«Արեւելքն» էլեկտրոնային փոստով ստացել է այս հոդվածը. տեղադրում ենք այն, նշելով, որ կայքում զետեղվող ոչ բոլոր հոդվածներն են ներկայացնում խմբագրության տեսակետը:
Վերջին ամսում հայաստանյան հասարակությունն ու մամուլը, զբաղված հայրենական կյանքի տարբեր քաղաքական, տնտեսական, սոցիալական և սահմանային խնդիրներով, ակնհայտորեն աչքաթող արեց մի պարագա, իսկ ավելի ճիշտ` իրադարձություն, որը պակաս վտանգավոր չէ մեր ժողովրդի ազգային միասնականության ու համախմբվածության տեսանկյունից: Խոսքը վերաբերում է Ուկրաինայի հայ համայնքին:
Մայիսի 23-ին ուկրաինական լրատվությունն ավետեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի հանդիպման մասին, որի արդյունքում որոշվել է, իբրև եկեղեցու նկատմամբ պատմական արդարության վերականգնման դրսևորում, Հայ կաթոլիկ եկեղեցուն փոխանցել Ներքին գործերի նախարարության Լվովի պետական համալսարանին պատկանող Ս. Կազիմիրի եկեղեցական համալիրը (1656-1664 թթ.): Տարբեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ կաթոլիկ պատվիրակությունը Ուկրաինայում նաև տարբեր այլ հանդիպումներ ունեցավ պետական բարձրաստիճան անձերի և հասարակական գործիչների հետ:
Այս հանդիպումը նաև լույս հեղեց 2016 թվականի մեկ այլ իրադարձության վրա, երբ Ուկրաինայի Գերագույն Ռադան հանկարծակի որոշեց հոկտեմբերի 25-ին պատվել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցի հիշատակը: Ի դեպ նշեմ, որ Հայ Առաքելական եկեղեցու Ոկրաինայի հայոց թեմը այս առիթով կազմակերպեց հիշատակի հատուկ արարողություն:
Կամա թե ակամա այս երկու փաստերը հարկադրված ես դիտարկել մեկ տրամաբանության մեջ` տեսնելով քաղաքական և ոչ թե փոքրամասնությունների խղճի ու դավանանքի ազատությանն ուղղված հետևողական քայլեր: Բանն այն է, որ 1946 թ. հանգամանքների բերումով Վատիկանը պաշտոնապես դադարեցրել է երկրում Հայ կաթոլիկ եկեղեցու գործունեությունը, իսկ բռնաճնշումների ենթարկված հայ կաթոլիկ համայնքի անդամները հիմնականում տեղափոխվել Լեհաստան:
Այսպիսով` բնական հարց է ծագում, թե ի՛նչն է Ուկրաինայի իշխանությունների «հոգատարության» դրդապատճառը: Այսօր հայության պատկերն Ուկրաինայում բոլորովին տարբեր է. հիմնականում Հայաստանից և Խորհրդային միության նախկին հանրապետություններից տեղափոխված հայերը համախմբված են Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, որն ըստ առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի վերջին մի հարցազրույցի, իբրև գրանցված կրոնական կազմակերպություն և թեմ վերսկսել է իր գործունեությունը 1991 թվականից, ունի 25 ծուխ, տաճարներ և 11 քահանա` երկրի ծանր ժամանակշրջանների միջով առաջնորդելով հայ համայնքին: Ինչ վերաբերում է Ուկրաինայում հայ կաթոլիկ համայնքին, ապա 90-ականների սկզբներին այն գրանցվել է և այդպես էլ մնացել է անգործունյա` հայ կաթոլիկների բացակայության պատճառով:
Վերադառնանք Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի այցին Ուկրաինա և նրան, իբրև համայնքի առաջնորդ, Հայ կաթոլիկ եկեղեցուն երբևէ չպատկանող մի տաճարի փոխանցմանը: Որքան ինձ հայտնի է, առաջնորդի առկայությունն ընկալելի է, երբ կա եկեղեցի ինստիտուցիոնալ իմաստով, իսկ եկեղեցու առկայությունն էլ` ըմբռնելի, երբ կա ժողովուրդ, հետևորդներ: Սակայն այս պարագայում դժվար է արդարացում գտնել այս քայլերին, որովհետև Հայ կաթոլիկ եկեղեցին, իբրև հաստատություն, 1946 թվականից պաշտոնապես փակվել է, նրա հետևորդներն էլ արտագաղթել են Լեհաստան կամ ամբողջովին ուծացվել:
Կատարվածը, իրականում, դրական նկատելուց առաջ մի շարք հարցեր են առաջանում:
Ո՞ւմ հաշվին է Ռաֆայել արքեպիսկոպոսը վերականգնում հայ կաթոլիկ համայնքը և կամ ի՞նչ անհայտ համայնքի մասին է խոսքը, որի կարիքներին պիտի ծառայի այդ պատմական տաճարը:
Արդյո՞ք սա մեծ քաղաքականության քառուղիներում Վատիկանից աջակցություն ստանալու փորձ է ներքին հայտնի եկեղեցական պառակտումների հաղթահարման նպատակով, թե` Ռուսաստանին հակադրվելու ճանապարհին, Վատիկանի միջոցով Ուկրաինայի համար պարզապես ճանապարհ է հարթվում դեպի Եվրոպա, ինչի համար իբրև գործիք ընտրվել է գոյություն չունեցող Ուկրաինայի Հայ կաթոլիկ եկեղեցին: Ի՞նչ շահեր է սպասարկում Ռաֆայել արքեպիսկոպոսը` ջանալով փաստորեն Ուկրաինայում վերակենդանացնել Հայ կաթոլիկ եկեղեցին ի հաշիվ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների:
Արդյո՞ք այս քայլը մի նոր պառակտում չի բերի Ուկրաինայի հայ ազգային կյանքում:
Եվ, ի վերջո, սա չի՞ հանգեցնի Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցիների միջև հարաբերությունների վատթարացմանը` ի հակադրություն վերջին շրջանում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու Վատիկանի, և հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի ջերմ փոխհարաբերությունների ու շփումների:
Այս ամենը կարոտ է լուրջ պարզաբանման` կանխելու այն ոչ անհիմն կասկածները, որ կարող են ծագել նախ Ուկրաինայի հայ համայնքի ծոցում, ապա նաև մնացած բոլոր ազգային, եկեղեցական կառույցների մոտ:
Ահարոն Հարությունյան
Երևան
23.06.2017թ.