«Սիվիլնեթին» տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հայ համայնքն ինչպէ՞ս է գնահատում ռուսական օդային հարվածները՝ Սիրիայում, հաշվի առնելով, որ դրանք ուղղված էին ոչ միայն «Իսլամական պետությանը», այլեւ սիրիական ընդդիմադիր ուժերին,Հալեպում բնակվող հրապարակախոս Մանվել Քեշիշյանն ասել է. «Հայ համայնքն ուրախությամբ է դիմավորել ռուսական օդուժի հարվածները: Գիտե՞ք ինչ: Հայ համայնքը վախենում է, սարսափում է գալիք անորոշությունից, ծայրահեղ իսլամիզմից, մանավանդ, դժբախտաբար, տեսնում է, շոշափում է զինյալ ընդդիմադիրների մեջ ծայրահեղ իսլամության շարքերի ուռճացումը»: Մանվել Քեշիշյանը նշել է, թե զինյալ բոլոր խմբավորումների պարտությունը գերադասելի է հայերի համար: «Թեեւ մենք ոչ մի սիրիացու թշնամին չենք եւ ուզում ենք, որ ժամ առաջ գա խաղաղությունը` մեր սիրելի ասպնջական երկրում, որի բոլոր համայնքների անխտիր վստահությունն ու համակրանքը նախկինում շահել ու վայելել ենք եւ մեր վարքով արժանի ենք այդ վստահության պահպանմանը, չնայած նրան, որ ոմանք մեզ կողմնակալ են համարում:
Մենք, որպես հայ անհատներ, կարող ենք իրարից տարբեր կարծիքներ եւ դիրքորոշումներ ունենալ, սակայն, որպես հավաքականություն, մեր միակ ցանկությունը համասիրիական հաշտությունն է»,- հարցազրույցում ասել է Մանվել Քեշիշյանը: