Երեկ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Պոլսում ծնված և բնակվող հայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի և թուրքական Dugus հոլդինգի միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի, հոլդինգը ստանձնում է Արա Գյուլերի լուսանկարչական ամբողջ արխիվի տնօրինումը, ինչպես նաև Ստամբուլի նշանավոր այն շենքը, որտեղ տեղակայված է լուսանկարչի հիմնած «Արա կաֆեն», և որտեղ ցուցադրվում է Արա Գյուլերի լուսանկարչական սարքերի հազագյուտ հավաքածուն: Այսօր թեման կրկին մնում է մամուլի ուշադրության կենտրոնում. զլմ-ները տեղեկացնում են, որ հայ լուսանկարչի արխիվը գնահատվել է 3 միլիոն դոլար, բարձր գներով են գնահատվել նաև Ստամբուլի հնագույն շենքերից մեկը, որտեղ սրճարանն է գործում և Գյուլերի իրերը, որոնք սրճարանի մաս են կազմում:
Սփյուռքահայ մամուլը գրում է, որ աշխարհահռչակ լուսանկարիչ Գյուլերը, որ ցանկություն էր հայտնել Հայաստանում ունենալ թանգարան և իր ժառանգությունը նվիրել հայությանը, հետաքրքրություն չտեսնելով հայկական կողմից, ի վերջո արխիվը հանձնեց թուրքական իշխանություններին մոտ կանգնած ընկերությանը:
87-ամյա լուսանկարիչը, սակայն, լեցուն է եռանդով և ըստ պայմանագրի, անձամբ հետևելու է իր լուսանկարների ճակատագրին, իսկ մինչ այդ, բարձր հոնորարով վարձատրվելու է Թուրքիայի ամենահարուստ ընկերություններից մեկի` Dugus հոլդինգի կողմից:
2013 թվականին Հայաստանում բացվել էր Արա Գյուլերի լուսանկարչական գործերի «Բարև Ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի բացմանը ներկա լուսանկարիչը հայտարարել էր, որ ցուցադրվող 100 աշխատանքները և ևս մի քանի աշխատանք ետ չեն տարվելու Թուրքիա և, որ դա իր նվերն է լինելու Հայաստանից: Հայաստանի Ազգային Պատկերասրահից «Արեւելքին» հայտնեցին, որ լուսանկարներն իսկապես մնացել են Հայաստանում և մի մասը մինչև հիմա ցուցադրվում է Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում: Հայաստանին նվիրված լուսանկարների շարքում կան բնանկարներ, դիմանկարներ, սակայն դրանց մեջ չկան համաշխարհային մեծերի` Գյուլերի ոսպնյակով արված դիմանկարներից:
Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Բերտրան Ռասելին, Պաբլո Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Մարկ Շագալին, Ալֆրեդ Հիչքոքին, Թենեսի Ուիլյամսին, Վիլյամ Սարոյանին, Սերգեյ Փարաջանովին, Մարիա Կալլասին, Բրիջիտ Բարդոյին, Սոֆի Լորենին, Ինդիրա Գանդիին և բազմաթիվ այլ աշխարհահռչակ անձանց: Նրա լուսանկարների մեծ մասը ցուցադրվել է Փարիզում, Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում և այլ քաղաքներում: Պիկասոյի` Գյուլերի արված լուսանկարը տպագրվել է Պիկասոյի 90-ամյակին լույս տեսած «Պիկասո. մետամորֆոզ և միասնություն» գրքի անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն հրատարակությունների շապիկին: Մինչ այժմ մեր հայրենակցի լուսանկարչական աշխատանքների մասին գրվել է մոտ 10 դոկտորական ատենախոսություն: