Լուսավոր, պարզ, բարի, անկեղծ. ահա, այսպես կարելի է ներկայացնել սիրիահայ Թամար և Բաղդասար Սարգսյանների ընտանիքը: Այս լուսավոր ու ջերմ ընտանիքում մեծանում են երեք հրաշք բալիկներ` հնգամյա Ալեքսը, յոթ տարեկան Գևորգը և վեց ամսական Լիաննան:
Ընտանիքը Հալեպից Հայաստան է տեղափոխվել ուղիղ երեք տարի առաջ: Բնակվում են վարձով և արդեն երրորդ տունն են փոխում. սրանից առաջ Բաղրամյան 2-րդ փակուղու վրա էին ապրում.
«Եթե մենք մեր սեփական տունն ունենանք, մեր օրվա հացը կհանենք, ուրիշ բան չենք ուզում»,-«Արեւելքի» հետ զրույցում ասում է 40-ամյա Թամարը:
Թամարը ժպտերես կին է` լազուր աչքերով, որդիներից մեկը մոր նման կապուտաչյա Է: Երիտասարդ այս կինը հասցրել է բազմաթիվ դժվարություններ տեսնել, «ճաշակել է» կյանքի և պատերազմի հասցրած վերքերը: 12 տարի երեխա չեն ունեցել, հետո ծնվել է Գևորգը, այնուհետև` Ալեքսը: Աղջիկը Հայաստանում է ծնվել` յոթ ամիս առաջ:
Ընտանիքը մինչև այժմ ունի Հայաստանում հարմարվելու խնդիր: Թամարն առաջինը նշում է լեզվի խնդիրը` տեղացիները շատ են ռուսերեն բառեր «խառնում» խոսքին. «Սկզբից դժվարությամբ էի հասկանում, խնդրում էի կրկնել, նեղվում էին, կոպիտ պատասխանում: Ես էլ նրանց կոպտությունից էի նեղվում»:
Թամարի ամուսինը` Բաղդասարը կահույքագործ է: Հալեպում հայտնի արհեստագործ է եղել, ունեցել է սեփական գործը: Բավականին լավ էին ապրում: Չնայած Հայաստանում ամուսինը երբեք անգործ չի նստել, բայց մշտական աշխատանք չունի: Երբ նոր էին տեղափովել Հայաստան, Բաղդասարի եղբայրը, որն ապրում էր Դուբայում, առաջարկել է Բաղադասարին, որ տեղափոխվի Դուբայ: Քանի որ ընտանիքը երկու տարի հետո միայն կարող էր միանալ նրան, Բաղդասարը մերժել է առաջարկը:

Հայաստանում ապրելու առաջին տարին ընտանիքին օգնել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Իմ այն հարցին՝ դիմե՞լ են սփյուռքի նախարարություն, Թամարը պատասխանում է` մի երկու անգամ դիմել ենք, բայց բացասական պատասխան ստանալուց և կոպիտ վերաբերմունքից հետո, ընդհանրապես նորից դիմելու ցանկությունը կորել է: Այժմ ընտանիքը 35000 դրամ նպաստ է ստանում:
«Երբ Հայաստան եկանք, փորձեցի աշխատանք գտնել, մի քանի ամիս աշխատելուց հետո դուրս եկա, որովհետև աշխատավարձը քիչ էր և երեխաներին խնամող չկար»,- հիշում է Թամարը:
Դժվարություններ դժվարությունների հետևից ճաշակած ամուսիններին հաջորդ փորձությունն էր սպասվում: Թամարն արցունքը աչքերին է հիշում այն օրը, երբ կրտսեր որդին` Ալեքսը, արթնանալուց հետո մորն ասում է, որ ոչինչ չի տեսնում և չի կարողանում շարժվել: Թամարը չի կարողանում նկարագրել, թե ամուսիններով ինչ սարսափելի զգացում ունեցան, երբ լսեցին ախտորոշման մասին` պարբերական հիվանդություն կամ ինչպես ժողովուրդն է ասում`երևանյան հիվանդություն: «Երբեք չէինք լսել նման հիվանդության մասին, գաղափար չունեինք՝ ում դիմել, ումից օգնություն սպասել»,- պատմում է Թամարը:
15 օր երեխայի հետ պառկել են Արաբկիր բժշկական կենտրոնում: Առաջին մեկ շաբաթը ահավոր դժվար ու ծանր է եղել ծնողների համար, անսպասելի լուրը ընկճվածության մեջ էր գցել ոչ միայն մեծերին. փոքրիկ Ալեքսը մինչև այժմ չի կարողանում ազատվել վախի զգացումից: Անուհետև Թամարի համար զարմանալի էր բուժքույրերի կոպիտ վերաբերմունքը. «Հիմնականում ռուսերեն էին խոսում կամ ռուսերեն բառեր էին խառնում հայերենի հետ, ոչինչ չէի հասկանում, խնդրում էի կրկնել, կոպտում էին: Մինչև նորից օգնության ձեռք մեկնեց Նարինե Դավթյանը»:
Նարինե Դավթյանին իրավամբ կարելի է սիրիահայերի պահապան հրեշտակ կոչել: Տասնյակ սիրիահայ ընտանիքների է անշահախնդրորեն օգնել տիկին Նարինեն, որ «Օգնենք սիրիահայերին» խումբ է բացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում և իր ու ընկերների օգնությամբ հանգանակած գումարներով և անհրաժեշտ իրերով օգնում է տարագիր դարձած և անօգնական վիճակում հայտնված հայրենակիցներին:
Տիկին Նարինեի հայտնվելը Թամարի ընտանիքի կյանքում բախտորոշ էր: Ընտանիքն այն վիճակում էր, որ ոչ միայն գումարի, այլև հոգածության կարիք ուներ: «Տիկին Նարինեն այն լուսավոր կետն ու հավատն է, որ մեզ պահում է այստեղ հայրենիքում»,- ասում է Թամարը և նշում, որ Նարինե Դավթյանի շնորհիվ են լուծվել հիվանդանոցային ծախսերը:
Թամարին տանը օգնում է մայրը` տիկին Թագուհին: 64-ամյա Թագուհին իր ամուսնու` Թորոսի հետ երկու տարի է՝ Հայաստանում են, ապրում են «Առաքելություն Հայաստան» հ/կ-ի տրամադրած կացարանում: Տիկին Թագուհու ներկայությունը Թամարի համար շատ կարևոր է. երբ Ալեքսը հայտնվեց հիվանդանոցում, տանը մնացած փոքրիկների խնամքը մնաց տատիկի ուսերին:

Թամարի ընտանիքը ոնց որ մի պուտ արև լինի առօրյա մռայլության ու գորշության մեջ, որովհետև բոլորը` սկսած յոթ ամսական Լիանայից, վերջացրած Ալեքսով ժպտում են քեզ: Թամարի համար գլխավոր խնդիրը որդու` Ալեքսի առողջությունն է և սեփական բնակարան ունենալը. «Մնացածն ընթացքում կլինի»,- ասում է Թամարը: Սարգսյանների ընտանիքը հայրենիքը լքել չի պատրաստվում, արդեն ՀՀ քաղաքացի են: Թամարը շոկ է ապրել, երբ ասել են, որ տղայի հիվանդությունը կարող է պատճառ դառնալ ու նրան բանակ չտանեն: Երևույթը որպես դրական ներկայացնող մարդկանց մտածողության վրա մինչև հիմա նա զարմացած է:
Թամարի լավատեսությունն ինձ էլ է անցնում, ու ես պատկերացնում եմ, թե ինչպես է, նաև բարի մարդկանց շնորհիվ, իրականություն դառնում նրանց սեփական բնակարան ունենալու երազանքը, բնակարանի համար բարի մարդիկ գումար են հավաքում, և երեք հրաշքներն իրենց բարի ու ժպտերես ծնողների հետ, ուրախ ու երջանիկ, ապրելու են հայրենի հողի վրա:
Սահականուշ Արոյան