Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդարանում տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը:
Ժողովը սկսուեց միասնական Տէրունական աղօթքով, որից յետոյ ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը թեմի հոգեւորականների եւ աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբութեանը եւ ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի հիմնադրման 90-ամեակի առիթով Վեհափառ Հայրապետի կատարած հովուապետական այցի մանրամասներին: Սրբազան Հայրը շեշտեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այս այցը մեծ ուրախութիւն եւ խանդավառութիւն է առաջացրել ԱՄՆ Արեւմտեան հայոց թեմում` զօրացնելով սերը եւ նուիրումը Ս. Էջմիածնի եւ Հայրենիքի հանդէպ: Նա վստահեցրեց, որ Վեհափառ Հայրապետի այցից յետոյ վերանորոգուած հաւատքով, նուիրումով եւ սիրով պիտի շարունակեն իրենց առաքելութիւնը` ի շահ Հայոց Եկեղեցու պայծառութեան եւ բարգաւաճման:
Այնուհետեւ ԳՀԽ անդամներին հայրապետական իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբութիւնը շեշտեց, որ հովուապետական այս այցի առանցքում հայ պատանիներն ու երիտասարդներն էին: Վեհափառ Հայրապետն ուրախութեամբ արձանագրեց, որ Հայրենիքից հեռու նրանց մէջ զօրաւոր են ազգասիրութիւնն ու եկեղեցասիրութիւնը, նախանձախնդրութիւնը հայոց լեզուի եւ մեր ազգային արժէքների պահպանութեան գործում: Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ Մեքսիկա կատարած հովուապետական իր անդրանիկ այցին, ուր իր օրհնութիւնը բաշխեց տեղի հայութեանը եւ միասնաբար աղօթեցին երկրաշարժից զոհուածների հոգիների հանգստութեան համար:
Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը յայտնեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանին, թեմական խորհրդի ատենապետ Տիար Ժոզեֆ Կանիմեանին, Արեւմտեան թեմի հոգեւոր սպասաւորներին եւ աշխարհականներին հովուապետական այցի ժամանակ ցուցաբերած ջերմ ընդունելութեան եւ հիւրընկալութեան համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորեց նաեւ ԳՀԽ նորընտիր կազմին` մաղթելով արդիւնաշատ եւ բեղուն աշխատանք:
Ժողովի նիստերն ատենապետեցին ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը եւ ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:
Օրակարգի հաստատումից յետոյ ընթերցուեց եւ հաստատուեց նախորդ` 2017 թ. մայիսի 16-17-ին գումարուած ԳՀԽ ժողովի արձանագրութիւնը:
Այնուհետեւ Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննարկեց ԳՀԽ կանոնադրութեան լրամշակուած նախագիծը, որը պատրաստուել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագոյն մարմինների կանոնադրութիւնների մշակման յանձնախմբի կողմից: Նախագծի վերաբերեալ անհրաժեշտ լուսաբանութիւններ տուեցին յանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը, Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը եւ իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր տիար Գեւորգ Դանիէլեանը: Ժողովականներն իրենց դիտարկումներն ու սրբագրութիւններն առաջարկեցին կանոնադրութեան յօդուածների վերաբերեալ: Գերագոյն հոգեւոր խորհուրդը որոշեց խմբագրական աշխատանքից յետոյ կանոնադրութեան նախագիծն առաքել թեմէր առաջարկութիւնների եւ դիտարկումների համար:
Ժողովին «դաւիդեանէ հիմնադրամի նախագահ եւ բարերար տիար Ասոյ Դաւիդեանը Գերագոյն հոգեւոր խորհրդին զեկուցեց Հայոց Եկեղեցու գործառնութիւնների բարելաւման ծրագրի ընթացքի ներկայ վիճակի վերաբերեալ: Նա տեղեկացրեց, որ նախապատրաստական փուլի աշխատանքներն արդէն աւարտուած են եւ առաջիկայ ամիսներին նա հանդիպումներ եւ հարցազրոյցնէր կ'ունենայ թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռում սպասաւորող մի շարք հոգեւորականների եւ աշխարհականների հետ: Այս առիթով ԳՀԽ անդամները գոհունակութիւն յայտնեցին տիար Ասոյ Դաւիդեանին կատարած աշխատանքի համար` յոյս յայտնելով, որ ուսումնասիրութեան արդիւնքները կը նպաստեն Հայոց Եկեղեցու գործառնութիւնների առաւել արդիւնաւէտ կազմակերպմանը:
ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ եւ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միաւորման ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը ժողովականներին ներկայացրեց «2018 թ. որպէս երիտասարդութեան տարիէ հռչակման տարում նախատեսուող ծրագրերի մանրամասները: Սրբազան Հայրը նշեց, որ տարուայ ամփոփումը կը լինի յուլիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նախատեսուած համընդհանուր ուխտագնացութիւնը: Տարուայ ընթացքում նաեւ կը կազմակերպուեն երիտասարդական ուխտագնացութիւններ թեմակալ առաջնորդների հետ դէպի Ս. Էջմիածին:
ԳՀԽ ժողովի ընթացքում համատեղ նիստ գումարուեց թեմական խորհրդի անդամների հետ, որի ժամանակ ԱՄՆ Արեւմտեան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանն ընդհանուր զեկոյց ներկայացրեց թեմի գործունէութեան եւ իրականացուող ծրագրերի մասին:
Ժողովի վերջաւորութեան Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ ԳՀԽ անդամների արդիւնաւէտ աշխատանքին` ի նպաստ եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման: Նորին Սրբութիւնն իր մասնաւոր գնահատանքն ու օրհնութիւնն ուղղեց նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդին եւ թեմական խորհրդի անդամներին` հովուապետական այցը եւ ԳՀԽ նիստերը հաւուր պատշաճի կազմակերպելու համար` առ Աստուած աղօթք յղելով թեմի պայծառութեան եւ հաւատացեալ ամերիկահայերի կեանքի բարօրութեան համար:
Ժողովն ամփոփուեց «պահպանիչէ աղօթքով: