Շուշին նոր էր ազատագրվել, արցախցու ոգևորությանը չափ ու սահման չկար, անկախ սոցիալական դժվարություններից, անկախ շարունակվող հրետակոծություններից: Ոչ թե գոյատևել, այլ վերածնվել էր պետք, որն առաջիններից մեկը զգաց լիբանանահայ մշակութային գործիչ, խմբավար Զաքար Քեշիշյանը:
Ճիշտ 25 տարի առաջ էր՝ 1992թ-ին, երբ մեկնեց Արցախ՝ հիմնելու Շուշիի «Վարանդա» երգչախումբը: «Շուշին մեր մշակույթի հինավուրց մայրաքաղաքն է, և պետք էր մշակութային նոր հունդեր ցանել, որպեսզի ժամանակի ընթացքում դրանք հունձքերի վերածվեին»,-«Արևելքին» պատմում է երաժիշտը:
Քեշիշյանն այն ժամանակ դեռ ուսանող էր, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը Շուշիում վարժարան էր հիմնել, ինքն էլ ստանձնեց երգչախմբի ստեղծումը: Հետագայում այն պետականացվեց, և մինչ օրս էլ, թեև Լիբանանում է բնակվում, բայց ղեկավարում է այն: Ամառներն անցկացնում է Արցախում:
«Դժվարություններ շատ կային, պատերազմ էր, անոթություն կար, սով կար, աղքատություն կար, զոհեր կային, բայց այն ժամանակ ո՞վ էր դժվարություններին «շան տեղ» դնողը: Ընդհանուր մթնոլորտն այնպիսին էր, որ ուղեղն ասում էր, թե դժվարություն կա, բայց մարմինն ու հոգին չէին տեսնում այդ բոլորը»,-վստահեցնում է Քեշիշյանը:
Հիմա իրավիճակն այլ է. Շուշին հաղթանակած ու վերակառուցվող քաղաք է՝ սահմանին կանգնած զինվորի հսկողության ներքո: Խնդիրները փոխվել են, սակայն հիմա էլ դրանց մեծ ուշադրություն չեն դարձնում, մտածում են տաղանդավորներին առաջ մղելու մասին:
«Հայաստանը տաղանդների երկիր է՝ ամեն առումով, ոչ միայն երաժշտության: Հողը ծնում է, մնում է, որ այդ բոլորը մշակվեն, քաջալերվեն, առաջ տարվեն, ծրագրված, հետևողական կերպով, որպեսզի արդյունք լինի, և աշխարհը մեզ ճանաչի՝ որպես մշակութային հզոր պոտենցիալ ունեցող ազգ»,-վստահ է լիբանանահայ խմբավարը:
Զաքար Քեշիշյանը միաժամանակ Լիբանանի պետական կոնսերվատորիայի և Հայկազյան համալսարանի դասախոս է, ղեկավարում է երկու՝ մանկապատանեկան և երիտասարդական երգչախմբեր, ամենօրյա շփման մեջ է լիբանանահայ նոր սերնդի հետ, տեսնում ու գտնում է նրանց մեջ ներուժ, զարգացնում է նրանց ունակությունները, բայց սրանով իր գործը չի ավարտվում. փոխանցում է հայրենիքից ստացած ներշնչանքը, որի կարիքը սփյուռքում մեծ է: Ասում է. «Պետք է զգոն լինել և հայրենիքի հետ կապը մշտարթուն պահել: Ես այստեղ գալիս, ներշնչվում եմ, և սփյուռքի իմ երգչախմբի անդամների ճամփով այդ ոգին փոխանցում եմ: Դեպի հայրենիք շատ դյուրին է ուղղորդել, որովհետև նրանք մանկուց տոգորվում են հայրենիքով, երազում են հայրենիքը, մնում է կազմակերպչական հիմքեր ունենալ, որպեսզի գան այստեղ, իրենց ճակատի քրտինքով ապրեն: Սյդ օրն էլ կգա, առայժմ դժվար է, բայց ապագան պիտի ավելի փայլուն լինի»,-վստահ է Զաքար Քեշիշյանը:
Լիբանանում այժմ գործում են ավելի քան 25 դպրոցներ, 25 եկեղեցիներ, մշակութային միություններ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր, թվարկում է մշակույթի գործիչը, հավելում. «Այս բոլորը կգործեն ոչ միայն հայը հայ պահելու համար, այլև մշակույթը տարածելու արաբական միջավայրում»:
Սա առաջնահերթ խնդիր է հիմա, երբ փոխվել է երբեմնի լիբանանահայ գաղութի պատկերը: «Լիբանանի քաղաքացիական պատերազմի և առհասարակ սերդափոխությունների պատճառով հայությունը նոսրանում ու իր ազգային ակունքներից հեռանում է, սրա մեջ հանցավորը թշնամին չէ, մենք ենք, որովհետև եթե հայն ուզում է հայ մնալ, այս պայմաններում կարող է գնալ, լուսնի վրա էլ հայ մնալ, այսինքն՝ մեղադրելու թշնամի չունենք, եթե հանկարծ սփյուռքը կորսվի, շարունակի իր նահանջը»,-կարծում է լիբանանահայ գործիչը:
Եթե քաղաքացիական պատերազմի պատճառով համայնքը նոսրացավ, ապա սիրիական պատերազմն այստեղ բերեց տեղահանված սիրիահայերին, Հալեպի նման հզոր համայնքի քայքայման համար ցավում է երաժիշտը, բայցև փաստում, որ հալեպահայերի ժամանումով նոր արյուն ներարկվեց լիբանանահայ կյանքում: