Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և հրավերով Հայաստանում են Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը և իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչեկին: Ջ. Ֆիշերի և թատրոնի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանը և ընթացիկ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ. Ֆիշերը մասնակցել է նաև թատրոնի մենակատարների լսումներին, տեղեկանում ենք թատրոնից:
Օպերայի թատրոնում տեղի է ունեցել նաև իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչեկիի ճանաչողական այցը, քննարկվել են թատրոնի լուսային տեխնիկայի առավել արդյունավետ շահագործմանը և հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: