image

Երբ կառուցւում էր Երեւանեան լիճը. Ստեփան Ալաճաճեան

Երբ կառուցւում էր Երեւանեան լիճը. Ստեփան Ալաճաճեան

1970 թուականին, Երեւանը զարդարեց նոր կառուցուած արհեստական լիճը՝ Երեւանեան լիճը: Այն արհեստական ջրամբար է Երեւանի հարաւ-արեւմուտքը, Հրազդանի կիրճին մէջ, 908 մեթր բարձրութեան վրայ։

Քաղաքի տարածքին մէջ լիճ ստեղծելը իրադարձութիւն էր երեւանցիներու կեանքին մէջ, քանի որ ջրային տարածք պիտի աւելնար, որ գեղեցիկ ըլլալէ բացի նաեւ պիտի զովացներ տաքին չդիմացող բնակիչները, պիտի ընդուներ զբօսաշրջիկները: Լիճի կառուցման աշխատանքները կը լուսաբանէին ոչ միայն քաղաքաշինութեան ոլորտի մասնագէտները, այլ նաեւ՝ գրողներն ու մտաւորականները, քանի որ Երեւանեան լիճը պիտի դառնար համայն հայութեան մայրաքաղաքի տեսարժան վայրերէն մին: Տակաւին, երբ դրուեցաւ արհեստական ջրամբարի առաջին քարը՝ գրող, հրապարակախօս Ստեփան Ալաճաճեան ներկայ էր այդ իրադարձութեան: Ան, երկրաչափներու պէս, նոյն երազով կը սպասէր լիճի կառուցման, հաւատալով, որ այն պիտի դառնայ Արարատեան դաշտի Սեւանը, ինչպէս գրած է այդ մասին իր յօդուածով (տպուած 1963 թուականին): Լիճի կառուցումը տեւեց տարիներ եւ բացումը կատարուեցաւ 1970-ին: Երեւանեան լիճը իր նպատակին ծառայեց քանի մը տասնամեակ, իսկ վերջին տարիներուն այն կանգնեցաւ բնապահպանական աղէտի առջեւ: Լիճն այսօր փրկութեան կարիք ունի՝ այն լցուած է տիղմով, աղտոտութիւններով, ափամերձ տարածքները կը ցամքին… Իսկ թէ ի՞նչ երազներով այն կառուցել են ժամանակին, կարդացէք Ստեփան Ալաճաճեանի «Երեւանեան լիճը» խորագրով յօդուածը: Այս յօդուածով մենք կը թուայնացնենք Ալաճաճեանի հերթական յօդուածը: Միւս յօդուածները՝ տեսնել այստեղ.

ԵՐԵՒԱՆԵԱՆ ԼԻՃԸ

Տաք ժայռերին նստած տղան սթափւում է երազանքից: Անյայտանում է կապոյտ լիճը: Աչքերի առջեւ այժմ մի ձոր է, որի միջով հոսում է նիհարած Հրազդանը: Դիմացը սեպանման կտրուածքներ են, բնական մի պարիսպ այն վարարումների դէմ, որոնք երբեմն ալիքներ են նետել ափերից դուրս եւ սպառնացել շրջակայ այգիներին:

Ե՞րբ է արդեօք զայրացել Հրազդանը, ե՞րբ է իր հունը այսքան ընդարձակել. դարեր առա՞ջ,- հարցնում է ինքնիրեն տղան ու հայեացքով չափում իր եւ դիմացի ժայռակտրուածքների միջեւ ընկած տարածութիւնը: Հինգ հարիւր մետր լայնութիւն, եզրակացնում է նա: Ապա տեսնում է փապարներ՝ պարսպանման բարձունքի կողերին: Նեղանում է գետահունը, կարապի նման երկարում վիզը ու կտցահարում կանաչ եզրերը:

Տղան իջնում է ժայռից ու քայլում դէպի ներքեւ: Ասֆալտապատ ծուռումուռ մի ճանապարհ, ցած ընկած կամրջի պէս, կապում է հանդիպակաց ափերը՝ Էջմիածնի խճուղին Թամանցիների պողոտայի հետ: Աջ կողմում տնակներ կան, ինչ-որ ծուխ է բարձրանում. հաւանաբար այնտեղ գործարան կայ:

Արեւը լցուել է ձորը, լցուել է Հրազդանի ալիքների մէջ ու պրիսմակի փայլ տուել նրանց: Կանգնած գետեզրին՝տղան հայեացքը յառում է գետի հոսքն ի վեր: Հրազդանը գալիս է քաղաքի դարպասներից, կարծես քաղաքի ժխորից փախչելով՝ թեքւում է դէպի այս անդորր ձորը, որպէսզի քաղաքացին գայ իր ափերին հանգստանալու: Թող ամբարտակուի գետակը. Սեւանի ջրերը մի փոքրիկ Սեւան կը ստեղծեն այստեղ: Այո՛, Սեւանի տեսքով, նախ լայնալանջ, ապա սլաթեք ու նեղ, Սեւանի փոքրիկ կրկնօրինակը.

- Ակնապարար մի լիճ... ճերմակ թղթի վրայ գծերի մի պար:

Հայհիդրոէներգոյի նախագծային ինստիտուտի աշխատակից՝ նախագծի գլխաւոր ինժեներ Թ. Եաղջեանի կարկինի ոտքերից մէկը կանգնած է ապագայ լճի աջ ափին, միւսը՝ ձախ: Նրանց միջեւ ընկած օղակաձեւ գիծը գծաթղթի վրայ լայնանում է, ստանում խորութիւն, երկարութիւն եւ դառնում ամբարտակ:

Բայց դա սոսկ ամբարտակ չէ, որի պատերին կը խփուեն կոհակները եւ կը փորձեն մագլցել վեր, այլեւ բարձրադիր պողոտայ՝ Երեւանի հիւսիսն ու Հիւսիսային արեւմուտքը կամրջող ճանապարհ, որի լայն մայթերը նման են բազրիքաւոր պատշգամբների:

Ամբարտակի տակով գծերի պարը տեղափոխւում է դուրս: Դա փապուղին է (թունել), որ գետի երակից ջուր է տանում իր նախկին հունին: Յետոյ պարող գծերի մի զոյգ անցնում է աջ, պտոյտ գործում, ստեղծում մի պարահարթակ, եւ նախագծողներ Գ. Գասպարեանն ու Հ. Ազատեանը, այնտեղ գրում են՝ լողափ:

Երկու գիծ, ինչպէս սահադաշտի վրայ թողնուած հետք, վազում են դէպի քաղաք, բայց կանգ են առնում 1,500 մ. թուանշանի առջեւ եւ, նրանց վազքի երկարութիւնը, այսինքն՝ լճի երկարութիւնը խափանւում է պատուարով: Սկսւում է շրջադարձը, գծերը խառնւում են իրար, խճճում դառնում ամպանման մի զանգուած, յետոյ ամպից անձրեւաթելի պէս իջնում են գծիկներ եւ նորից նախագծողների մատիտը գրում է՝ նաւակայան...

Գծերի խաղը ոլորապտոյտ է: Առափնեայ կառուցուածքների նշանների փոխարէն հատող սլաքներ են երեւում, որոնք մատնացուց են անում Փարաքարի ուղղութեամբ բացուող ջրանցքը: Այդ ջրանցքը հիմա խեղդուել, է գծերի մէջ՝ կորել լճում: Մինչդեռ պէտք է ջրի մի երակ հանել այստեղից, որովհետեւ պտղատու այգիներից ջուր են պահանջում: Իսկ լիճը, որ եօթանասուն հեկտար ջրային մակերես է ունենալու եւ պարունակելու է մօտ հինգ միլիոն խորանարդ մետը ջուր, չի կարող դաշտերը զրկել սննդատու հեղուկից: Նորի՞ց փապուղի այդ ջրանցքի համար: Ոչ, իհարկէ, քանի որ բարձր է լինելու ջրի մակերեսը, կարելի է այդտեղից սնել դաշտերը: Թող Սեւանի պէս, Սեւանի այս փոքրիկ կրկնօրինակը իր կողը բացի եւ ջուր տայ ջրանցքին.

***

Երիտասարդ երեւանցու երազանքը, որ տեղափոխուել էր Հայհիդրոնէներգոյի նախագծային ինստիտուտ, այժմ որպէս կառուցման պլան՝ հասել է քաղաքային սովետ: Թող գործադիր կոմիտէի ընկերները ներեն, եթէ ասենք, որ այդ կառուցման պլանը մի քիչ երկար մնաց իրենց մօտ…

Լիճը բնութեան արտացոլանքը կը պահի իր հայելում: Ինչպիսի՞ ստուերներ կ՚ընկնեն ջրերին, ինչպիսի՞ լոյսեր կը ծփան ալիքների վրայ: Ինչո՞վ երիզել առափնեայ բարձունքները, ինչո՞վ շրջապատել լիճը:

Լաւ են ե՛ւ նաւակայանը, ե՛ւ լողափը: Բայց քիչ են պճնելու համար ակնապարար լիճը: Ափում ձգուող բաց տարածութիւններում պէտք է կառուցել մարզադաշտեր, զրօսայգիներ, պուրակներ, բացօթեայ ճանապարհներ: Այն, ինչ չունի Գեղամայ սարերի ծաղիկը՝ Սեւանը, պէտք է ունենայ Արարատեան դաշտի կրկնօրինակը: Եւ ինչ լաւ է, որ նախագծողները ամբարտակները դարձնում են մի լայն պողոտայ, որ կ՚ունենայ բարձրադիր, բազրիքաւոր պատշգամբներ: Դրանք կը դառնան սրճարաններ, տաղաւարներ, նստավայրեր: Լճի արեւելեան կողմը, ստուերաշատ մասում, լող կտան կարապներն ու հրահաւերը, բադերն ու ճայերը: 

Ամբողջական մի հրաշալիք:

Այսպէս հասկացան քաղսովետում լճի կառուցման հարցը, հարց, որ պատիւ է բերելու երեւանցիներին, հասարակական կազմակերպութիւններին: Այդ մասին են պատմում Երեւան քաղաքի աշխատաւորների 1963 թ. սոցիալիստական պատգամաւորութիւնների «Շինարարութեան» բաժնում արձանագրուած այս տողերը.

