IDeA հիմնադրամի նախաձեռնութեամբ, «Հայաստանի Հանրապետութիւն» եւ «The New York Times» թերթերուն մէջ հրապարակուած է «Համաշխարհային («Գլոբալ») Հայերու Ապագան Այսօր Է» խորագրուած բաց նամակը՝ ստորագրուած տարբեր երկիրներու մէջ բնակող անուանի հայերու կողմէ:
Նամակը հրապարակուած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) 110րդ տարեդարձին առիթով:
Ստորեւ՝ «Պատմական հնարաւորութիւն՝ հայերու միաւորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար» ենթախորագրուած նամակը.
Այս շաբաթ աշխարհի խոշորագոյն հայկական կազմակերպութիւնը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ), Նիւ Եորքում տօնում է իր 110րդ տարեդարձը: Այս հանգրուանը բացառիկ հնարաւորութիւն է Հայաստանի ապագան վերաձեւելու համար եւ մտածելու, թէ մեզանից իւրաքանչիւրն ինչպէս կարող է մասնակցել վաղուայ առաւել հզօր Հայաստանի կերտմանը:
Հայաստանում եւ Սփիւռքում ծառացող մարտահրաւէրներին դիմակայելու համար հիմնուած ՀԲԸՄն տարիների ընթացքում խթանել է սոցիալ-տնտեսական նախաձեռնութիւնները եւ աշխարհով մէկ հոգացել կրթական, մշակութային եւ մարդասիրական կարիքները: Մենք շնորհաւորում ենք ՀԲԸՄին Սփիւռքի համայնքներում հայկական ինքնութեան պահպանման գործում անգնահատելի դերի կապակցութեամբ:
Նախնիների հողից բռնի տեղահանուած աշխարհասփիւռ հայերն իրենց ապաստան տուած երկրների զարգացման գործում մեծ աւանդ են ունեցել: Մենք վաղուց սովորել ենք ինտեգրուել մեզ հիւրընկալած երկրներում եւ հաւատարիմ քաղաքացիներ լինել՝ Հայ եկեղեցու եւ քրիստոնէական մեր հաւատքի միջոցով պահպանելով պատմական ինքնութիւնը եւ լեզուն:
Մենք ողջունում ենք բոլոր հայորդիների եւ կազմակերպութիւնների՝ Հայ Աւետարանչական ընկերակցութեան, Հայ Օգնութեան Միութեան, «Գիւլբենկեան» հիմնադրամի եւ միւսների երկարաժամկէտ նուիրատուութիւնները, որոնք նպաստել են Սփիւռքի պահպանմանը բարեգործական ծրագրերի միջոցով:
Ի թիւս այլոց, մենք ճանաչում ենք անկախութիւնից ի վեր Հայաստանի զարգացման գործում հսկայական աւանդ ունեցած բարերարներ Գըրք Գըրգորեանի եւ Լուիզ Սիմոն Մանուկեանի ա-նունները: 1990ականների սկզբին այս առաջամարտիկների ջանքերը կենսական նշանակութիւն ունեցող հաստատութիւններ եւ ենթակառուցուածքներ ստեղծելու հնարաւորութիւն տուեցին:
Նախկին Խորհրդային Միութիւնից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետութիւնը դեռեւս խոցելի է, ինչպէս եւ հայկական ինքնութիւնն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկայ մարտահրաւէրները, առջեւում նաեւ աննախադէպ հնարաւորութիւն ենք տեսնում:
Դա Հայկական աշխարհը բարգաւաճման մղելու, յետխորհրդային պետութիւնը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադէմ հայրենիք դարձնելու հնարաւորութիւնն է:
Ոչ միայն Ցեղասպանութիւնը վերապրելու, այլեւ վերածնուելու եւ առաջ գնալու հնարաւորութիւնն է:
Հայաստանի երկարաժամկէտ սոցիալ-տնտեսական զարգացման հնարաւորութիւնն է՝ ոչ միայն յանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:
Առաջ շարժուելով՝ ողջ աշխարհի հայութիւնն առաւել յանձնառու պէտք է լինի՝ սոցիալական ազդեցութեան թէ առեւտրային ներդրումների, նորարարութիւնների, փորձի թէ ակտիւ ներգրաւման միջոցով: Երկարաժամկէտ հեռանկարում մենք պէտք է ձգտենք առնուազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հիւրընկալած երկրներում:
Անհատական ջանքերից բացի մենք ցանկանում ենք բոլոր հայորդիների եւ հայկական կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեան եւ համախմբման աննախադէպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղութեամբ երկարաժամկէտ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը: Միեւնոյն ժամանակ, մենք Հայաստանի կառավարութեանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրայ հիմնուած ռազմավարութիւններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանգելու կոչ ենք անում:
Յանուն Հայաստանի յառաջխաղացման աշխատող անհատները, ինչպէս նաեւ հասարակական եւ մասնաւոր կազմակերպութիւնները հայ ժողովրդի ապագան աւելի լաւը դարձնելու համար պէտք է համախմբուեն, միաւորեն իրենց միջոցները եւ համագործակցեն: Մենք վստահ ենք, որ յաջողութեան հասնելու համար չի կարելի մեկուսացած՝ որպէս Հայաստան եւ Սփիւռք գործել. մենք պէտք է համախմբուենք եւ միասնական ուժ դառնանք:
Մենք այս քայլը նախաձեռնում ենք Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկէտ յանձնառութեամբ եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կը միանան մեզ:
Միասին մենք «Գլոբալ հայեր»ն ենք: Եկել է ժամանակը, որ գլոբալ հայերը հանդէս գան համարձակ նախաձեռնութեամբ:
Նուբար Աֆէյեան (ԱՄՆ)
Ռուբէն Վարդանեան (Ռուսաստան)
Գագիկ Ադիբեկեան (Լիւքսեմբուրգ)
Անդրէ Անդոնեան (Ճապոնիա)
Աբէլ Աղանբեկեան (Ռուսաստան)
Տ. Մեսրոպ Արամեան (Հայաստան)
Կարօ Արմէն (ԱՄՆ)
Շարլ Ազնաւուր (Զուիզերիա)
Լորդ Արա Դարզի (Մեծ Բրիտանիա)
Էդուարդ Պ. Ճէրեճեան (ԱՄՆ)
Չարլզ Ղայիլեան (ԱՄՆ)
Սալբի Ղազարեան (ԱՄՆ)
Վարդան Գրիգորեան (ԱՄՆ)
Փիէռ Կիւրջեան (Բելգիա)
Արթուր Ջանիբեկեան (Ռուսաստան)
Սամուէլ Կարապետեան (Ռուսաստան)
Անդրէյ Մկրտչեան (Հայաստան)
Միխայիլ Պօղոսեան (Ռուսաստան)
Կրէկ Սարգսեան (Կանադա)
Սեմ Սիմոնեան (ԱՄՆ)
Սերժ Չուրուկ (Ֆրանսիա)
Պատուելի Տիգրան Թեւրիզեան (ԱՄՆ)
Ռալֆ Եիրիկեան (Հայաստան)