Արցախում այս օրերին տոնական հաճելի եռուզեռ է՝ ընթանում են հունիսի 1-9-ը Արցախում նախատեսված մեծ մարզական միջոցառման նախապատրաստական աշխատանքները:
Չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն այս տարի անցկացվելու է Արցախում: Այն հավակնում է դառնալ Արցախում մինչ այժմ կազմակերպված ամենամեծ զանգվածային հանդիսությունը: Արդեն պատրաստ են առաջնության պաշտոնական լոգոն, քայլերգը, պաստառները, կայքը և մյուս խորհրդանիշերը, որոնք արդեն դրվել են շրջանառության մեջ:
Եվրոպական այս նշանավոր մրցաշարի կազմակերպման որոշումն ընդունել է CONIFA-ն՝ Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիան, որ ՖԻՖԱ-ի կազմում չներգրավված ֆուտբոլի, ֆուտսալի և լողափնյա ֆուտբոլի ընկերակցությունների միջազգային կառավարող մարմինն է՝ հիմնադրված Շվեդիայում, 2013-ին: Այս կազմակերպությունը ստեղծվել է՝ վերահսկելու չճանաչված պետությունների միջև ֆուտբոլի մրցումների կազմակերպումը և պատասխանատու է չճանաչված պետությունների ֆուտբոլի համաշխարհային և Եվրոպայի առաջնությունների կազմակերպման համար:
Իր հիմնադրման օրվանից կազմակերպությունն աջակցում է ազգերի, փաստացի անկախ պետությունների, մարզերի, փոքրամասնությունների և մեկուսացած տարածքների մարզիկներին՝ դրսևորելու իրենց կարողությունները, զարգանալու որպես մարզիկներ և անհատներ։ Միությունը նաև ֆուտբոլի, մշակույթի և սոցիալական արժեքների միջոցով ազգերի և մեկուսացված տարածքների միջև կամուրջներ կառուցելու, խտրականության վերացման ու արդար մրցակցության տարածման, աշխարհում խաղաղության հաստատման նպատակներ է հետապնդում։
Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը կազմակերպության անդամ է դարձել հիմնադրումից անմիջապես հետո, իսկ CONIFA-ի հովանու ներքո մրցաշարերը սկսել են անցկացվել 2014 թվականից, և այդ ժամանակվանից Արցախն արդեն մասնակցել է CONIFA-ի առաջին Աշխարհի առաջնությանը:
Արցախում CONIFA-ի Եվրոպայի 2019 թվականի առաջնության անցկացմանն աջակցում է Արցախի կառավարությունը, կան նաև տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց ներդրումն են ունենում միջազգային մակարդակի նման հանդիսության կազմակերպմանը Արցախում՝ հավատալով, որ սա ոչ միայն մարզական եռուզեռ է ստեղծելու, այլև նպաստելու է, որ աշխարհը ուրիշ տեսանկյունից սկսի ճանաչել Արցախը: Մեծ է նաև անհատ աջակիցների թիվը:
CONIFA-Արցախի PR և մարքեթինգի թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանն «Արեւելք»-ին հայտնեց, որ CONIFA-ն ապաքաղաքական կառույց է, որևէ տեսակի քաղաքական հարցեր նրանում չեն ներգրավվում. «Կազմակերպությունն ինքն էլ ներսից հետևում է, որ նման բան չպատահի: Այս առաջնությունների կազմակերպմամբ, ինքնաբերաբար, աշխարհը սկսում է լավ ճանաչել այն երկիրը, որտեղ տեղի է ունենում այդ տարվա առաջնությունը»,-ասում է Հրաչուհի Բարսեղյանը, նշելով, որ CONIFA-Արցախի ամբողջ թիմը վստահ է, որ առաջնությունն Արցախում անցկացնելով՝ աշխարհն այլ տեսանկյունից է տեսնելու Արցախը, հասկանալու է, որ այս փոքրիկ, չճանաչված տարածքը իրականում երիտասարդ, զարգացող, աշխույժ մի երկիր է, ուր կարելի է կազմակերպել այսպիսի մեծամասշտաբ ձեռնարկներ: «Արցախը սկսելու են ճանաչել նաև իբրև ֆուտբոլ ունեցող մի երկիր, որ նաև մշակութային հսկա ժառանգություն ունի»,-ասում է նա:
Մեզ հետ զրույցում Հրաչուհի Բարսեղյանը նաև նշեց, որ միջոցառումը ևս մի խթան է լինելու, որպեսզի Արցախի ենթակառուցվածքները զարգանան, և արդեն հստակ է, որ Արցախը պատրաստ է ինը օրվա մեջ ընդունել մոտ վեց հազար զբոսաշրջիկ:
Խաղերի անցկացման գրաֆիկը բաշխված է ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլև՝ Մարտունիում, Ասկերանում և Մարտակերտում: Չորս քաղաքների մարզադաշտերում վերջին նորոգումներն են կատարվում՝ դրանք հասցնելու են միջազգային չափանիշների: Ստեփանակերտի մարզադաշտը 10 հազար տեղանոց է, Ասկերանինը՝ 650, Մարտակերտինը՝ 2000, Մարտունիինը՝ 1800: Նախատեսվում է, որ մասնակից երկրներն իրենց հետ բերելու են մեծ թվով երկրպագուներ, լրատվամիջոցներ, այդ օրերին սպասվում է նաև զբոսաշրջիկների հոսք: Արդեն հայտնի են առաջնությանը մասնակցող 12 թիմերը՝ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Արևմտյան Հայաստանի, Չամերիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային թիմերը:
Հրաչուհի Բարսեղյանը տեղեկացրեց նաև, որ կազմակերպչական գործում կամավորներ են ներգրավված, որոնք հիմնականում Արցախից են, և սա նույնպես մարդկային ներուժը ներկայացնելու ևս մեկ քայլ է: Մոտ երկու հարյուր հոգուց կազմված կամավորների խումբն ամենատարբեր աջակցություն է ցուցաբերելու հյուրերին ու մասնակիցներին՝ թարգմանություններից մինչև ժամանցի կազմակերպում, այցեր տեսարժան վայրեր, հաղորդակցություն և այլն:

Մեր հարցին, թե ի՞նչպիսին կլինի Ադրբեջանի արձագանքը՝ Արցախում կազմակերպվող այս միջազգային մակարդակի առաջնությանը, Հրաչուհի Բարսեղյանը պատասխանեց.
«Բոլոր այն մեծ ու փոքր ձեռնարկները, որոնք Արցախում կազմակերպվում են՝ ադրբեջանական կողմից անպայման ինչ-որ արձագանք ստանում են: Այս դեպքում էլ, ինչ-որ բան սպասելի է, բայց ամեն ինչ պետք է անել, որ այդ արձագանքները որևէ կերպով չանդրադառնան ձեռնարկի վրա, ձեռնարկը մնա ապաքաղաքական բնույթ ունեցող մարզական-մշակութային հանդիսություն, որ միայն դրական տրամադրություն կփոխանցի»: Իսկ այդ նպատակին հասնելու լավագույն տարբերակը, ըստ Հրաչուհի Բարսեղյանի, լավագույն ֆուտբոլ ցույց տալն է:
«Միայն լավ կազմակերպված առաջնությամբ կարելի է աշխարհին ցույց տալ, որ Արցախը խաղաղասեր պետություն է, հարձակողական բնույթ չունի»,-ասում է նա, ավելացնելով, որ Արցախի ֆուտբոլի հավաքականն ամենօրյա մարզումներ է անում՝ պատրաստվելով ոչ միայն հյուրերին ընդունել, այլև՝ լավագույն խաղ ցույց տալ սեփական դաշտում:
CONIFA-ի պաշտոնական կայքէջը բացվում է Արցախը խորհրդանշող տարբերանշանով, այնտեղ տեղադրված է նաև այս տարվա առաջնության քայլերգը՝ «Լոխ լավա» խորագրով: Երաժշտության հեղինակը Արտեմ Վալտերն է, երգը կատարում է «Արցախի ձայներ» երաժշտական խումբը:
Նշենք նաև, որ CONIFA-ի Արցախի կազմակերպչական կոմիտեն արդեն հայտարարել է, որ առաջնության բոլոր խաղերի, ինչպես նաև հանդիսության բացման, փակման արարողությունների մուտքն ազատ է:
Հունիսի 1-ին Ստեփանակերտի «Ստեփան Շահումյան» մարզադաշտում բացման հանդիսավոր արարողություն է նախատեսված, իսկ խաղերը կսկսեն հունիսի 2-ին: Մշակութային ձեռնարկները, ցուցահանդեսները, համերգները, ընթանալու են խաղերի օրերին և հյուրերը խաղերից հետո և առաջ հնարավորություն են ունենալու վայելել դրանք:
Շուշիին, իբրև Արցախի մշակութային մայրաքաղաքի, մեծ դեր է տրված. հյուրերը այցելելու են Շուշի և Արցախի այլ պատմամշակութային վայրեր, վայելելու են արցախցու ջերմ հյուրընկալությունը: Այս տարի Արցախում ևս մեկ հանդիսութուն է սպասվում՝ Արցախում են տեղի ունենալու նաև Համահայկական խաղերի բացումն ու խաղերի մի մասը: Այնպես որ տարին Արցախի համար մարզական է և Արցախը, CONIFA-ի խաղերով սկսելով, ամբողջ տարվա ընթացքում պահելու իր մարզական վիճակը: