image
Հրատապ լուրեր:

Ես Հաւատում Եմ. Եթէ Մեզ Հանգիստ Թողնեն, Շուտով Հայաստանը Իրական Դրախտ Կը Դառնայ.Ս.Վրացեան

Ես Հաւատում Եմ. Եթէ Մեզ Հանգիստ Թողնեն, Շուտով Հայաստանը Իրական Դրախտ Կը Դառնայ.Ս.Վրացեան

Ցուրտ ձմեռ է Երեւանում: Ամէն առաւօտ տնից խորհրդարան գնալիս ես անցնում եմ գաղթականական հանրակացարանի առջեւից եւ ամէն անգամ ականատես եմ լինում քաղաքային սայլերով դիակներ հաւաքելուն: Գիշերը իւրաքանչիւր հանրակացարանում եւ փողոցներում տասնեակներով մարդիկ են մեռնում: Յաջորդ առաւօտ կանուխ դուրս են գալիս քաղաքային սայլերը եւ հաւաքում, տանում են մեռածներին: Արդէն վարժուել ենք առանց սարսափի տեսնելու, թէ ինչպէս սայլապաններից մէկը բռնում է փայտացած մեռելի ոտներից, միւսը գլխից եւ նետում սայլի մէջ: Եւ ապա, լեցուն սայլը տանում պարպում են գերեզմանատան մէջ փորուած փոսում: Ոչ խունկ ու մոմ, ոչ աղօթք ու շարական, ոչ հող էիր եւ հող դարձիր ասող: Անաղմուկ եւ անտրտունջ մեռնում է հայ ժողովուրդը, իսկ միւս կողմը...   Անցեալ օր, Քաջազնունիի հետ ես այցելեցի կառավարութեան բացած ջուլհականոցները, ուր աշխատում են գլխաւորապէս գաղթականները: Մեղուների փեթակի եռուզեռ լինէր կարծես. տենդագին աշխատանք էր կատարւում: Մերկացած Հայաստանը այս ջուլհականոցների գործած կերպով է հագեցած: Եթէ մի քիչ մեզ հանգիստ թողնեն, շուտով այս արհեստանոցները գործարան կը դառնան, ասում է կառավարիչը: Եւ ես հաւատում եմ. եթէ մեզ հանգիստ թողնեն, շուտով Հայաստանը իրական եդեմական դրախտ կը դառնայ: Զարմանալի է, ապշեցուցիչ հայ մարդու շինարարական կարողութիւնը: Մտիր գաղթակայան մամիկները իլիկով թել են մանում, ջահել աղջիկները ձեռագործ են անում: Գիւղերում եւ քաղաքներում, հակառակ զարհուրելի պայմանների, հայ մարդը աշխատում է վերաշինել ինչ որ քանդուած կամ կոտրուած է, փորձում է քար դնել քարի վրայ, ծաղկեցնել խոպանացած հողը, այսպիսի հանճարով օժտուած մի ժողովուրդ կ'ապրի ու կը զարգանայ, որքան եւ դառն լինի ճակատագիրը...

 

 Սիմոն Վրացեան

«Հին Թղթեր Նոր Պատմութեան Համար»