image

ԱՀԱԸ և ՀԱԵ Ստեփանակերտի կենտրոնի վերաբացումը

ԱՀԱԸ և ՀԱԵ Ստեփանակերտի կենտրոնի վերաբացումը

Կիրակի՝ նոյեմբերի 15-ին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 8 ծառայակից մեկնեցին Ստեփանակերտ՝ մաքրելու և վերականգնելու հրետակոծությունից մասնակի տուժած ԱՀԱԸ կենտրոնի, եկեղեցու և մանկապարտեզի շենքերը։

Խմբի կազմում էին վեր. Հովհաննես Հովսեփյանը, վեր. Ավետիք Խաչատրյանը, Հարութ Ներսեսսյանը, Վիկտոր Կարապետյանը, Արմեն Ստեփանյանը, Վահագն Քեշիշյանը, Արմեն Մովսիսյանը և Մանվել Ասատրյանը։ 
6 ժամվա ընթացքում թիմը մաքրեց շինությունը կոտրված ապակիներից ու պայթյունի բեկորներից, նեյլոնով պատեց ջարդված պատուհանները։ ՀԱԵ երկու հոգևոր հովիվներն առաջնորդեցին առաջին պաշտամունքը՝ սեպտեմբերի 27-ին պատերազմի սկզբից ի վեր։

Երկուշաբթի առավոտյան, ԱՀԱԸ Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը բացեց ընկերակցության գրասենյակը։ Ավետարանչականի բոլոր աշխատակիցները շուտով կվերադառնան ընկերակցության կենտրոններ Ստեփանակերտում, Ասկերանում ու Մարտակերտում։ ԱՀԱԸ Շուշիի աշխատակիցները կշարունակեն իրենց ծառայությունները Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտակերտի գրասենյակներում, մանկապարտեզներում ու «Շող» կենտրոններում։ Կարևոր է նշել, որ պատերազմի ընթացքում, ԱՀԱԸ Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը շարունակում էր ծառայել Արցախի բնակչությանը՝ այցելելով նրանց ռմբապաստարաններում՝ մատակարարելով սնունդ, դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ: