image
Հրատապ լուրեր:

Մհերը լրագրության մեջ ինձ առաջին քաջալերողներից մեկն էր. Լևոն Սևունցը՝ Մհեր Դավոյանի մասին

Մհերը լրագրության մեջ ինձ առաջին քաջալերողներից մեկն էր. Լևոն Սևունցը՝ Մհեր Դավոյանի մասին

Գրող, հրապարակախոս, խմբագիր Մհեր Դավոյանի մահվան լուրը ցնցել ու վշտացրել է նրա բոլոր ընկերներին, նրան ճանաչող մարդկանց, Մհերի հետ թեկուզ  կարճ առնչություն ունեցած յուրաքանչյուրին:

Կանադայում ապրող լրագրող Լևոն Սևունցը, որ նույնպես ճանաչել է Մհերին, խոր վշտով է տեղեկացել  սիրելի ընկերոջ, գործընկերոջ մահվան մասին…

«Արևելքի» հետ զրույցում Լևոն Սևունցը հիշում է, որ Մհերին ճանաչել է դեռևս ուսանողական տարիներից, երկուսն էլ սովորել են համալսարանի արևելագիտական ֆակուլտետում, և չնայած, Մհերը Լևոնից մեծ էր մի քանի տարով, բայց, ինչպես ընդունված էր 1980-ականների վերջին տարիների ուսանողական կյանքում, բոլոր ուսանողները միմյանց հետ առանձնակի ջերմությամբ էին կապվում, հետագայում այդ ընկերությունը շարունակվում էր նաև համալսարանն ավարտելուց հետո:


Մհեր Դավոյանը՝ «Մունետիկի» խմբագիր, լուսանկարը՝  Գերման Ավագյանի


Համալսարանն ավարտելուց հետո, ինչպես հիշում է Լևոնը, Մհերի հետ հանդիպել ու շփվել է «Գիտելիք» ընկերության  շենքում, ուր Մհերը խմբագրում էր իր հայտնի «Մունետիկ» նորաստեղծ թերթը, իսկ Լևոն Սևունցն էլ, իբրև Ազատ Արշակյանի հիմնած Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, պատմում է, որ «Գիտելիք» ընկերության շենքում գրասենյակ էին գրավել, Ազատի հետ ջոկատ էին կազմել, ու հաճախ հենց գրասենյակից էին զորավարժությունների կամ սահման գնում:

«Մի օր Մհերն ինձ տեսավ զինվորական համազգեստով, ծիծաղեց և ասաց՝ Լևոն, էս ֆիդայի՞ ես դարձել...

Ես ճիշտն ասած շատ ամաչեցի, քանի որ չէի սիրում, որ իմ ծանոթներն ինձ համազգեստով տեսնում էին, բայց ես սահման էի գնալու (Խնձորեսկ կամ Կոռնիձոր, լավ չեմ հիշում): Մհերը սկսեց հարցուփորձ անել, ու որ իմացավ ուր եմ գնում,  խնդրեց, որ իր համար  մի նյութ գրեմ: Ես համաձայնվեցի միայն մի պայմանով, որ անունս չտպվի, քանի որ ռուսական դպրոց էի գնացել, ու չնայած հայկական բաժնում էի սովորում, սական գոհ չէի իմ հայերենի մակարդակից  ամաչում էի, որ բարձր մակարդակով չգիտեի հայերենը: Այդպես, երբ վերադարձա սահմանից ու մի փոքր նյութ գրեցի, Մհերը շատ հավանեց, ու քաջալերեց, որ անպայման շարունակեմ  գրել,  ու ամեն անգամ սահման գնալուց փոքր նյութեր էի ուղարկում,  այդպես նա դարձավ լրագրության մեջ իմ առաջին գնահատողներից եւ իմ առաջին քայլերը խրախուսողներից մեկը»,-հիշում է հետագայում լրագրության ճանապարհն ընտրած և այսօր Կանադայում հայտնի հայազգի լրագրողը...

 

Լուսանկարում՝ Լևոն Սևունցը, Աֆղանստանում, 2005 թ.