Գերմանիայում «Ազգի» թղթակից Անահիտ Հովեսփյանը, հղում անելով գերմանական լրատվամիջոցներում տպագրված լուրերին, գրում է, որ ուրբաթ` հոկտեմբերի 23-ի գիշերը Բեռլինի S-Bahn-ի Քյոփենիկ կայարանի մերձակայքում ռասսիստական արտահայտություններով վիրավորել, այնուհետ մարմնական վնասվածք պատճառելով ծեծի են ենթարկել 29-ամյա հայ մի երիտասարդի: Ոստիկանության տվյալների համաձայն, մի մեծ խմբից անսպասելի առանձնացել են երկու հոգի եւ բռնություն կիրառել հայի նկատմամբ: Սկզբում հարվածել են, հետո աքացիների տակ առել, այնուհետ շշեր նետել. երիտասարդը կարողացել է պաշտպանվել, այնուհետ փախել է` պատսպարվելով դեռեւս բաց վաճառասրահներից մեկում, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն: Նախաբազկի, գլխի, ձեռքերի շրջանում ստացած վերքերը դարմանվել են բժիշկների միջամտությամբ: Հանցագործները փախուստի են դիմել: Բեռլինում հետաքննություն է սկսված:
Անահիտ Հովսեփյանի հարցմանը Բեռլինի ոստիկանության մամուլի պատասխանատուն, չնշելով հարձակման ենթարկված հայի անուն ազգանունը, տեղեկացրել է, թե նա երկքաղաքացիություն ունի` ԳԴՀ եւ ՀՀ քաղաքացի է: Ոստիկանության աշխատողը լրագրողին հայտնել է, որ հայի հասցեին հնչել է «Ետ դարձիր երկիրդ, այ դու Kanake»` Գերմանիայում ընդունված վիրավորական արտահայտությունը, որը, ըստ լրագրողի պարզաբանման, գերմանացիները գործածում են հարավ-արեւելաեւրոպական երկրներից Գերմանիա գնացած աշխատանքային ներգաղթյալներին հասցեին: Այն Գերմանիայում կիրառվում է արաբների, թուրքերի, քրդերի, պարսիկների նկատմամբ: