«Կառավարութիւնը ոչ մի բան չի ձեռնարկում, ինչ էլ որ արուել է այս ծնողների ջանքերի շնորհիւ է արուել։ Օրինակ, գերիների տուեալները ծնողներս ենք իմացել։ Մենք տուեալներ ունենք, որ 282 հաստատուած գերի ունենք»։ Այս մասին այսօր՝ 11 Փետրուարին, Կառավարութեան դիմաց լրագրողներու հետ զրոյցին ըսած է անհետ կորածի մայրը։
«Մեր բողոքի հաւաքի պահանջն այն է, որ գոնէ ՄԻԵԴ–ը դա հաստատի, որ կարողանանք յետ բերել մեր երեխաներին։ Այդ մասով ոչ մի աշխատանք չի կատարւում»,– նշած է մայրը։
Այն հարցին, թէ ուրկէ են գերիներու թիւին վերաբերեալ տուեալները, կինը ըսած է, որ ուսումնասիրած են ատրպէյճանական կայքերով եւ ընկերային ցանցերով տարածուած տեսանիւթերը եւ այսպիսի եզրակացութեան հասած։
«Յստակ իմ տղան նկարի մէջ չի երեւում, բայց հարսս կարողացել է նկարներով հագուստից համեմատելով հասկանալ, որ դա իմ տղան է։ Հասկանո՞ւմ էք, թէ ինչ աշխատանքներ են կատարուել մեր կողմից, իսկ ղեկավարութիւնը մեզ հանգստացնում է, որտեղ գնում ես, ասում են՝ աշխատանքներ են կատարուում, բայց աշխատանքը ո՞րն է, երբ որդուս մասին արդէն 113–րդ օրն է լուր չունեմ»,– ըսած է անհետ կորածի մայրը։