image

Հայկ Դեմոյան. ԲԱՐԻ ԵԿԱՔ CASINOLAND

Հայկ Դեմոյան. ԲԱՐԻ ԵԿԱՔ CASINOLAND

Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է. «Ընդունված է համարել, որ տարբեր երկրներում օդանավակայանի ժամանման սրահը հանդիսանում է տվյալ երկրի այցեքարտն ու առաջին ցուցադրական-գովազդային տարածքը, որտեղ այցելուների մոտ առաջին տպավորություններն են ձևավորվում այդ երկրի, այնտեղ ապրող ժողովրդի ու թողած մշակութային ժառանգության մասին:
Օրինակ, Վիեննա ժամանելուց հետո, ուղեբեռը ստանալու ընթացքում զբոսաշրջիկները հենց ուղեբեռը ստանալու ժապավենի հետնամասի գովազդային վահանակներից տեղեկանում են, թե ինչ մշակութային իրադարձություններ են սպասվում Վիեննայում, կամ ինչ նոր ցուցադրություններ կան Վիեննայի նշանավոր թանգարաններում: Օդանավակայանի պատերից մեկի վրա կարելի է նույնիսկ տեսնել Մոցարտի գործերի նոտաները: Այլ կերպ ասած, ավստրիացիները շատ ճիշտ ու գրագետ բրենդավորել են իրենց մշակութային այցեքարտը և այն հրամցնում են իրենց երկիր ժամանած օտարերկրացիներին, ովքեր, ի դեպ, իրենց արդեն զգում են Վիեննայում` Շտրաուսի հանրահայտ գործերի հնչյունների ներքո Ավստրիական ավիաուղիների օդանավերի սրահ մտնելով:

Իսկ ի՞նչ են տեսնում և ի՞նչ տեղեկություն են ստանում Երևանի Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում հայտնված զբոսաշրջիկները: Կատարյալ մի խայտառակություն: Օդանավակայանի սպասասրահը ողողված է տարբեր կազինոներ գովազդող մեծադիր վահանակներով ու էկրաններով: Դրանք ամենուր են, բոլոր անկյուններում: Ու պատկերացրեք, թե ինչպես են ժամանողների մոտ հօդս ցնդում Մատենադարանի, Խաչատուրյանի, Գառնի-Գեղարդի ու առաջին քրիստոնյա երկրի մասին պատկերացումները: Առավել զավեշտական է, երբ կազինոների գովազդները մեկտեղված են ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առիթով զետեղված գովազդային վահանակների հետ: 
Անձնագրային ստուգում անցնելիս և Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս մեր երկիր այցելած հյուրերին ողջունող առաջին գովազդային մեծադիր վահանակը միայն ռուսերենով և անգլերենով գովազդում է … Դուբայի Կեմպինսկի հյուրանոցը: Այս պարագայում տեղին կլինի հյուրերի այն հարցը, թե արդյո՞ք իրենց պատկերացրած հին մշակույթ ունեցող երկիրն են ժամանել:
Ահավասիկ լուսանկարներ «Զվարթնոց» օդանավակայանի կազինոակենտրոն ժամանման սրահից` համեմատված Վիեննայի օդանավակայանի նույն սրահի հետ:
Որքան որ տեղյակ եմ, արդեն երկու տարի է ինչ աշխատանք են տարվում Հայաստանի ու մեր մշակույթի բրենդավորման ուղղությամբ` զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովելու նպատակով:
Բիզնեսը, բիզնես, բայց սա այն դեպքն է, երբ խոսքը վերաբերում է ազգային արժանապատվությանը, անցած սերունդների թողած ժառանգությունը ներկայացնելու փոխարեն մեր երկիրն ու մեր մշակույթը կազինոներով ներկայացնելու անընդունելի փաստին:
Ներկա պահին, ցավոք, չունենք ազգային փոխադրող ավիաընկերություն, որն իր հերթին պետք է դառնար մեր երկրի ու մեր մշակույթի այցեքարտն ու գովազդողը:
Չնայած այս հանգամանքին, պետք է վերջ տալ մեր երկիրն ու մշակույթը վարկաբեկող այսպիսի ստորացուցիչ ու նողկալի դրսևորումներին:
Իսկ դա պետք է լինի համապատասխան պետական մարմինների ուշադրության կենտրոնում…»