«Երեւանի լճի շինարարութեան համար Երեւան քաղաքի-բեռնատար աւտոմեքենաների իւրաքանչիւր վարորդ պարտաւորուել է 1963 թուականի 10 ամսում տեղափոխել 100 խորանարդ մետր գրունտ»: «Երեւան քաղաքի հասարակութեան ուժերով 30 հեկտար տերիտորիա կանաչապատել Երեւանի լճի շուրջը»:

Գեղեցիկ է պարտաւորութիւնը, բայց առաւել մեծ է խնդիրը, քան վերոյիշեալ կամաւոր ստանձնումները: Մարդիկ են աշխատելու, ինժեներներ, տեխնիկներ, մեխանիկներ, բետոնապատման մասնագետներ, բուլդոզերավարներ, էքսկավատորավարներ եւ այլ սարքավարներ: Երազանքից դէպի իրականութիւն...

Հողային աշխատանքների ծաւալը ութ հարիւր հազար խորանարդ մետր է, իսկ բետոնապատմանը՝ երեսուն հազար խորանարդ մետր: Խոչընդոտներից չվախեցող, աշխատանքից չխուսափող հայ մարդու համար դա գործ է, որ լոկ ժամանակ է պահանջում:

Էներգոշինի տղաները առաջին իսկ կոչին ուրախութեամբ վարեցին հողաթափ մեքենաները: Բուլդոզերավար Ծերունեան Գուրգէնը եւ ուկրաինացի Նիկոլայը՝ իր հողահարթիչով, անցան Սպանդարեանի անուան հրապարակից, մտան Թամանցիների փողոցն ու կանգ առան ապագայ լճի առափնեայ բարձունքում, եւ, այլեւս չվերադարձան իրենց հին խարիսխը: Մի ժամանակաւոր տնակ կառուցուեց որպէս գրասենեակ, եւ  կառուցուեց ապագայ լճի տակ: Սոկ Շահումեանը՝ աշխղեկը, որ մասնակցել է հանրապետական եւ միութենական հիդրոկառուցումներին, փարուեց հայրենի քաղաքի ամենագեղեցիկ զարդը կառուցելու գործին: Այն ժայռը, որի վրայ նստած երեւանցի պատանին լիճն էր երազում, այժմ արդէն չկայ, ծածկուած է պնդացած հողով: Առաջին օրը, երբ ինքնաթափ հինգ տասնեակ մեքենաներ սուրացին կառուցման վայրը, թուաց, թէ եռուզեռից լցուել է հովիտը, եւ հանդիպակաց պարսպանման ժայռերի խոռոչներից հրճուանքի կանչեր են արձակւում:

Թամանցիների փողոցի օղակաձեւ շարունակութիւնն է լինելու լճի ամբարտակը, եւ հողի լցումն սկսուել է այդ կողմից: Մեքենաները գալիս են քաղաքից, բարձած հողը թափում են ու վերադառնում:

Մեքենաների երթեւեկը միակ աղմուկը չէ մերձակայքում: Ներքեւում՝ գետափին, էքսկավատորները ծռում են Հրազդանի հունը, որպէսզի ջրանցքի բետոնապատման աշխատանքները սկսուեն: Մինչ ամբարտակի լցումը կը հասնի գետեզրին, ջրերը պէտք է հոսեն փապուղիով: Մտածուած, նժարուած է Uou Շահումեանի ղեկավարած աշխատանքը: Ապագայ լճի ալիքները կարող են փշրել ամբարտակի կողերը: Պէտք է պնդացած կողեր ստեղծել ափերում, քանի որ լճի խորութիւնը այս մասում հասնում է քսանհինգ մետրի:

-Սուպես,- ասում է Uou Շահումեանը:

 -Ի՞նչ է այդ,-հարցնում ենք մենք:

-Հողի տեսակ:

-Յատկութի՞ւնը:

-Պնդութիւն: Լցրէք, հարթեցէք, թրջեցէք եւ ահա քարացած, պնդացած յատակ. 

-Որտեղի՞ց էք բերում: 

-Զուարթնոցից, Փարաքարից այն կողմ: 

Երեւանի երկնքում այս գարնանը երեւացին թափառող, անձրեւաբեր ամպեր: Նրանց ամէնօրեայ ցնցուղման շնորհիւ Երեւանի լճի ամբարտակի կողերին լցուած սուպեսը պնդացաւ, դարձաւ ցեմենտուած յատակ: Դա նշանակում է նաեւ ստորջրեայ բուսականութեան աճի խափանում: 

-Մեքենաները քիչ են, դանդաղում ենք: -Բայց արդէն չէք դանդաղի, պարտաւորութիւնները կը կատարուեն:

Կառուցւում է Երեւանի լիճը:

1964 թուականի վերջերին կը հետեւեն ալեակները եւ ամառուայ շոգին երեւանցին իր հաճելի հանգիստը կ՚անցկացնի զովասուն ջրերի ափին: 

«Սովետական գրականութիւն», 1963թ., 76 No, 6