, ինչը աղէտալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում եւ ունեցաւ ողբերգական հետեւանքներ մեր ժողովուրդների համար: Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելուած զինատեսակների` կասետային եւ ֆոսֆորային զէնքերի կիրառման հետեւանքով զոհուեցին, վիրաւորուեցին եւ հաշմանդամ դարձան հազարաւոր զինուորականներ, քաղաքացիական անձեր, այդ թւում` կանայք եւ երեխաներ, խոշտանգումների ենթարկուեցին խաղաղ բնակիչներ, տեղահանուեցին եւ անօթեւան դարձան շուրջ 40000 արցախցիներ: Յատուկ թիրախաւորմամբ Արցախում հրթիռակոծուեցին բնակելի շէնքէր, հիւանդանոցնէր եւ ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոննէր ու պատմական յուշարձաններ:
Ադրբեջանի կողմից արիւնալի եւ աղէտաբեր ագրեսիան հնարաւոր դարձաւ կասեցնել միայն Ռուսաստանի Դաշնութեան նախագահ մեծարգոյ տիար Վլադիմիր Պուտինի անձնական հետեւողական ջանքերի շնորհիւ, ում եւս մէկ անգամ յայտնում ենք Հայոց Եկեղեցու եւ մեր ժողովրդի երախտագիտութիւնը, նաեւ` Ադրբեջանի հսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր ժառանգութեան պահպանութեան խնդրում դրսեւորած յատուկ ուշադրութեան համար: Ձերդ Սրբութիւն, ցանկանում ենք խորը զգացուածութեամբ շնորհակալութիւն յայտնել Ձեր ազնիւ միջնորդութիւնների եւ խաղաղասիրական ջանքերի համար, որ հանդէս բերեցիք պատերազմական 44-օրեայ գործողութիւնների ընթացքում եւ դրանց ողբերգական հետեւանքների յաղթահարման համատեքստում: Չափազանց կարեւոր է Ձեր ներդրումը Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքում 4-րդ դարի հայկական պատմական Դադիվանքի յետագայ գործունէութեան ապահովման հարցում:
2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողﬕց ընդունուած յայտարարութեան արդիւնքում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմամբ նախադրեալներ ստեղծուեցին Արցախի ժողովրդի անվտանգ կեանքի վերականգնման եւ Արցախի թեմի առաքելութեան ապահով իրականացման համար:
Տարածաշրջանում կայունութեան ու խաղաղութեան հաստատման, անվտանգ եւ ապահով կեանքի երաշխաւորման առումով ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի: Սակայն հակառակ խնդիրների վերջնական հանգուցալուծման ուղղութեամբ հայկական կողմի պատրաստակամութեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր խաղաղարարական ջանքերի` Ադրբեջանի իշխանութիւնների որդեգրած` արժանապատուութիւնը նսեմացնող եւ ռազմատենչ անընդունելի հռետորաբանութեան եւ ոչ կառուցողական ու վերջնագրային քաղաքականութեան պատճառով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ եւ լարուած:
Հետեւաբար, ինչպե՞ս կարող է ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորուել,
- քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդուել ուժի կիրառման սկզբունքով եւ ծաւալապաշտական ձգտումներով:
- քանի դեռ յստակեցուած չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ երաշխաւորուած չէ արցախահայութեան անկախ կեանքի իրաւունքի իրացումը: Պետական մակարդակով հայատեացութեան քարոզչութիւնը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնութիւններն ու սպանութիւնները, այսպէս կոչուած Ռազմավարի պուրաԯը Բաքւում վկայութիւնն են այն իրողութեան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել եւ գոյատեւել Ադրբեջանի կազմում,
- քանի դեռ ազատ չեն արձակուել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրուող կարգավիճակից, որոնց իրական թիւը չի բացայայտւում: Մեր ունեցած տեղեկութիւններով անազատութեան մէջ գտնուող հայ գերիները յաճախ ենթարկւում են նուաստացման եւ խոշտանգումների, որոշ դէպքերում նաեւ տանջամահ արւում,
- քանի դեռ յայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիւ անձանց ճակատագիրը,
- քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգութիւնները ՀՀ պետական սահմանի նկատմամբ եւ ետ չի քաշւում գրաւեալ տարածքներից,
- քանի դեռ միջազգային օրէնսդրութեան յարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսեւորւում համաշխարհային նշանակութիւն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգութեան նկատմամբ, քանի դեռ աւերւում եւ պղծւում են մեր աղօթատները եւ չեն դադարում պատմութիւնը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնութիւնից զրկելու փորձերը, չի ճանաչւում դրանց իրաւական պատկանելութիւնը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին եւ Մեր զաւակները զրկուած են իրենց սրբավայրերն այցելելու իրաւունքից:
Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում արժեւորել է խաղաղութիւնը եւ ձգտել խաղաղ համակեցութեան հարեւան ժողովուրդների հետ, մշտապէս յարգել այլոց կրօնական ազատութիւնները եւ մշակութային ինքնութիւնը: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումները կառուցուած են այն համոզման վրայ, որ պատերազմներում չկան յաղթողներ, պարտւում են բոլորը, քանի որ չի կարող լինել յաղթանակ այնտեղ, ուր տիրապետում է մարդկային ողբերգութիւնը: Քրիստոնեաներիս Սուրբ Գիրքը, որի նուիրականութիւնը չի ժխտւում նաեւ իսլամի հաւատաւորների կողմից, «երկրում խաղաղութեան եւ մարդկանց մէջ համերաշխութեան» (հմմտ. Ղուկ. 2:14) տեսիլքով է ոգեշնչում մարդկութեանը:
Տարբերութիւնների մէջ հանդուրժողականութեան, խաղաղ համակեցութեան ու բարիք ստեղծելու պատգամն է փոխանցում մարդկանց նաեւ Իսլամի Սուրբ Գիրք Ղուրանը, երբ արձանագրում է. «ձեզանից իւրաքանչիւրին որոշակի օրէնքներ եւ ապրելակերպի ծրագիր սահմանեցինք: Եթէ Աստուած կամենար, Նա կարող էր ձեզ բոլորիդ մէկ հասարակութեան վերածել, սակայն (այդպէս չկամեցաւ), որպէսզի ձեզ տուածի համեմատ փորձի ձեզ: Մրցակցէք ուրեմն բարի գործերովէ (Սուրաթ «ալ-մաիդա» 5:48):
Հէնց այս ոգով այսօր` 21-րդ դարի փոխշաղկապուած իրականութեան մէջ բոլոր խնդիրները ազգերի միջեւ պիտի կարգաւորուեն միայն խաղաղ ուղիներով, արդարութեամբ, օրինականութեան եւ իրաւունքի յարգումով:
Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծման, եւ այս պատերազմն էլ իրականում ոչ թէ լուծումներ, այլ նոր ողբերգութիւններ ծնեց եւ նոր խնդիրներ յարուցեց: Ռազմական ճանապարհով, զէնքի նշանառութեան ներքոյ հնարաւոր չէ խաղաղութիւն կերտել, ռազմագերիների գործօնի շահարկմամբ անհնար է համերաշխութեան եւ գործակցութեան հասնել, իսկ պետական մակարդակով հայատեացութեան սերմանմամբ եւ սպառնալիքներով բացել հաղորդակցման ուղիները:
Հակառակ առկայ ծանր կացութեան` Մենք շարունակում ենք յուսալ, որ պիտի կարողանանք յաղթահարել ծառացած մարտահրաւէրները, նաեւ զօրակցութեամբ խաղաղասէր մեր բարեկամ երկրների եւ մտահոգ միջազգային հանրութեան ու կառոյցների: Նաեւ յոյս ունենք, որ այս դժուարին իրադրութեան մէջ Ադրբեջանի իշխանութիւնները ետ կը կանգնեն իրենց ծաւալապաշտական նկրտումներից, որոնք կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր, առաւել լայնամասշտաբ պատերազմի առջեւ:
Հոգեւոր առաջնորդներիս աղօթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխութեան ու փոխըմբռնման մթնոլորտ ձեւաւորելու նպատակ, որպէսզի թօթափուի լարուածութիւնը եւ Բարձրեալը օրհնի մեր կեանքը Իր խաղաղութեամբ, ողորմութեամբ եւ առատ շնորհներով:
Վերստին Մեր շնորհակալութիւնն ենք յայտնում Ձեզ, սիրեցեալ եղբայր ի Քրիստոս` Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք, յանուն խաղաղութեան Ձեր ներդրած ջանքերի եւ այս հանդիպման համար:
Յարգարժան շէյխ-ուլ-իսլամ, հաւատում ենք, որ մեր այս հանդիպումը պիտի արդիւնքներ ապահովի Ձեր անմիջական միջնորդութեամբ Ադրբեջանի իշխանութիւնների մօտ` մասնաւորապէս հումանիտար հարցերի, առկայ հոգեւոր-կրօնական խնդիրների կարգաւորման եւ մեր ժողովուրդների կեանքում խաղաղութեան վերահաստատման գործում:
Աղօթում ենք աշխարհում խաղաղութեան եւ մեր տարածաշրջանում կեանքի ապահով ու անվտանգ, բնականոն ընթացքի վերականգնման ու առաջընթացի համար: Թող Տէրը օրհնի խաղաղութեան բոլոր ճանապարհները եւ Իր իմաստութեամբ առաջնորդի մեր ժողովուրդներին»:
Տեղի ունեցած քննարկումների աւարտին հանդիպման արդիւնքների վերաբերեալ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Քիրիլ Պատրիարքը հանդէս եկաւ յայտարարութեամբ (տե՛ս http://www.patriarchia.ru/db/text/5852405.html):