image

«Սա հայկական վանք է». Ստեփան Ալաճաճեանի յօդուածը՝ Հայ Կաթողիկէ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ տաճարին մասին

«Սա հայկական վանք է». Ստեփան Ալաճաճեանի յօդուածը՝ Հայ Կաթողիկէ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ տաճարին մասին

Արդէն 23 տարուայ պատմութիւն ունի Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քալիֆորնիա նահանգի Կլենտէյլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ տաճարը՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Գանատայի Տիրամօր Նարեկի Հայ Կաթողիկէ թեմի նստավայրը։ Այն կառուցուել է 2001 թուականին՝ Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամեակին: Եկեղեցու կառուցումը կապուում է Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Մինասեանի անուան հետ: Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Մինասեանը Լոս Անճըլըսի առաքելութեան է նշանակուել 1989 թուականին։ Իր առաքելութեան հէնց սկզբում նա նոր եկեղեցի նախագծեց Կլենտէյլ քաղաքում։ 1997 թուականին Մինասեանը Լիւթերական եկեղեցի շէնքն է ձեռք բերել Մաունթ Սթրիթում։ Շէնքը վերանորոգուել է, որ հայկական ծիսական պատարագ մատուցուի։ Հայկական ոճի խորանը կառուցել են Ռաֆայէլ եւ Տաճատ Յարդեմեանները հայրերը։ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ծխական համայնքը հիմնադրուել է 1998 թուականին, եւ Մինասեանը թողել է Տիրամայր Նահատակաց թագուհին։ Հին եկեղեցին քանդուել է նոր եկեղեցու համար ճանապարհ բացելու համար։ Ներկայիս եկեղեցու հիմնաքարը դրուել է 1999 թուականի օգոստոսի 15-ին։ Այն նախագծուել է հայկական աւանդական ոճով եւ երկու տարի է պահանջուել։ Եկեղեցու ճարտարապետը Արամ Ալաճաճեանն է: Բակում գտնուում է 17-րդ դարի հայ քրիստոնէութեան յիշատակը յաւերժացնող յուշարձան։ Այնտեղ նշուած են ծխի բոլոր հովանաւորների ու բարերարների անունները։ 2001 թուականի մարտի 18-ին եկեղեցին օծել է ԱՄՆ-ի եւ Գանատայի հայ կաթոլիկների էքսարք եպիսկոպոս Մանուէլ Բաթակեանը։ 

Այս եկեղեցու մասին ուշագրաւ յօդուած ունի գրող, հրապարակախօս Ստեփան Ալաճաճեանը, որ արժեւորել է ԱՄՆ հեռաւոր ափերում եւս մէկ հայկական վանքի կառուցումը, եւ իր յօդուածը վերնագրել. «Սա հայկական վանք է»: 

«Արեւելք»ը, Ալաճաճեանի հրապարակագրութիւնը թուայնացնելու շրջանակներում, թուայնացնում է նաեւ այդ յօդուածը:

Սա հայկական վանք է

Ամերիկայի Արեւմտեան ափի Գլենդէյլ քաղաքի հայոց Կաթողիկէ համայնքի հովուապետը Հայր Ռաֆայէլ Մինասեանն է: Նա համոզուած է, թէ ամենալաւ երազանքն այն է, որը կարելի է շուտ իրականացնել եւ հաւատում է, թէ ազգի զարգացման մակարդակը կարելի է բարձրացնել հոգեւոր ու մշակութային դաստիարակութեամբ: Հիմա նա կանգնած է այնտեղ, ուր երկու տարի առաջ դրւում էր հիմքը Գլենդէյլի Հայ Կաթողիկէ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ վանքի, այսինքն՝ իր երսզանքի իրականացման տեղում: Վանքն արդէն կայ: Անաւարտ է, բայց կայ, որովհետեւ այստեղ հոգեւոր վերափոխման պահեր ապրելու համար համախմբւում են հայ ընտանիքներ, այստեղ հնչում է մեր պատարագը: Հայրենիքից մի քանի հազար մղոն հեռու այս քաղաքում բարձրանում է վանական համալիրը՝ յարակից կառոյցներով՝ վեհարան, զանգակատուն, իբրեւ եռանաւ մի բազիլիկա՝ ներդաշնակուելով տեղանքի, շրջապատող ծառաստանների հետ:

Այս վեհաշուք կառոյցի ճարտարապետը Արամ Ալաջաջեանն է՝ հարազատ մի անուն բոլոր նրանց համար, ում աչքի առաջ են կառուցուել նրա նախագծած տարբեր շինութիւններ՝ ակումբներ, թատերասրահներ, վարչական շէնքեր, ճաշասրահային կառոյցներ ու բազմաթի առանձնատներ: Բայց այդ անունը շատ աւելի հարազատ է ինձ, քանզի նրա կառուցած ինքնատիպ շէնքերից զատ իմ աչքերի առաջ է նրա մանկութիւնն ու պատանեկութիւնը, նրա վազքը Հայաստան աշխարհի մի վանքից միւսը, դէպի Քասախի, Եղվարդի, Տեկորի, Երերուքի բազիլիկներն ու աղօթասրահները, դէպի Կարմրաւոր, Օհանավանք, Այրիվանք: Իմ աչքի առաջ անցան նրա ուսանողական տարիները, եւ նրա ջանասիրութիւնը տեսայ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետն աւարտելիս: Ես վկան եմ այն յարգանքի, որ նա տածում էր իր դասախօսների՝ Վարազդատ Յարութիւնեանի, Ջիմ Թորոսեանի, Ռոմէն Ջուլհակեանի հանդէպ:

Ոչ տարբերութիւններ եմ փնտռում եւ ոչ էլ նմանութիւններ՝ այստեղ կառուցուած վանքի եւ հայաստանեան վանքերի միջեւ: Պէտք էլ չէ, որ նմանեցնենք կամ տարբերենք իրարից, քանզի սա էլ իր ամբողջութեամբ ներկայացնում է բուն հայկական ճարտարապետութեան մի նմուշ: Ոչ մի խզում հայկականից. Վանքը, յարակից կառոյցները մէկ հայեացքով ընկալւում են որպէս մի ամբողջութիւն: Կաթնագոյն քարերով վեր յառնող այս կառոյցը նման է մի պալատի՝ համաչափ երկու թեւերի հաւասարակշռուած ու բարեշէն արտայայտչութեամբ: Սիրիական քարէ սալիկները, որոնք գեղարուեստական լուծումների հարուստ հնարաւորութիւն են հաղորդում ճակատների արտաքին տեսքին: Կայ կառուցողական արուեստի բարձր իմացութիւն եւ այդ իմացութեան դրսեւորում: Ես չեմ զարմանում տեսնելով, թէ ի՛նչ խանդավառութեամբ է Հայր Ռաֆայէլը շրջում վանականների ու կեցութեան համար նախատեսուած բնակելի սենեակներում, գրատանը, կենցաղային այլ շինութիւններում, ժողովասրահում, սեղանատանը, ապա կանգնում երկրորդ յարկի պատշգամբաձեւ առաջամասում ու հայեացքը յառնում հանդիպակաց կանաչ բարձունքներին:

Ներսը պարզ է, պարզութեան մէջ գեղեցիկ՝ երգչախմբի համար կառուցուած վերնասրահով: Տասներկու սիւն կայ ներսում: Բոլորը բազմանկիւն են, բացի մէկից, որ ճարտարապետն առանձնացրել է իբրեւ երախտագիտական պարգեւ Հայր Ռաֆայէլ Մինասեանին, այս հեռաւոր ափում հայկական վանք հիմնադրելուն ի պատիւ: Լոյսն ընկնում է գմբէթից, որ շերտաւոր ու ապակեպատ լուսանցոյցներ ունի: Դրանցից արեւի շողերը թափանցում են այնքան, որքան պէտք է խորանի խորհրդաւորութիւնը պահպանելու, երգեցողութեան հոգեւոր բնոյթը շեշտելու եւ մարդկանց ներշնչելու, որ հայեացքները չհեռացնեն աւագ խորանից, ուր Աստուածամօր նկարն է, կրտսեր խորաններից, ուր հասնում են երգչուհի Ռիմա Կարապետեանի անուշ շարականները, քառաձայն երգչախմբի հոգեթով կատարումները:

Հայր Ռաֆայէլը հաւատացած է, որ կրօնական այս հաստատութիւնը պիտի դառնայ հոգեւոր մշակոյթի մի կենտրոն, պիտի ոգեւորի հայութեանը՝ կազմակերպելու հանդիսութիւններ, յիշատակային-երաժշտական հաւաքոյթներ, յիշատակային-յոբելեանական երեկոներ: Այն հայ հայրենակիցների հաստատուն հանդիպավայրն է լինելու: Եկեղեցին Հայ Կաթողիկէ համայնքի լաւագոյն նուէրն է Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամեակին: 

Հայր Ռաֆայէլը անձնազոհ ու նուիրուած ծառայութեան մէջ է քրիստոնէական հաւատքի քարոզչական գործում: Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին բարձրացաւ այդ ծառայութեան շնորհիւ, եւ իզուր չէ, որ պատարագի աւարտին նրան շնորհուեց Ծայրագոյն վարդապետի աստիճան: 

Բացառիկ գնահատանքի արժանացողների թւում էր նաեւ եկեղեցու գլխաւոր ճարտարապետ Արամ Ալաջաջեանը. առ ի գնահատութիւն անթերի յատակագծի, կառուցուած շքեղ այս համալիրի՝ նրան շնորհուեց Յովհաննէս Պօղոս 2-րդ պապի՝ քրիստոնէութեան 2000-ամեակի բարձրագոյն շքանշան: Իր այս պարգեւը նա հաւասարապէս բաժանում է գործընկերների՝ ճարտարապետներ Սաքօ Մարկոսի, Հայկ Տիգրանեանի, Սմբատ Մելքոնեանի եւ հայրենի ճարտարապետ Ռոմէն Ջուլհակեանի միջեւ: Նրանց համատեղ աշխատանքն է իրաւունք տուել հայ համայնքին բարձրաձայն հաւաստելու. «Սա հայկական վանք է»: 

Նիւթը՝ «Նոր Հայաստան», «Նոր Օր»