image
Հրատապ լուրեր:

Էդուարդ Շահվերդյան. Այս եկեղեցին պետք է փրկվի

Էդուարդ Շահվերդյան. Այս եկեղեցին պետք է փրկվի

Օրերս աշակերտներին հետիոտն արշավ էի տարել, ու մի ցավալի պատմություն լսեցի: Վաղօրոք մշակված ծրագրում ընդգրկել էի նաև Ամրակից գյուղի ռուսական սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին: Օրն արդեն շուռ էր  գալիս, այնպես, որ հազիվ մթնշաղին հասցրեցինք  տեսնել այս հրաշագեղ հուշարձանը (ինքս էլ էի առաջին անգամ տեսնում):  Առանց չափազանցության ասեմ, որ տեսել եմ 100-ից ավելի տարբեր ճարտարապետական ոճերի ռուսական եկեղեցիներ, բայց  Աստծո կողմից մոռացված  այս անկյունի եկեղեցին, տեսածներիս մեջ բոլորից եզակին է, հետաքրքիրն ու աչք շոյողը: Եկեղեցու տարածքում հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ չեն տեղի ռուսները դիմում նավթառատ ու գազառատ Ռուսաստանին՝ նորոգելու այս հրաշքը: Եւ ահա, այստեղ էր, որ ես պատասխանից մնացի ապշած: «ԴԻՄԵԼ ԵՆ, ԵՎ ՔԱՆԻ ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ «հին ծեսի» Է ԱՍԵԼ ԵՆ՝  ՉԻ՛Ք»: Այս խտրականության իմաստը ես չհասկացա.  մի՞թե, լինելով էթնիկ ռուսների եկեղեցի,  նրանք չեն արժանանում այն հոգածությանը ու ուշադրությանը, այլ հանդիպում են դավանաբանական զզվելի պատճառաբանությունների... Ահա ինչքա՞ն  այլասերված պատասխան են ստացել օգնություն աղերսողները: 

Համացանցից արդեն հասկացել էի, որ հիշյալ հուշարձանը մեր ներքին տուրիզմի տեսարժան, շատ այցելվող  վայրերից է, ու վաղուց  մեզ համար էլ է դարձել թանկ: Գալիս ենք, տեսնում, հիանում, ու գնում: Բայց այսքանից հետո չեմ էլ կարողանում ասել, թե նորոգման գործը մենք ենք վերցնելու մեր վրա՝ ինքներս ունենալով նորոգման կարիք ունեցող բազմաթիվ եկեղեցիներ:

Անկախ ամեն ինչից՝ եկեղեցին պետք է փրկվի: Այն նաեւ մեր հարստությունն է, հայաստանյան գույնզգույն խճանկարի մի գունավոր սալիկը, այնպիսի գունավոր, որքան մեզ ծանոթ, մեր կողքին գտնվող տարբեր հավատքների կառույցները:

Էդուարդ Շահվերդյան-ուսուցիչ, Ալավերդի

 

Տեղեկություն եկեղեցու մասին

Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին ռուս-ուղղափառ եկեղեցի է՝ Հայաստանի Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թվականին, այլ տվյալներով՝ 1879 թվականին՝ ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաեւկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

Գործել է մինչեւ 1988 թվականը։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Գտնվում է վթարային վիճակում։ 2009 թվականին նրա մեջ գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի։

Հանրապետական նշանակության հուշարձան է, եկեղեցին պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին։

Եկեղեցուն հարավից կից է զանգակատունը։ Կառույցը քարաշեն է, տանիքը՝ փայտից։

Եկեղեցին կառուցվել է Ճարտարապետ Անդրեյ Ապլակսինի «Նեոռուսական ոճով»։