Գնել Նալբանդյան. newmag-ի գլխավոր խմբագիր
Մեծ եղեռն բառակապակցությունը հայ իրականության մեջ հայտնվեց 1960-ականների 2-րդ կեսին, երբ հայ ժողովրդի ազգային-հայրենասիրական զարթոնքի ալիքի վրա կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշակոթողը: Ապրիլի 24-ը սկսեց ամեն տարի դեպի սակրալ բլուր ձգել հոծ զանգվածներին: Սգո երթով անցնող մարդկանց մեծ մասը տասնամյակներ շարունակ համոզված էր, որ գնում է եղեռնի: Այդպես էլ ասում էին` գնացինք եղեռնի:
Այս բառը 60-ականներին շրջանառության մեջ դրեցին հավանաբար ՀԽՍՀ ՊԱԿ-ի շրջահայաց ղեկավարները, որոնք ամենայն հավանականությամբ գիտակցում էին ցեղասպանություն տերմինի անընդունելի լինելը ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության համար: Հայ հասարակությունը, որը մինչև 1965-ը որևէ բառ անգամ չէր կարող ասել 1915-ի մասին, մեծ խանդավառությամբ ընդունեց Մեծ եղեռն բառակապակցությունը: Դրան անմիջապես ավելացան Ջարդեր, Կոտորածներ, Սպանդ, Նախճիր հոմանիշները:
Խորհրդային Հայաստանում 20-րդ դարում առանձնապես էական չէր 15-ին տեղի ունեցածը գենոցիդ տերմինով կոչելը: 1960-70-ականներին ՀԽՍՀ-ում ապրում էին մեծ թվով վերապրածներ, ովքեր 1915-ին եղել էին 5-ից 20 տարեկան և կատարվածը հիշում էին որպես հեռավոր Տաճկաստանում տեղի ունեցած Մեծ զուլում: Սփյուռքում այդ ժամանակաշրջանում տարածված էր Աղետ բնորոշումը` որպես թուրքերեն զուլումի թարգմանություն:
20-րդ դարի հայերը համոզված էին, թե 1915-ի դեպքերը Սփյուռքում` Մեծ աղետ, Հայաստանում Մեծ եղեռն կոչելով՝ իրենք և բոլորը նկատի ունեին հենց ցեղասպանությունը, մինչդեռ աշխարհի համար դրանք ամենևին էլ գենոցիդի համարժեք չէին, այլ հենց` Մեծ եղեռն: Ընդամենը: Ահա ինչու ԱՄՆ նախագահը ամեն տարի պատրաստակամորեն ասում է` Մեծ եղեռն: Ահա ինչու` անկախացած Հայաստանի քաղաքացիները մինչև այսօր դեռ կարոտ են մնացել ԱՄՆ նախագահի հնչեցնելիք գենոցիդ եզրաբառին: Ահա ինչու հայերը Ծիծեռնակաբերդը դեռ միամտաբար անվանում են Եղեռնի:
Իսկ մենք` 21-րդ դարի հայերս, ի՞նչ ենք մտածում այս մասին:
Լուսանկարը` Գնել Նալբանդյանի ֆեյսբուքյան էջից