Օնտարիոյի խորհրդարանի պատգամավոր Արիս Պապիկյանը, ով հունիսի 7-ին ձայների մեծամասնությամբ հաղթել էր մրցակցին, նշանակվել է Արդարադատության քաղաքականության մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Պապիկյանը նախկին քաղաքացիական դատավոր է, հետևաբար նրան տրված այս նոր պաշտոնը հնարավորություն է մասնակցել իրավական ոլորտի բարեփոխումներին:
Այս, ինչպես նաև Հայաստանի դատական համակարգում այսօր տեղի ունեցող իրավիճակի, հեղափոխության բերած հետևանքների մասին նա հարցազրույց է տվել Արևելք-ին:
«Կարևոր պաշտոն է, որովհետև բոլոր օրենքները, որ խորհրդարան են ներկայացվում կուսակցությունների կողմից, մեր հանձնաժողովին են ներկայացվում, որպեսզի ուսումնասիրենք: Հիմա մի քիչ դժվար կլինի ասել, թե հայ գաղութի համար ինչ օգտակարություն կունենա իր այս նոր նշանակումը, բայց անշուշտ խորհրդարանի անդամ լինելն արդեն հնարավորություն է, որ մեր գաղութի բոլոր հոգսերը կարողանամ ավելի մոտիկից հետապնդել»,-ասում է Պապիկյանը:
Կարճ ժամանակում հայազգի պատգամավորը, որ ներկայացնում է իշխող կուսակցությունը, կարողացել է որոշ հարցերի լուծման գործում օգտակար լինել: Օրինակներից մեկն է ներկայացնում.
«Տորոնտոյի Յորքի համալսարանում տեղի էր ունենում գործադուլ: Տասնյակ հազարավոր աշակերտներ չէին կարողանում ուսումը շարունակել, 4 ամիս տևեց: Կանադայի պատմության մեջ ամենաերկար համալսարանական գործադուլն էր, և առաջին օրենքը, որ անցկացրինք, գործադուլը դադարեցնելն էր, որ կարողանան աշակերտները սեպտեմբերի 1-ին իրենց ուսումը շարունակել»:
Անկախ ծանրաբեռնված աշխատանքից, Արիս Պապիկյանը ուշադիր հետևում է հայաստանյան զարգացումներին, իրավական համակարգում սպասվելիք փոփոխություններին: Այն, որ կոռուպցիան մեծ չափերի էր հասել, նրա համար գաղտնիք չի, հետևաբար համաձայն է, որ փոփոխություններ հարկավոր են, միայն թէե դա չի նշանակում, թե պետք է ամենաթողություն տիրի: Նման վտանգ նկատում է, պատմում է.
«Օրինակ՝ կարդացի, որ պարոն Քոչարյանի մամլո ասուլիսը մի շարք ցուցարարներ տապալեցին, սա էլ ծայրահեղության մյուս կողմն է գնում, ես չեմ փորձում պաշտպանել պարոն Քոչարյանին, որքան, ինչ սխալներ է արել, չգիտեմ, բայց պետք է որ, ով ուզում է լինի, կարողանա իր երկրի մեջ իր կարծիքը հայտնել, խոսքի ազատությունը չպետք է կաշկանդել: Ես վստահ եմ, որ Հայաստանը կարող է շատ քաղաքակիրթ ձևով հանցագործներին պատասխանատվության կանչել, բայց նույն ժամանակ անձերի պաշտպանվելու իրավունքը չպետք է կաշկանդել»,-ասում է կանադահայ երեսփոխանը:
Նման գործելակերպը ոչ թե նոր իշխանության ներկայացուցիչների, այլ ակտիվիստների կողմից է, որոնց արարքը կարող է ստվերել առաջինների աշխատանքը: «Ակտիվիզմը շատ լավ բան է, բայց վիջելանդիի բնույթը չստանա Հայաստանի մեջ, անցյալում հանցանքներ են եղել, այնպես չլինի, որ անմեղներն էլ ոտքի տակ գնան: Մարդկանց խոսքի իրավունքը չպետք է կաշկանդել»,-կարծում է նա:
Իսկ դատական համակարգի առողջացում տեղի կունենա, եթե արդար դատավորներին զատեն ու աշխատանքի նոր ուղղություն որդեգրեն: «Օրենսդրական հարցերով զբաղվող անձինք, որովհետև նախկին իշխանությունների մաս են կազմել, պետք է մեկ առ մեկ հարցերը քննել, գոյություն ունենա անկախ մարմին, որը կկարողանա ճիշտ ուղղության մեջ դնել»,-ասում է նախկին քաղաքացիական դատավորը:
Իսկ ամենակարևորը, նրա կարծիքով, քաղաքական գործիչները չպետք է միջամտեն դատական համակարգի աշխատանքին, առողջացման միակ ճամանապարհը սա կլինի, քանի դեռ դատական համակարգը հիվանդ է, մյուս համակարգերն էլ կձախողեն, կարծում է Պապիկյանը: