image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ի մօտ Լիբանանի նորանշանակ դեսպանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ի մօտ Լիբանանի նորանշանակ դեսպանը

Փետրուարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրա­գոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Լիբանանի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մայա Դաղերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհաւորեց տիկ. Մայա Դաղերին եւ բերեց իր բարեմաղթանքները: Այնուհետեւ, անդրադառնալով երկու երկրների միջեւ առկայ սերտ գործակցութեանը, Վեհափառ Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ դեսպանն իր առաքելութեան րնթացքում կը նպաստի առկայ բարեկամական փոխյարաբերութիւնների առաւել ամրապնդմանը:

Լիբանանի դեսպանը եւս խօսեց հայ-լիբանանեան յարաբերութիւնների պատմական ակունքների մասին` բարձր գնահատելով դրանց վրայ խարսխուած այժմեան համագործակցութիւնը:

Վեհափառ Հայրապետն ու դեսպան Մայա Դաղերն անդրադարձ կատարեցին նաեւ Լիբանանի հայ համայնքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Լիբանանում արաբ ժողովրդի բարեացակամ վերաբեր­մունքի շնորհիւ հայ ժողովրդի զաւակները կարողացան կարճ ժամանակահատուածում վերակազմակերպել իրենց ազգային, հոգեւոր-մշակութային կեանքը:

Լիբանանի դեսպանը նոյնպէս հաստատեց, որ Լիբանանի իշխանութիւնները հետամուտ են, որպէսզի հայկական համայնքն ազատօրէն պահպանի իր աւանդոյթներն ու կառուցի իր ազգային կեանքը: Նա փաստեց, որ հայ համայնքը մեծ ներդրում ունի երկրի կեանքի տարբեր բնագաւառներում:

Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Միջին Արեւելքում տիրող իրավիճակի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդիւնաւոր առաքելութիւն մաղթեց դեսպանին:

Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: