2020 թուականի յուլիսեան մարտերու մասնակից, 44-օրեայ պատերազմին զոհուած Հայկազ Մկրտչեանի հօր` Զաւէն Մկրտչեանի նկատմամբ, երէկ` Յունիս 3-ին, Պռօշեան-Դեմիրճեան խաչմերուկին սեւպերեթաւորները բռնութեան եւ բերման ենթարկած են:
Հայկազ Մկրտչեանի քոյրը` Արեւիկ Մկրտչեանը, պատմեց, որ այդ միջադէպի պահուն ինք որեւէ գործողութիւն չէ իրականացուցած. «Հայրս երբ մասնակցում է անհնազանդութեան գործողութիւններուն, 44-օրեայ պատերազմում զոհուած եղբօրս նկարով շապիկ է միշտ հագնում: Այդ լարուած պահին հայրս ասաց` որդիս հազարաւոր թուրքերի է սպաննել, հէնց այդ բառերի վրայ սեւ պերեթաւորը թեքւում ու ձեռքից քաշում է ու գցում միւս պերեթաւորների վրայ, ու իրենք սկսում են շատ ուժեղ հարուածել, շապիկն են պատռում, որտքով հարուածներ են հասցնում գլխին, լեարդի հատուածին: Հիմա հայրս գլխի շրջանում տարբեր վնասուածքներ ունի, ուսերն են ուռել: Երբ հայրս ասում է, որ զոհուածի հայր է, ասում էին` ձայնդ կտրի, թէ կը ջարդենք ձեռքդ: Երբ հարուածում էին, ընկնում էր, ասում էին` հէնց հիմա վեր կաց, թէ չէ ոտքդ կը ջարդենք»:
Զաւէն Մկրտչեան ազատ արձակուելէ յետոյ տեղափոխուած է հիւանդանոց: «Խորհուրդ տուեցին, որ մնայ վերահսկողութեան տակ, բայց ինքը հրաժարուեց, եկանք տուն», ըսաւ զոհուածին քոյրը:
Ան նշեց, որ եղբօր նկարով շապիկը իրաւապահներուն մօտ է:
Արեւիկ Մկրտչեանը պատմեց, որ Հայկազ Մկրտչեանի ծառայութիւնը անցած է Տաւուշի մէջ, 44-օրեայ պատերազմին Հոկտեմբեր 14-ին իր մարտկոցին հետ տեղափոխուած է Արցախ. «Եղբայրս իրօք հազարաւոր թուրքերի է սպանել: Հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մատոյցներում վիրաւորուել է «պայրաքթարից», բերում են իրենց հիւանդանոց, 12 օր քոմայի մէջ մնալուց յետոյ, Նոյեմբերի 9-ին` կապիտուլեացիայի օրը, հէնց ստորագրման պահին եղբօրս սիրտը կանգնում է»: