Արցախի Կովսականն ու Լիբանանի Այնճար քաղաքները մայիսի 18-ից ի վեր համագործակցության հուշագիր են ստորագրել: Ըստ այդմ՝ համայնքների ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել տարբեր բնագավառներում համագործակցել, աջակցել միմյանց:
Եթե մինչ այժմ համայնքների որոշումները թղթի վրա էին, ապա կարճ ժամանակ հետո Այնճարը գյուղատնտեսական առաջին նախաձեռնությունն է իրականացնելու Կովսականում: Այս մասին Արևելք-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավարը՝ Վարդգես Խոշյանը:
«Կովսականը շրջան մըն է՝ Արաքսի ափին, ուր պարարտ հող կա, պարարտ տարածություն և առատ ջուր, համաձայնագիր եղավ, ստորագրվեցավ, որպեսզի գործնական գետնի վրա նայենք: Մենք պետք է մեր փորձառությունով իրենց օգտակար ըլլանք այդ շրջանը զարգացնելու իմաստով»,-ասում է պարոն խոշյանը:
Սա մի նախաձեռնություն կլինի, որը երկուստեք կօգնի համայնքներին, քանի որ մուսալեռցիների հիմնած Այնճարը՝ այժմ 2500 մշտական, իսկ ամռանը՝ 6000 բնակչությամբ, նույնպես հարուստ է, բայց հողով, այլ ոչ թե ջրով:
Համայնքը տարբերվում է մյուսներից իր ոռոգման համակարգով: Պարզվում է՝ համայնքում ավելի քան 70 տարի գործում է մի ոռոգման համակարգ, որի համար մարդկային ու տեխնիկական որևէ միջամտություն չի պահանջվում: Դեռ քաղաքի հիմնադրման ժամանակ՝ 1940-ականներին ֆրանսիացիների ներդրած տեխնոլոգիան կիրառվում է մինչ օրս:
«Այնպես շինված է, որ ինքնահոս կերպով կոռոգե ամբողջ գյուղի տարածքը, իրենք այնպես բաժանումը կատարած են, որ ինքնահոս երթա, այսինքն՝ աշխարհի մեջ չկա այսպիսի կարելիություն: Այնճարը, որ ունի 1085 կտոր հող՝ յուրաքանչյուրը 7000 քմ, 1085 կտոր հողը կարելի է ջրել առանց բահ գործածելու, կանալներով: Երբ որ Այնճարը հիմնադրվեցավ, նաև այս ջուրի ցանցը կազմվեցավ»,-պատմում է համայնքի ղեկավարը:
Հողապատ առուներով ջրանցքները այժմ փոխարինել են բետոնով: Սա բնակիչների համար հարմար, բայց ոչ օգտակար մեթոդ է, տարիներ շարունակ օգտագործել են ու կշարունակեին, եթե ջրի խնայողության հարց չառաջանար:
«Քարապատվեց, որպեսզի ջուրն ավելի խնայվի, ավելի արագ ընթանա, այդ է, որ փոխած է, իսկ ջուրի ընթացքը կամ ցանցը նույնն է: Հիմա դժբախտաբար աս ալ պետք է փոխենք, որպեսզի ջուրի խնայողություն կատարենք: Այսպես մեծ քանակության ջուր կմսխվի, այս ձևով ջրվի պարտեզը, ծառերը կխեղդվին ջուրի մեջ, մեզի հանձնարարված է, ունինք մասնագետներ, որոնց հետ խորհրդակցած ենք, հանձնարարված է այլ սիստեմներ, որպեսզի ծառերն ավելի առողջ մնան, մանավանդ որ ջուրի տագնապ ունինք այլևս»,-ասում է քաղաքապետը:
Քանի դեռ ջրհորներում ջրի պակաս չէին զգում, նման մտահոգություն չունեին, սակայն հիմա խնդիրը լրջացել է, ջուրն սպառվում է, ստիպված են նոր ներդրումներ անել ու նորացնել տեխնոլոգիան, ներկայացնում է. «Նոր մեթոդով պիտի փորձենք ըլլա, որովհետև ամբողջ աշխարհը զարգացման մեջ է, պիտի փորձենք կարելի եղածին չափ ստեղծել պրոգրամ, որ լավագույն արդյունք ապահովվի, վերջիվերջո ներդրում պիտի կատարվի: ճիշտ ձևով արվի»:
Այնճարը ոմանք քաղաք, մյուսները գյուղ են համարում, անկախ կարգավիճակից, գյուղատնտեսությունը զարգանում է, կան մասնագետներ, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդնել իրենց փորձը, իսկ Այնճարում շուտով կբացվի գյուղատնտեսկան շուկա, որի մասին համայնքի ղեկավարը հպարտությամբ ՝ պատմում՝ ասելով.
«Առաջիկայում շուկա մը կուզենք ստեղծենք, երեկ արդեն ստանձնեցինք շենքը, ավարտած են շինարարական աշխատանքները, բացումը կընենք, սնունդի, մթերքի կարելիություններ վաճառելու համար, 3 համալկիրների մեջ 21 խանութ է»:
Հեռանկարային զարգացման ծրագիր է, որն առաջին հերթին կօգնի բնակչության ներգաղթին, վստահ է քաղաքապետը, իսկ նրանց համար էլ բնակարանների կառուցման, Հայաստանի հետ կրթական համագործակցության ծրագրեր են մշակում: Այս ամենը մեկ նպատակի համար:
«Մենք համոզված ենք, որ բնակչությունը պետք է հոս արժանապատվությամբ ապրի՝ ճակատը բաց, գլուխը բարձր, և կարիքավորի սահմանումին մեջ չպետք է ըլլա, այլ մուսալեռցի»,-ասում է Խոշյանը: