2016թ.-ի հուլիսի 14-ին մեր մեկ տարվա լռության ու անխոնջ աշխատանքի արդյունքը` մեր նոր ալբոմը, կհանձնենք ձեր զգայարանների դատին՝ համերգ-շնորհանդեսով, որպեսզի հենց առաջին ձեռքից ընդունեք այն:
Մեր «Նանե»-ն վերածնվեց, վերաոխվեց և անգամ վերակերպվելու ու իմաստափոխվելու իրավունք պահանջեց, ուստի՝ նոր ալբոմը որոշեցինք անվանել նրա նմանությամբ, բայց՝ արդեն Նա-ի ու Նե-ի՝ որպես առանձին միավորների, որպես մարդկության դիալոգի խորհրդանիշով:
Ուրեմն՝ մեծագույն ոգևորությամբ ձեզ ենք ներկայացնելու մեր նոր՝ երրորդ «ՆԱ ՆԵ» ալբոմը, որը բաղկացած է 9 հուժկու գեղեցիկ նոր երգերից, և Դոգմայի ձեռագրին հավատարիմ՝ այս ալբոմում նույնպես յուրաքանչյուր երգ մի նոր պատմություն է՝ ժամանակակից հայկական երաժշտության արարման ծես, իրեն հատուկ երաժշտական ոգով:
Մեզ համար մեծ պատիվ և ոգևորություն է հրաշալի մարդ և երաժիշտ ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻ մասակցությունը` որպես հատուկ հրավիրյալ երաժիշտ այս ալբոմում: Խորին շնորհակալ ենք Արտոյին, որ իր առանձնահատուկ ձեռագիրն ու ձայնը թողեց մեր «Գարունը» երգի մեջ:
Այս ալբոմում կլսեք նաև մի քանի այլ ծանոթ ձայներ. մեր նախկին թմբկահար ԴԵՐԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ երկխոսության մեջ մտավ «Գետակը» երգում, իսկ ՍԵՐԺ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ու ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ («Էդեն» խումբ) ձայնակցեցին մի զույգ երգերում:
Երգերը մաքրել-սրբելու, փայլեցնելու ու հնչեցնելու համար հսկայական ջանք ներդրեցին ՍԵՐԺ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ու ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ` հոգատար ընկերներ և սաունդ ինժիներներ, ում ջանքերը անգնահատելի են ու մեր շնորհակալությունն էլ՝ անհամար:
Իսկ ալբոմի արտաքին գեղագիտական տեսքն ու հմայքը մեծ համբերատարությամբ ու նրբանկատությամբ նկարեց-ստեղծեց ԱՐՏԱՇԵՍ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, ինչի համար հսկայական մարդկային շնորհակալություն ենք ասում:
Հոգեպես երջանիկ ենք ու շնորհակալ, որ շրջապատված ենք նման մարդկանցով ու ընկերներով, ովքեր մեզ ամեն քայլին սատարում և օգնում են Հայաստանի համար անհնարին թվացող երևույթները հնարավոր դարձնել:
Դուք նույնպես միացեք մեզ, եթե սիրում եք մեր երաժշտությունը և կարողացել եք այն անցկացնել ձեր միջով:
Անհամբեր սպասում ենք հուլիսի 14-ի մեր հանդիպմանը Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում, ժ. 20:00-ին:
Ամենայն ջերմությամբ՝
«Դոգմա»