image

Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին

Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին

Հոդվածի մրցույթ՝ «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին» թեմայով

 

Նա բոլոր հիմքերն ուներ մեղադրելու բոլոր այն ուժերին, որոնք իրեն աղավնու կարգավիճակի մեջ էին դրել. ստիպված էր շարունակ գլուխն այս  ու այն կողմ շրջելու` զգուշանալով  հետապնդող վտանգից: Հավատացած էր, որ այդ երկրում աղավնիներին չեն կրակում. ի վերջո աղավնին անվնաս է... Գեղեցիկ էր այդ հավատը, միայն թե համապատասխաներ իրականությանը...

Հրանտ Դինքը սպանվեց 2007թ.-ի հունվարի 19-ին, իր իսկ խմբագրատան կից տարածքում, գլխին արձակված երեք կրակոցից:Այս իրադարձությունը շատերին ցնցեց, անմիջապես հետևեց ԶԼՄ-ների արձագանքը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ բողոքի երթ կազմակերպեցին խմբագրատուն տանող ճանապարհին: Այդ օրը նրանք պատկանում էին մեկ ազգության և կրում էին մեկ անուն. նրանք հայ էին, նրանք Հրանտ Դինքն էին...

Իսկ Դինքը կյանքում հասցրել էր ապրել իր «լիրիկական միայնություն»-ը. նա սիրում էր իր խոսքին ու գրվածքներին լիրիկական շունչ հաղորդել: Նրա «Ակոս» թերթը լույս է տեսնում Ստամբուլում, սկսած 1996թ.-ից, հայերեն ու թուրքերեն լեզուներով: Դինքը նպատակ ուներ կապող կամուրջ դառնալու հայ ու թուրք ժողովուրդների միջև: Նրան ճանաչողները նշում էին իր ոչ միայն լրագրողական, վարպետության, այլև մարդկային խարիզմայի մասին: Կյանքի վաղ տարիներին Դինքն իր անունը պաշտոնապես փոխել էր Ֆիրաթ Դինքի:

Ընդհանրապես այդ պետությունում թուրքական անուններով հանդես գալը սովորական երևույթ է` անկախ իսկական էթնիկ ծագումից:   Իսկ երբ մարդիկ փորձում են փորփրել իրեց արմատները և հատկապես բարձրաձայնել դրանց մասին, ապա ազգային խտրականության հետ կապված խնդիրների են բախվում:  Կարծես կառավարությունն ինքը մտավախություն ունի, որ նմանօրինակ դրսևորումները կասկածի տակ կդնեն թուրք ինքնությունը ու դրանով իսկ որոշակիորեն կխարխլեն պետության հիմքերը:

Հրանտ Դինքը համարձակություն էր ունեցել հոդված հրապարակելու այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը` Թուրքիայի 1-ին կին օդաչուն (ինչպես նաև Աթաթուրքի որդեգիր դուստրը), եղել է հայ: Լրագրողը դառնում է Թուրքիայի ծայրահեղական  խմբավորումների թիրախը (նաև վիրտուալ տիրույթում): Դատարան է կանչվում այն չարաբաստիկ 301 հոդվածի մեղադրանքով:

Այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում մտավորականը նշել է, որ իր հրապարակումներից շատերը ճիշտ չեն հասկացվում ու մեկնաբանվում` իբր ինքը հատուկ է վիրավորում թրքականությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող էր բացեիբաց իր բողոքները ներկայացնել, բայց երբեք չմոռացավ, որ հայ լինելով հանդերձ Թուրքիայի քաղաքացի էր: Ընտրություն ուներ հեռանալու այդ երկրից, բայց երբեք էլ փախուստի ճանապարհը չբռնեց: Հայ համայքի խնդիրների լուծումը Թուքիայի ժողովրդավարացման հետ էր կապում, իսկ ցեղասպանության ճանաչման համար նախ հասարակությանն իրազեկել էր պետք, որպեսզի այն դառնար «ներքևներ»-ից «վերևներ»-ին թելադրվող պահանջ:

Մի առիթով Դինքն ասել էր, որ ամեն պահ կարող էր ինքն իրեն հերոսանալ, սակայն հերոսանալու համար հարազատը մի կողմ, նույնիսկ անծանոթի կյանքը երբեք չէր վտանգի...

Տասը տարի անց Դինքի սպանության դատավարությունը կարծես ավարտին է մոտենում: Մինչև հիմա երեք մեղադրյալների անուններ են հնչել (Սամասթ, Հայալ, Թունջել), բայց նրանց թիկունքում կանգնած իրական կազմակերպիչներին այդպես էլ չեն բացահայտում. այն անգամ պետական գաղտնիք է դարձել...

«10 տարի առանց Հրանտի». սա է պոլսահայ լրագրողի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կարգախոսը: Ամեն տարի հունվարի 19-ին հիշատակի արարողություններ են տեղի ունենում ոչ միայն  Ստամբուլում, այլև մի շարք հայ գաղթօջախներում, նաև Ծիծեռնակաբերդում:

«Հրանտ Դինք» հիմնադրամը ստեղծվել է 2007թ.-ին. այն Դինքի մասին նյութեր է հավաքագրում ու հրատարակում, աջակցում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը: Հիմնադրամն անդրադառնում է նաև արվեստին, կրթությանը, մարդու իրավունքներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

«Հրանտ Դինք» կազմակերպությունը ֆինանսավորվել է ԵՄ կողմից` Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով:

Թուրք-հայկական երկխոսության ծրագիրը մեկնարկել է 2009թ.-ի մայիսին` նշանավորվելով լրագրողների ձոխադարձ այցելություններով, հաղորդակցային ցանցի ստեղծումով: Տարեցտարի մասնակից կազմակերպությունների, երիտասարդների, մտավորականների թիվը երկուստեք ավելանում է: Նմանատիպ շփումները կբերեն փոխադարձ ճանաչողության, հետևաբար` օբյեկտիվ կարծիքի ձևավորման: ԹՀ-ում հասարակական կարծիքը գնալով ավելի է տարբերվում պետական քարոզչամեքենայից: Այսօր ավելի շատ քաղաքացիներ են խոսում իրենց հայկական ծագման մասին, այդ թվում և` հայտնի թուրք արտիստներ:

Ամեն տարի սեպտեմբերի 15-ին անցկացվում է «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխությունը: Ամեն անգամ մրցանակը հանձնվում է մեկ մարդու և մեկ կազմակերպության, որոնք Թուրքիայի ներսում և երկրի սահմաններից դուրս պայքարում են ընդդեմ ռասսիզմի, խտրականության, սեփական գաղափարների համար պատրաստ են ռիսկի դիմել, իսկ որ ամենակարևորն է` խոսում են խաղաղության լեզվով:

Ընդհանրապես ոչ մի ծայրահեղականություն չի կարող առողջ դատել: Այսօր էլ որոշ թուրք առաջադեմ մտավորականներ խստորեն են դատապարտում 10 տարի առաջ տեղի ունեցածը և ընդգծում, որ դրանից հայ արդար պահանջը չի լռելու:

Վերջերս շատ է շոշափվում թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անունը, ով մեկ անգամ չէ համարձակություն դրսևորել նիստերի ժամանակ հնչեցնելու Ցեղասպանության հարցը: Նրան զրկեցին 3 նիստի մասնակցելու իրավունքից, բայց քաղաքացիությունից հազիվ թե զրկեն; Ամեն դեպքում, թուրքական կողմին ձեռնտու չէ, որ Փայլանը դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայազգի մեկ այլ պատգամավոր` Սելինա Դողանը, վերջերս հանդես եկավ  արվեստի ներկայացուցիչներին  խիստ գրաքննության ենթարկելու դեմ: 2013թ.-ին իսլամական առասպելաբանությունը մահմեդականների նման չմեկնաբանելու համար ձերբակալվեց պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը: Երկրում վերջերս ակտիվացել են նաև իսլամիստական ուժերը, որոնք ներքին առճակատման մեջ են մտնում հակադիր ուժերի հետ:

2010թ.-ից սկսած Ապրիլի 24-յան հիշատակման արարողություններն արձանագրվեցին ներողության առցանցային ստորագրահավաքով, Թաքսիմ հրապարակի մոմավառությամբ և այլն: Սառույցը կարծես թե հալվում էր, բայց այսօրվա իրավիճակը հուսադրող չէ: Քանի դեռ Թուրքիան չի հասել ներքին  ու արտաքին կայունության, քանի դեռ Ադրբեջանը իր սերտ դաշնակիցն է, ապա հայկական կողմի հետ բանակցությունները առաջին պլան չեն մղվում: Ի վերջո մեր պետությունն էլ կոմպրոմիսների գնալիս չպետք է կորցնի չափավորությունն ու զգուշությունը: Սահմանի բացումը ևս հարցական է, քանի որ Թուրքիան հազիվ թե շահագրգռված լինի իր արևելյան`քրդաբնակ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմամբ:

Կարծես մնում է միայն մշակութային երկխոսությունը:

Հրանտ Դինքի խոսքն է. «Հայ-թուրքական հարաբերությունները անհրաժեշտ է դուրս բերել 1915մ  խորություն ունեցող ջրհորից»: Առայժմ այդ ջրհորի հատակն այնքան էլ պարզ չի երևում...

 

Լիլիթ Օհանյան