image
Հրատապ լուրեր:

Պրոֆեսիոնալ հայ լրագրողը ռազմական լրագրության իր փորձն է ուզում փոխանցել հայաստանցի գործընկերներին

Պրոֆեսիոնալ հայ լրագրողը ռազմական լրագրության իր փորձն է ուզում փոխանցել հայաստանցի գործընկերներին

Օրերս Կանադայում բնակվող հայաստանցի լրագրող Լևոն Սևունցը GoFundMe  հանրային դրամահավաքի  առցանց հարթակում  հանդես է եկել ուշագրավ մի նախաձեռնությամբ: Նախկինում պատերազմական  և մի քանի այլ թեժ գոտիներում (Աֆղանստան, Արցախ, Վրաստան, Դարֆուր) աշխատած լրագրողը ցանկանում է, որ  ռազմական դաշտում աշխատող հայաստանցի իր գործընկերները, ինչպես առաջատար երկրների լրագրողները, նույնպես ապահովված լինեն զրահաբաճկոններով, պաշտպանիչ սաղավարտներով, բժշկական օգնության պարագաներով և նման վայրերում աշխատելու համար անհրաժեշտ ժամանակակից գիտելիքներով: Նախաձեռնած դրամահավաքի արդյունքում հավաքվելիք գումարով Լևոն Սևունցը հայաստանցի լրագրողների համար գնելու է 10  զրահաբաճկոն, 10 սաղավարտ, բժշկական առաջին օգնության պարագաներ պարունակող նույնքան պայուսակներ: Լևոնը պատրաստ է նաև նախաձեռնության շրջանակներում մեկշաբաթյա  դասընթացներ կազմակերպել հայաստանցի լրագրողների համար: 2001 թվականի նոյեմբերի 11-ին դեպի  Աֆղանստան  իր առաջին գործուղման ժամանակ Լևոն Սևունցն իր հինգ գործընկերների հետ հայտնվել է թալիբների ծուղակում, ինչի հետևանքով կորցրել է իր երեք գործընկերներին:

Կանադաբնակ լրագրողն անձամբ է մահացած գործընկերներից մեկի՝ ֆրանսիացի լրագրող Ժոան Սուտոնի մարմինը հանել մարտադաշտից. «Ես այլևս գործընկերներ չեմ ուզում կորցնել»,-«Արևելքի» խնդրանքով մեկնաբանելով իր քայլը,  ասաց Լևոն Սևունցը: Նա  դիմել է  իր գործընկերներին, ծանոթներին ու ընկերներին՝ աջակցել, որ առաջնագիծ մեկնող հայաստանցի լրագրողների ֆիզիկական անվտանգությունն ապահովված լինի  մարտի դաշտում:

«Դուք կարող եք դառնալ պահապան հրեշտակները այն լրագրողների, որոնք, վտանգելով իրենց կյանքը, մարտի դաշտից ձեզ լուրեր են հաղորդում»,-դրամահավաքի կայքում գրել է Լևոն Սևունցը, նշելով, որ նորից ակտիվացել է  արցախյան հակամարտությունը, որին ինքը, իբրև լրագրող, բախվել է դեռևս 1990-ականներին, երբ նոր էր սկսում լրագրողի իր գործունեությունը:

Ուստի նախաձեռնությունը, ինչպես նշել է կանադաբնակ լրագրողը, անմիջապես կապ ունի իր հետ, ինչպես նաև իրեն հարազատ է որևէ քայլ,  որը վերաբերվում է լրագրողների ապահովությանը:  «Եկել է պահը՝ «ձեռքերը ծալած չնստելու»,-մեզ հետ զրույցում ասաց նա:   

«Արևելքին» Լևոն Սևունցը հայտնեց նաև, որ հետևում է հայ լրագրողների աշխատանքին և ինքն էլ,  որպես պատերազմական գոտում աշխատած լրագրող, հպարտություն է ապրում՝ տեսնելով  հայաստանցի իր գործընկերների անձնուրաց հերոսությունն ու պրոֆեսիոնալիզմը: «Մեր լրագրողները մեր զինվորների նման ապացուցեցին, որ պատրաստ են շատ դժվար պայմաններում, անձնատուր կերպով իրենց պարտքը կատարել: Միևնույն ժամանակ ապրիլյան չորսօրյա պատերազմը  ցույց տվեց, որ ոչ միայն մեր բանակը, այլև մեր լրագրողները ժամանակակից պաշտպանական գործիքների մեծ կարիք ունեն: Շատ եմ անհանգստանում, երբ տեսնում եմ մեր լրագրողներին առաջնագծում՝ առանց տարրական  ապահովական հնարքների, առանց ժամանակակից զրահաբաճկոնների, առանց բժշկական օգնության պաշարների: Մի բան, որ արևմտյան լրատվամիջոցները առաջինն են ապահովում՝ առաջնագիծ գործուղվող իրենց լրագրողների համար»,-ասում է կանադական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներում աշխատած հայ պրոֆեսիոնալ լրագրողը:

GoFundMe  քրաուդֆանդինգի հարթակում Լևոն Սևունցը հրապարակել է այն հանդերձի ու ապահովության միջոցների օրինակը, որ CBC-ն՝ Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիան տրամադրում է լրագրողներին՝ Իրաք գործուղելուց առաջ:

 

CBC-ն այսպես է «զինում» Իրաքում աշխատող իր լրագրողներին


Այս պահին արդեն նշված նախաձեռնության իրագործման համար $1,193  է հավաքվել: Ողջունելով Լևոն Սևունցի առաջարկը՝  մեկ օրվա ընթացքում գումարներ են նվիրաբերել 18 հոգի՝ տարբեր երկրներից:  Ձեռք բերվելիք հանդերձն ու պարագաները, ինչպես մեզ տեղեկացրեց Լևոն Սևունցը, հասանելի են լինելու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, իսկ նրանց օգտագործման հարցերը կարգավորելու է հայաստանցի ճանաչված լրագրողներից կազմված մի փոքրիկ խումբ:


Հ.Գ.-Լևոն Սևունցը հայ գրող Գարեգին Սևունցի թոռն է: Գարեգին Սևունցը նույնպես իր մասնակցությունն է ունեցել պատերազմին (1940-ականներ): Առաջին օրվանից մեկնելով ռազմաճակատ՝ նա Կովկասյան լեռներում ձեռնամարտի է բռնվել գերմանացի ալպիական հատուկ ջոկատայինների հետ, մասնակցել է Կերչի ազատագրմանը: Գրել է «Թեհրան» նշանավոր երկհատորանոց վեպը՝ Իրանում հակաիմպերալիստական պայքարի մասին: Սևունցը իբրև հակահետախուզական սպա ծառայել է Պարսկաստանում՝ 1943-45 թվականներին և վեպում նկարագրել է նաև  Թեհրանի հայ համայնքի կյանքը: 1952-ին լույս տեսած «Թեհրանը» գրականագետները համարում են հայ գրականության բացառիկ ստեղծագործություններից մեկը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և դարձել այդ տարիների  «բեսթսելլերը»: Խնձորեսկցի գրող Գարեգին Սևունցի մեկ այլ՝ «Գերիներ» վեպը կարելի է համարել նոր ժամանակների հայ ռազմական գրականության գլուխգործոցը:

Իսկ գրողի՝ բազմաթիվ պատերազմական գոտիներում աշխատած  և առայժմ լրագրողական նյութեր գրող թոռը՝ Լևոն Սևունցը, դեռ կգրի իր կյանքի վեպը:  

 

Հայ գրող Գարեգին Սևունցը՝ 1943թ.-ին, լուսանկարը՝ Լևոն Սևունցի ֆեյսբուքյան էջից