Շեքսպիրի Ծննդավայրի Հիմնադրամը (Shakespeare Birthplace Trust, www.shakespeare.org.uk) գրողին առնչվող տուն-թանգարանների հոգաբարձուն է նրա ծննդավայր Էյվոնի Սթրաթֆորդում` Լոնդոնից մոտ 120 կմ հյուսիս: Այն ունի նաև հսկայական գրադարան-արխիվ, ուր պահվում են ոչ միայն Շեքսպիրի առաջին՝ ֆոլիո (միածալ) կոչվող գրքերը, այլ նաև հետագայի տպագրություններն ու աշխարհի տարբեր անկյուններում լույս տեսած թարգմանությունները:
Հիմնադրամը (SBT) նախաձեռնել է բլոգ-հոդվածաշար մեծ դրամատուրգի գործերի՝ աշխարհի տարբեր լեզուներով իրենց մոտ պահվող թարգմանությունների մասին: Այսպիսով, կազմակերպությունը հանրահռչակում է իր խնամակալության տակ պահվող հսկայական հարստությունը և այն հասանելի դարձնում ավելի մեծ թվով շեքսպիրասերների: Ինչպես կյանքում շատ բաների, այս պատմության հիմքում էլ անհատ մարդկանց պատահական խոսակցություններն են:
Արդեն հայտնել ենք, որ Հիմնադրամի հոգածության ներքո գտնվող տներից մեկի՝ Շեքսպիրի դստեր ամուսնական տան տնօրենը հայուհի է՝ Անայիսը, որ լավ ծանոթ է դարձել: Նա բլոգաշարի մասին պատմեց՝ ավելացնելով, որ կուզենար Մեծ Եղեռնի ու Հայաստանի Առաջին եւ Երրորդ հանրապետությունների տոների առթիվ «Շեքսպիրը` hայերեն» խորագրով ակնարկ գրվեր: Հարցրեց՝ կօգնե՞մ հայերենն էլ այս բլոգաշարին մաս դարձնել: Բա չե՞մ օգնի: Ուրեմն ինքն էլ կծանոթացնի գրադարանավարուհու հետ, որ նշված նախագծի հեղինակն է:
Գրադարանավարուհին՝ արխիվացման մասնագետ, գրքապաշտ, հետաքրքրասեր ու բարեկիրթ գերմանուհի է: Հրավիրեց տեսնելու իրենց արխիվում պահված հայերեն օրինակները: Զմայլվեցինք խնամքով պահպանված գրքերով, զրուցեցինք հատկապես թարգմանությունների պատմական կոնտեքստի մասին, և թե ո՛րը որտե՛ղ է տպագրվել և ե՛րբ նվիրաբերվել:

Հիմնադրամի ունեցած ամենավաղ թարգմանությունները
Արխիվում պահվում են նաև Շեքսպիրյան Թագավորական Ընկերության՝ ազգային շեքսպիրյան թատրոնի սեփականություն հանդիսացող գրքերը:
(Թատերախումբը ևս կենտրոնացած է թատերագրի ծննդավայր այս քաղաքում, և ի տարբերություն տուն-թանգարանների՝ միտված է շեքսպիրյան ժառանգությունը բեմի միջոցով տարածելու):
1964 թ.-ից այս երկու հսկա, համաբրիտանական նշանակության կազմակերպությունների արխիվները միավորվել են՝ առանց խախտելու յուրաքանչյուրի սեփականության իրավունքը:
Ընթացքում պարզվեց, որ 1921-22 թթ. Վիեննայում հրատարակված պիեսները տպագրել են Վենետիկի Մխիթարյանները, և Անայիսը հիշեց, որ իր հեռավոր հարազատներից մեկը Միաբանությունում է ապրել ողջ կյանքում: Որոշվեց, որ իրենք կկապվեն վանականի հետ կամ իրենց կողմից կգրեն Վենետիկի «հայկական» կղզու մասին: «Շեքսպիրը` hայերեն» առաջին հոդվածը հատուկ թողարկվեց ապրիլի 24-ին (տեսեք այստեղ՝ https://www.shakespeare.org.uk/explore-shakespeare/blogs/shakespeare-armenian):
Ինձ բաժին ընկավ հավաքածուի մնացյալ գրքերի մասին գրելու բախտը: Այն հայալեզու ընթերցողին համապատասխան խմբագրմամբ ներկայացնում ենք ստորև, իսկ հոդվածը անգլերենով տեսեք այստեղ՝ https://www.shakespeare.org.uk/explore-shakespeare/blogs/armenian-translations:
______
Ծննդավայրի Հիմնադրամի և Թագավորական Ընկերության՝ թատրոնի, միացյալ հայալեզու արխիվը ընդգրկում է հազիվ 20 կտոր գիրք, և ամենևին էլ սպառիչ չէ (օրինակ, Սամվել Մկրտչյանի թարգմանած «Լուկրեցիայի պատվազրկումը», «Սոնետները» կամ Արամ Թոփչյանի թարգմանած «Համլետ»-ը, «Լիր Արքա»-ն չկան): Մենք մտադիր ենք լրացնել այս բացը, և հետագայում ընդգրկուն ռեպորտաժ պատրաստել Շեքսպիրի հայերեն թարգմանությունների և թարգմանիչների մասին:

Շեքսպիրի ընտանեկան գերբով զարդարված՝ Հ. Մասեհյանի թարգմանած երեք պիեսները ալ կարմիր շապիկներով
1800-ականների օրինակները, ինչպես օրինակ՝ 1892 թ. «Մակբեթ»-ը, տպագրվել են Թիֆլիսում՝ հաճախ Հովհաննես խան Մասեհյանի թարգմանությամբ՝ թարգմանված գերմաներենից ու ռուսերենից: Վերջին տպագրությունը 2012 թ. «Համլետ»-ն է՝ Հովհաննես խան Մասեհյանի թարգմանությամբ և Զավեն Բոյաջյանի խմբագրմամբ: Մասեհյանը, որը մինչ օրս մնում է ամենաբեղուն հայերեն թարգմանիչը, «Համլետը»լույս է ընծայել 1894 թ.-ին Թիֆլիսում, իսկ 1896 թ.-ին՝ «Ռոմեոն և Ջուլիետ»-ը:
Մասեհյանի կյանքի պատմությունը հայտնագործություն էր: Ծնվել է 1864 թ.-ին Իրանում և բացի պարսկերենից ու հայերենից, տիրապետել է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, արաբերենի և թուրքերենի: Թարգմանական կյանքից բացի, իբրև դիվանագետ, եղել է Իրանի դեսպանը՝ Լոնդոնում և Բեռլինում:
Առհասարակ, փոքրիկ այս հավաքածուն ուսումնասիրողին հուշում է հայերի և Հայաստանի նորագույն ժամանակների պատմության մասին: Թարգմանություններն ու վերահրատարակումները, նոր կամ դասական ուղղագրությամբ, արևելահայերեն կամ արեւմտահայերեն, հիմնականում արվել են խաղաղ, կայուն ժամանակաշրջաններում: Հատկապես գրքերը տպագրվել են սփյուռքում՝ ինչպես, օրինակ, «Անտոնիոս և Կլեոպատրա»-ն՝ 1911 թ.՝ Փարիզում:

2012 թ. «Անտարեսի հրատարակած «Համլետ-ը՝ Հովհաննես Մասեհյանի թարգմանությամբ և Զավեն Բոյաջյանի խմբագրմամբ
Մեծամասնությունը, բնականաբար, 20-րդ դարի Սովետական Հայաստանի ժամանակներից են: Այսպես, օրինակ, 1930-ականներից՝ «Օթելլո»-ն, «Վենետիկի վաճառականը» և «Մակբեթ»-ը (1933, 1934, 1936): Քառասունականներից ոչինչ չկա՝ թերևս զարմանալի չէ. պատերազմական տարիներ էին: Իսկ 1950-ականները բեղուն են երևում. 1953-155 թթ.-ին, Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ Երևանում հայերեն լույս է տեսնում Շեքսպիրի ընտիր գործերի երեքհատորյակը: Այս գրքերի շապիկի ներսում կարդացինք մի քանի ընծայագիր, բոլորը ռուսերենով, մեկը՝ «սովետական միության մի խումբ ուսանողների կողմից՝ ի հիշատակ մեծ անգլիացի դրամատուրգի տուն այցելության»: Ստալինի մահից 2 տարի անց, սառը պատերազմի տարիներին, երբ արտասահման էին թողնում եզակի դեպքերում, այն էլ հատուկ ծառայությունների աշխատողների ուղեկցությամբ, հետաքրիքր է թե այդ ի՜նչ բախտավոր խումբ է եղել...
Լուսանցքներում մեր զրույցը արևմտագերմանուհու հետ ցույց տվեց, թե որքան զարմանք և հետաքրքրություն են արթնացնում սովետական կարգերից բերված զուգահեռները: Արտասահմանցիներն, իհարկե, ընկալում են ոչ գեղարվեստական գրականության, հատկապես հասարակական գիտությունների՝ պրոպագանդիստական արժեքը: Բայց նրանց դժվար է հասկանալ, թե ինչու էր նախկինում պետության հսկողության տակ գեղարվեստական գրականությունը՝ թե՛ թարգմանական ոլորտը, թե՛ տպագրությունը, և որ կուսակցությունն էր որոշում, թե ո՛վ և քանի՛ օրինակով մասսայականացվի:
Մասեհյանի «Համլետ»-ը նորից լույս է տեսնում 1966 թ.-ին, իսկ 1970 թ.-ին՝ Դաշտենցի թարգմանած «Լիր Արքա»-ն, որից հետո՝ 1972-73 թթ. նրա «Շեքսպիր Քրոնիկներ» վերնագրով ժողովածուն:
Կարծես թե պատահականություն չէ, որ 1980-ականներից սկսած, մոտ երեք տասնամյակ բաց է մնում. ոչինչ չկա մինչև 2012 թ.-ի «Անտարես» հրատարակչության ձեռնարկած, վերը նշված «Համլետ» ողբերգությունը: Ութսունականներին Խորհրդային Միությունում տնտեսական ճգնաժամը խորանում էր, ինչը գրահրատարակման վրա էլ էր ազդել. նույնիսկ նախապես վճարված, դեռ տպվելիք գրքերի բաժանորդագրությունները սկսեցին չեղարկվել Մոսկվայից: Իննսունականներին էլ նորանկախ Հայաստանը գոյատևման պայքար էր տանում: Հուսադրող է այն, որ գրահրատարակչությունը Հայաստանում աշխուժացել է, և շուկա են մտել մրցակցությունն ու բազմազանությունը:
Լրագրողական մեր թիմով առաջիկայում պատրաստվում ենք կազմել Շեքսպիրի հայերեն թարգմանությունների ամբողջական ցուցակը և պակասող գրքերը նվիրաբերել Սթրաթֆորդի արխիվին: «Շեքսպիրը՝ հայերեն» մեր հետաքննությունը շարունակություն կունենա, որը կտեղադրվի նաև այստեղ: Ի դեպ, այս հոդվածի պատճենը, Հիմնադրամի խնդրանքով, կփոխանցվի իրենց արխիվին:
Նանե Վ.Հ.