image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետութեան Արտաքին գործերի փոխնախարարի գլխաւորած պատուիրակութիւնը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետութեան Արտաքին գործերի փոխնախարարի գլխաւորած պատուիրակութիւնը

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի Հանրապետութեան Արտաքին գործերի փոխնախարար Իւլիան Ֆոտայի գլախաւորած պատուիրակութեանը: 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ Ադրբեջանի` Հայաստանի հանդէպ սանձազերծած ռազմական գործողութիւններին, որի արդիւնքում կան զոհեր, վիրաւորներ եւ ավերածութիւններ: Այս առնչութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յոյս յայտնեց, որ միջազգային հանրութիւնը միջոցնէր կձեռնարկի զսպելու Ադրբեջանի ագրեսիան` յանուն տարածաշրջանում խաղաղութեան հաստատման: 

Փոխնախարար Իւլիան Ֆոտան իր ցաւակցութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհուած հայորդիների կապակցութեամբ` վստահեցնելով, որ Ռումինիայի կառավարութիւնն ամէն ջանք կգործադրի նպաստելու տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը: Պրն. Իւլիան Ֆոտան յոյս յայտնեց, որ իր այցը Հայաստան կնպաստի երկու բարեկամ երկրների փոխյարաբերութիւնների առաւել խորացմանն ու սերտացմանը: 

Փոխնախարարը Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաեւ Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիէլ Պատրիարքի ողջոյններն ու բարեմաղթանքները:

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց երկու ժողովուրդների միջեւ առկայ դարաւոր ջերմ յարաբերութիւններին, ինչպէս նաեւ ռումինահայ համայնքի ներգրաւուածութեանը Ռումինիայի կեանքի տարբեր ոլորտներում եւ երկրի զարգացման գործընթացին: Հայոց Հովուապետն իր երախտագիտութիւնը յայտնեց Ռումիանիայի իշխանութիւններին եւ Ռումին Ուղափառ Եկեղեցուն ռումինահայ համայնքի եւ Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ դրսեւորուող  հոգատար վերաբերմունքի համար: