image

Անահիտ Քույրիկ. Պոլսահայ երաժշտի մահվան 19-րդ տարին

Անահիտ Քույրիկ. Պոլսահայ երաժշտի մահվան 19-րդ տարին

2003 թվականի այս օրը կյանքից հեռացավ Ստամբուլի «գույներից» մեկը՝ մարդաշատ վայրերում  ձեռնադաշնակ (ակորդեոն) նվագող հայուհին՝ Անահիտ Յուլանդա Վարանը կամ պարզապես Անահիտ Քույրիկը, ինչպես նրան անվանում էին Ստամբուլում: Վառ արտաքինով, կարմիր շրթներկով կին երաժշտին շատերն էին ճանաչում. նա պանդոկներում, սրճարաններում, նավերի վրա, զբոսաշրջիկային աշխույժ վայրերում  սպասված հյուր էր, որ հայտնվում էր իր անբաժան Hohner ապրանքանիշի ակորդեոնով եւ զանազան մեղեդիներով լցնում մարդկանց սրտերը: Կատարում էր հին ստամբուլյան տանգոներ, արհեստավորների երգեր, հայկական նվագներ, որոնք գրավում էին թե՛ տեղացիներին, թե՛օտարներին: 

Անահիտ Յուլանդա Վարանը ծնվել է հարուստ հայ ընտանիքում՝ Բեյօղլու շրջանի Թարլաբաշը թաղամասում՝ 1917 թվականին։ Նրա ավագ եղբայրը՝ «Ոսկե Աբեղա» մականունով,  նույնպես ճանաչված էր ժողովրդային խավերի շրջանում, իսկ այդ անվանումը ստացել էր քարոզիչ լինելու համար:

Նախնական կրթությունն Անահիտ Յուլանդա Վարանը ստացել է Թաքսիմի Անարատ Հղիության քույրերի հայ կաթոլիկ դպրոցում, այնուհետեւ ավարտել է Էսայեան հայկական վարժարանը: Երաժշտության հանդեպ սերը փոխանցվել է մորից: Անահիտը փոքրուց սիրահարված է եղել ակորդեոնին, երբ ամառներն ընտանիքի հետ անցկացնում էր Իշխանանց կղզիների մաս կազմող Հեյբելիադայում եւ այնտեղ լսում իրենց հարեւան հույն Յորգոյի ակորդեոնի նվագները: Նա մորը խնդրել է իր համար նույնպես ակորդեոն գնել: Այնուհետեւ գործիքին տիրապետելու դասեր է առել եւ ամբողջ կյանքում զբաղվել միայն ակորդեոն նվագելով: Անահիտ Քույրիկը դարձել էր Բեյօղլուի խորհրդանիշը, նկարահանվել է ֆիմերում, տեսահոլովակներում, Ստամբուլ այցելող արեւմտյան շատ հեռուստաընկերություններ իրենց հաղորդումների հերոսուհին էին դարձնում Անահիտին, նկարահանում նրա կյանքի պատմությունը:

 

 

 

Տիկին Անահիտն ամուսնացել է չորս անգամ: Առաջին ամուսինը հայ էր, որից երկու որդի ուներ, վերջին անգամ նա կրկին ամուսնացել է իր առաջին ամուսնու հետ, որն ակորդեոնի իր ուսուցիչներից մեկն է եղել: 

1980-ականների վերջին Թարլաբաշիում գտնվող նրանց տունը բռնագրավվել եւ քանդվել է, շատերը, այդ թվում նրանց ընտանիքը, փոխհատուցում չեն ստացել, եւ Անահիտը մինչեւ կյանքի վերջը բնակվում էր վարձով: Շատերը սակայն նրան գիտեին որպես Թուրքիայի նշանավոր Ծաղկյա պասաժի բնակչուհի, որովհետեւ Իստիկլյալ պողոտայի պատմական այդ պասաժում էր նա հիմնականում կատարում իր նվագները: Թուրքական մամուլը գրում է, որ տիկին Անահիտի՝ խոշոր ակնոցներով այդ հայուհու մահվան օրը լացում էին պասաժի բոլոր սրճարանատերերն ու Բեյօղլուի խանութպանները, որոնք հետո գումար հավաքեցին եւ բարեկարգեցին Շիշլիի հայկական գերեզմանատանը գտնվող նրա շիրիմը: