image
Հրատապ լուրեր:

Կյանքի եւ պատերազմի դժվարությունները «ճաշակած», բայց հաստատուն՝ հայրենի հողի վրա. Սիրիահայ Սարգսյանները չեն պատրաստվում ետ վերադառնալ

Կյանքի եւ պատերազմի դժվարությունները «ճաշակած», բայց հաստատուն՝ հայրենի հողի վրա. Սիրիահայ Սարգսյանները չեն պատրաստվում ետ վերադառնալ

Լուսավոր, պարզ, բարի, անկեղծ. ահա, այսպես կարելի է ներկայացնել սիրիահայ Թամար և Բաղդասար Սարգսյանների ընտանիքը: Այս լուսավոր ու ջերմ ընտանիքում մեծանում են երեք հրաշք բալիկներ` հնգամյա Ալեքսը, յոթ տարեկան Գևորգը և վեց ամսական Լիաննան:

Ընտանիքը Հալեպից Հայաստան է տեղափոխվել ուղիղ երեք տարի առաջ: Բնակվում են վարձով և արդեն երրորդ տունն են փոխում. սրանից առաջ Բաղրամյան 2-րդ փակուղու վրա էին ապրում.

«Եթե մենք մեր սեփական տունն ունենանք,  մեր օրվա հացը կհանենք, ուրիշ բան չենք ուզում»,-«Արեւելքի» հետ զրույցում ասում է 40-ամյա Թամարը:

Թամարը ժպտերես կին է` լազուր աչքերով, որդիներից մեկը մոր նման կապուտաչյա Է: Երիտասարդ այս կինը հասցրել է բազմաթիվ դժվարություններ տեսնել, «ճաշակել է» կյանքի և պատերազմի հասցրած վերքերը: 12 տարի երեխա չեն ունեցել, հետո ծնվել է Գևորգը, այնուհետև` Ալեքսը: Աղջիկը Հայաստանում է ծնվել` յոթ ամիս առաջ:

Ընտանիքը մինչև այժմ ունի Հայաստանում հարմարվելու խնդիր: Թամարն  առաջինը նշում է լեզվի խնդիրը` տեղացիները շատ են ռուսերեն բառեր «խառնում» խոսքին. «Սկզբից դժվարությամբ էի հասկանում, խնդրում էի կրկնել, նեղվում էին, կոպիտ պատասխանում: Ես էլ նրանց կոպտությունից էի նեղվում»:

 

Թամարի ամուսինը` Բաղդասարը կահույքագործ է: Հալեպում հայտնի արհեստագործ է եղել, ունեցել է սեփական գործը: Բավականին լավ էին ապրում: Չնայած  Հայաստանում ամուսինը երբեք անգործ չի նստել, բայց մշտական աշխատանք չունի: Երբ նոր էին տեղափովել Հայաստան, Բաղդասարի եղբայրը, որն ապրում էր Դուբայում, առաջարկել է Բաղադասարին, որ տեղափոխվի Դուբայ: Քանի որ ընտանիքը երկու տարի հետո միայն կարող էր միանալ նրան, Բաղդասարը մերժել է առաջարկը:



 

Հայաստանում ապրելու առաջին տարին ընտանիքին օգնել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Իմ այն հարցին՝ դիմե՞լ են սփյուռքի նախարարություն, Թամարը պատասխանում է` մի երկու անգամ դիմել ենք, բայց բացասական պատասխան ստանալուց և կոպիտ վերաբերմունքից հետո, ընդհանրապես նորից դիմելու ցանկությունը կորել է: Այժմ ընտանիքը 35000 դրամ նպաստ է ստանում:

«Երբ Հայաստան եկանք, փորձեցի աշխատանք գտնել, մի քանի ամիս աշխատելուց հետո դուրս եկա, որովհետև աշխատավարձը քիչ էր և երեխաներին խնամող չկար»,- հիշում է Թամարը:

Դժվարություններ դժվարությունների հետևից ճաշակած ամուսիններին հաջորդ փորձությունն էր սպասվում: Թամարն արցունքը աչքերին է հիշում այն օրը, երբ կրտսեր որդին` Ալեքսը, արթնանալուց հետո մորն ասում է, որ ոչինչ չի տեսնում և չի կարողանում շարժվել: Թամարը չի կարողանում նկարագրել, թե ամուսիններով ինչ սարսափելի զգացում ունեցան, երբ լսեցին ախտորոշման մասին` պարբերական հիվանդություն կամ ինչպես ժողովուրդն է ասում`երևանյան հիվանդություն: «Երբեք չէինք լսել նման հիվանդության մասին, գաղափար չունեինք՝ ում դիմել, ումից օգնություն սպասել»,- պատմում է Թամարը:

15 օր երեխայի հետ պառկել են Արաբկիր բժշկական կենտրոնում: Առաջին մեկ շաբաթը ահավոր դժվար ու ծանր է եղել ծնողների համար, անսպասելի լուրը ընկճվածության մեջ էր գցել ոչ միայն մեծերին. փոքրիկ Ալեքսը մինչև այժմ չի կարողանում ազատվել վախի զգացումից: Անուհետև Թամարի համար զարմանալի էր բուժքույրերի կոպիտ վերաբերմունքը. «Հիմնականում ռուսերեն էին խոսում կամ ռուսերեն բառեր էին խառնում հայերենի հետ, ոչինչ չէի հասկանում, խնդրում էի կրկնել, կոպտում էին: Մինչև նորից օգնության ձեռք մեկնեց Նարինե Դավթյանը»:

Նարինե Դավթյանին իրավամբ կարելի է սիրիահայերի պահապան հրեշտակ կոչել: Տասնյակ սիրիահայ ընտանիքների է անշահախնդրորեն օգնել տիկին Նարինեն, որ  «Օգնենք սիրիահայերին» խումբ է բացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում և իր ու ընկերների օգնությամբ հանգանակած գումարներով և անհրաժեշտ իրերով օգնում է տարագիր դարձած և անօգնական վիճակում հայտնված հայրենակիցներին:

Տիկին Նարինեի հայտնվելը Թամարի ընտանիքի կյանքում բախտորոշ էր: Ընտանիքն այն վիճակում էր, որ ոչ միայն գումարի, այլև հոգածության կարիք ուներ: «Տիկին Նարինեն այն լուսավոր կետն ու հավատն է, որ մեզ պահում է այստեղ հայրենիքում»,- ասում է Թամարը և նշում, որ Նարինե Դավթյանի շնորհիվ են լուծվել հիվանդանոցային ծախսերը:

Թամարին տանը օգնում է մայրը` տիկին Թագուհին: 64-ամյա Թագուհին իր ամուսնու` Թորոսի հետ երկու տարի է՝ Հայաստանում են, ապրում են «Առաքելություն Հայաստան» հ/կ-ի տրամադրած կացարանում: Տիկին Թագուհու ներկայությունը Թամարի համար շատ կարևոր է. երբ Ալեքսը հայտնվեց հիվանդանոցում, տանը մնացած փոքրիկների խնամքը մնաց տատիկի ուսերին:

 


 

Թամարի ընտանիքը ոնց որ մի պուտ արև լինի առօրյա մռայլության ու գորշության մեջ, որովհետև բոլորը` սկսած յոթ ամսական Լիանայից, վերջացրած Ալեքսով ժպտում են քեզ: Թամարի համար գլխավոր խնդիրը որդու` Ալեքսի առողջությունն է և սեփական բնակարան ունենալը. «Մնացածն ընթացքում կլինի»,- ասում է Թամարը: Սարգսյանների ընտանիքը հայրենիքը լքել չի պատրաստվում, արդեն ՀՀ քաղաքացի են: Թամարը շոկ է ապրել, երբ ասել են, որ տղայի հիվանդությունը կարող է պատճառ դառնալ  ու նրան բանակ չտանեն: Երևույթը որպես դրական ներկայացնող մարդկանց մտածողության վրա մինչև հիմա նա զարմացած է:

Թամարի լավատեսությունն ինձ էլ է անցնում, ու ես պատկերացնում եմ, թե ինչպես է, նաև բարի մարդկանց շնորհիվ, իրականություն դառնում նրանց սեփական բնակարան ունենալու երազանքը, բնակարանի համար բարի մարդիկ գումար են հավաքում,  և երեք հրաշքներն իրենց բարի ու ժպտերես ծնողների հետ, ուրախ ու երջանիկ, ապրելու են հայրենի հողի վրա:

                                     

 

                                                                             Սահականուշ Արոյան