image

Բաքվի բռնապետական վարչակարգը Թալիշ աշխարհագրական անվանումն իսկ արգելքի տակ է պահում

Բաքվի բռնապետական վարչակարգը Թալիշ աշխարհագրական անվանումն իսկ արգելքի տակ է պահում

Վերջին շրջանում Իրանում կրկին ակտիվացել են խոսակցությունները այժմ Գիլան և Արդաբիլ նահանգների միջև բաշխված այս երկրի թալիշաբնակ շրջաններն անջատելու և Հարավային Թալիշ կամ Թալիշ աշխարհագրական անվանումով առանձին նահանգ կազմելու վերաբերյալ, որը կընդգրկի նաև թալիշերենին շատ մոտ կանգնած, սակայն առավելապես հարավային թաթերեն անվանումով հայտնի բարբառներով խոսող իրանական բնակչության մի հատվածի զբաղեցրած տարածքները ևս:

Բացի տնտեսական նպատակահարմարության խնդիրներ լուծելուց, ըստ նահանգի կազմավորման ծրագրի կողմնակից իրանցի մասնագետների՝ դրա ստեղծումը կարևորվում է հատկապես այն հանգամանքով, որ այն իր հյուսիսային հատվածով սահմանակից է լինելու Թալիշական խանության լուծարման և հետագա մեքենայությունների արդյունքում անկախ իրենց կամքից ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքում հայտնված թալիշներով բնակեցված շրջաններին, որոնք Իրանում ընդունված է կոչել Հյուսիսային Թալիշ:

Ընդ որում, ուշագրավ է, որ իրանցի որոշ գիտնականներ և փորձագետներ վերջին շրջանում Ադրբեջանի թալիշաբնակ շրջանները հաճախ նույնիսկ անվանում են «բռնազավթված Թալիշ» եզրույթով, այն դեպքում, երբ Բաքվի բռնապետական վարչակարգը Թալիշ աշխարհագրական անվանումն իսկ արգելքի տակ է պահում՝ այս երկրի թալիշաբնակ տարածքները պաշտոնապես բնորոշելով «Հարավային շրջան» լղոզված անվանումով:

Ստացվում է, որ Բաքվի բռնապետական վարչակարգին սպասարկող կեղծարարների կողմից շրջանառության մեջ դրված, այսպես կոչված, Հյուսիսային և Հարավային Ադրբեջանների «առասպելին» իրանական կողմը փորձելու է նաև հակազդել էթնիկական ու մշակութային իմաստով, ինչպես նաև պատմականորեն ու աշխարհագրորեն հիմնավորված Հյուսիսային և Հարավային Թալիշ հասկացություններն ակտիվորեն կիրառելով:

Վարդան Ոսկանյան, իրանագետ

Լուսանկարը` Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից