image

Քաղաքագետ. Թուրքիան կրկին ցեղասպանություն գործելու փաստի առջեւ է կանգնած

Քաղաքագետ. Թուրքիան կրկին ցեղասպանություն գործելու փաստի առջեւ է կանգնած

«Թուրքիայում կատարվող դեպքերը մեզ համար նորություն չեն»,- «Արեւելքի» հետ զրույցում ասաց  քաղաքագետ Լեւոն  Շիրինյանը:  Քաղաքագետի  խոսքերով,  Թուրքիան ինչպես առաջ, այսօր էլ միջազգային հետաքրքրությունների առարկա է, եւ միջազգային ուժերը նրա կամ օգնում  կամ վնասում են: «Ես վստահ եմ, որ եթե նա միջազգային հովանավորություն չունենա,  չի մնա, կը փոխվի  եւ  կոչնչանա: Թուրքիան  դիտվում է իբրեւ քաղաքակրթությանը վնասող ուժ: Նա իր պետականությունը պահում է ագրեսիվ կերպով: Թուրք միջուկը` նախկին փաշաները, սուլթանները, գաղտնի ծառայությունները,  այդ պետությանը նվիրված են մինչեւ վերջ:  Ուր էր թե` մենք Հայաստանում ունենայինք այդպիսի մի ավանդական ուժ, որ գաղտնի կերպով պահեր մեր  պետությունը»:

 

 Քաղաքագետը,   խոսելով Թուրքիայի  հանդեպ հայերի  կեցվածքի եւ մտածողության մասին,   ասաց. «Թուրքիայով պետք է զբաղվեն հայ գիտնականները, ովքեր գիտեն հակամարտությունների տեսության գիտությունը, ինչպես նաեւ` մշակութաբաններ, հոգեբաններ: Թուրքիան ճաքած երկիր է, նրանք այդ ճեղքերը պիտի մեծացնեն, սա արդէն տարիների գործ է, գուցե` հարյուրամյակների, ուրեմն հոգեբաններ պիտի աշխատեն, իսկ պատմաբաններին պիտի առաջարկվի սրբագրել Հայաստանի քաղաքական պատմությունը: Սովետական պատմությունը չի կարող լինել մեր պատմությունը:  Ընդհանրապես մեր պատմությունը պիտի դիտվի անկախության, հավերժական պայքարի պատմություն, որովհետեւ նույնիսկ Իսրայել Օրին, ում  ռուսական կողմնորոշում է վերագրվում, իրականում   որոնում էր հովանավոր պետություն, որը կօգներ, որ մենք մեր անկախությունը վերականգնեինք:  Հավասարակշռությունն անընդհատ փոփոխվում է, պետք է համարժեք լինենք այդ հավասարակշռության առաջացրած հիմնախնդիրներին,  գործենք այնպես,  ինչպես   ժամանակին Ռուբեն Տեր-Մինասյանը, Համո Օհաջանյանն էին գործում,  այնպես, ինչպես Խատիսյանն էր մտածում. նրանք Հայաստանի համար էին կռվում»:

 

Անդրադառնալով Անկարայում      վերջերս կատարված ահաբեկչությանը` Լեւոն Շիրինյանն ասաց.  «Դերը,  որ ստանձնել են,   վստահ եմ`  թուրքական գաղտնի ծառայություններն են ստանձնել:  Սուլթան Համիդն էլ, հայության մասին ամեն մի հարց, սպանդով  էր վերջացնում:  Ոչինչ չի փոխվել»:

 

 Խոսելով պոլսահայության  խնդիրների մասին` մեր զրուցակիցը նշեց.  «Պոլսո հայությունը չեզոք եւ զգույշ պետք է լինի, որովհետեւ այդ  պետությունը քանդել չեն կարող, ոչ էլ կարող են գործոն դառնալ, դրա համար պոլսահայությունը  պետք է աճի քանակապես, մշակութապես մնա հայ:  Եթե իրենք կարողացան պահել հայկական մշակութային ժառանգությունը, կարողանան նպաստել  Արեւմտյան Հայաստանում եւ  Կիլիկիայում քաղաքակրթության հետքերի պահպանմանը, ապա  դա արդեն պատմական մեծ  ծառայություն  կլինի:  Թող աշխատեն զոհ չլինել, որովհետեւ իրենք այդ պետությունում  իրավատեր են:  Թուրքը սա շատ լավ  գիտի եւ աշխատելու է այդ հարցը  փակել: Պետք է թույլ չտան»:

Մեր զրուցակցի կարծիքով, հայ-թուրքական հարցերում շատ մեծ անելիք ունի հատկապես հայ մտավորականությունը.  «Մենք  արագ պիտի գործենք, թուրքական վերնախավի ուղեղում   քաղաքական, ռազմական  անվստահության բջիջներ տեղավորենք, որ իրենք ոչնչի չեն հասել: Պետք է հասկացնել Թուրքիային`  դու ցեղասպանության գյուտարար ես, ոչ մի հերոսություն չես կատարել, եւ այսօր էլ կրկին հանցանքի ճանապարհին ես: Այսօր Թուրքիան կանգնած է կրկին ցեղասպանություն գործելու փաստի առջեւ»: