image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Յուլիան Ֆոտայի գլախավորած պատվիրակությանը։ 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ սանձազերծած ռազմական գործողություններին, որի արդյունքում կան զոհեր, վիրավորներ և ավերածություններ։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի զսպելու Ադրբեջանի ագրեսիան՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման։ 

Փոխնախարար Յուլիան Ֆոտան իր ցավակցությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Ռումինիայի կառավարությունն ամեն ջանք կգործադրի նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը։ Պրն. Յուլիան Ֆոտան հույս հայտնեց, որ իր այցը Հայաստան կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների առավել խորացմանն ու սերտացմանը։ 

Փոխնախարարը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների միջև առկա դարավոր ջերմ հարաբերություններին, ինչպես նաև ռումինահայ համայնքի ներգրավվածությանը Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և երկրի զարգացման գործընթացին: Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Ռումիանիայի իշխանություններին և Ռումին Ուղափառ Եկեղեցուն ռումինահայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ դրսևորվող  հոգատար վերաբերմունքի համար։