image

«Թուֆէնկեան» կը շարունակէ իր առաքելութիւնը. Հանգանակուած է աւելի քան 21.000 ԱՄՆ տոլար

«Թուֆէնկեան» կը  շարունակէ իր առաքելութիւնը. Հանգանակուած է աւելի քան  21.000 ԱՄՆ տոլար

Թուֆենկյան հիմնադրամի #ArmeniaForThe Kids նվիրահավաքը այսօր հասել իր ավարտին՝ գերազանցելով իր 18.000 ԱՄՆ դոլարի թիրախը։ Հանգանակված գումարը կնպաստի «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ի երեխաներին:

«Շնորհիվ մեր աջակիցների առատաձեռն նվերների, հավաքել ենք 21.044 ԱՄՆ դոլար՝ «Ընտանիք եւ համայնք»-ի հինգ կենտրոնների երեխաների համար», - բացատրեց Թուֆենկյան հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբէն Ճանպազեանը: Ավելի քան 125 անհատներ իրենց ներդրումն են ունեցել արշավին:

Վերջին 20 տարիների ընթացքում «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ն աշխատում է զարգացնել խոցելի երեխաների եւ նրանց ընտանիքների ներուժը: Նրանք աշխատում են 450 երեխայի եւ նրանց ընտանիքների հետ Արմավիրի, Տավուշի եւ Շիրակի մարզերում գտնվող հինգ կենտրոններում: Այս երեխաներից եւ ընտանիքներից կան նաեւ 2020 թվականի Արցախյան պատերազմից տեղահանվածներ եւ տուժածներ:

«Նվիրահավաքի շնորհիվ, հնարավորություն ենք տալիս երեխաներին այցելելու տեսարժան վայրեր, ցուցահանդեսներ, թանգարաններ եւ մասնակցելու մշակութային միջոցառումներին եւ էքսկուրսիաներին: Այլապես այս երեխաները հնարավորություն չէին ունենա վայելելու այդ ամենը:»,- հավելեց Ճանպազեանը:

 

«Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ն, որի հիմնադիր կազմակերպություններից է Թուֆենկյան հիմնադրամը, աշխատում է հայ հասարակության ամենախոցելի խավերի հետ՝ իրականացնելով սոցիալական եւ հոգեբանական աջակցության ծրագրեր, ընտանիքների հզորացման, երիտասարդների եւ երեխաների կարողությունների ու ռեսուրսների զարգացման համար։ Կազմակերպության հաջող մոդելը հիմնված է ազգային արժեքների ու միջազգային լավագույն փորձի վրա:

Գումարի մի մասը հավաքվել է Թուֆենկյան հիմնադրամի աջակից՝ հայրենադարձ Լոռի Նաճարեանի միջոցով, ով վեց տարի առաջ Տորոնտոյից տեղափոխվել էր Հայաստան: Նրա ծննդյան օրվա առիթով կազմակերպած արշավի շնորհիվ, նա հավաքել է ավելի քան 2.500 ԱՄՆ դոլար: «Ուրախ եմ ու հպարտ, որ հնարավորություն ունեցա աջակցելու «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ին: Այցելելով Մեծամորի կենտրոն՝ անհնար էր չոգեւորվել նրանց անձնակազմի աշխատանքով եւ երեխաների ժպիտներով»,- ասաց Նաճարեանը։

«Մարդասիրական եւ ազգային արժեքները խթանելով եւ սերմանելով՝ կազմակերպությունն ակտիվորեն ներգրավվում է համայնքների կառուցման, ներգրավման խթանման եւ բարեխիղճ

քաղաքացիության զարգացման գործում, ինչը մեզ անհրաժեշտ է Հայաստանում եւ, իհարկե, ողջ աշխարհում», - ավելացրեց Նաճարեանը:

«Ընտանիք եւ համայնք»-ի երեխաները մասնակցում են տիկնիկային թատրոնի, նկարչության, երգի, պարի, խեցեգործության, գորգագործության խմբակներին։ Նրանք նաեւ այցելում են թանգարաններ եւ մշակութային վայրեր, գնում են համերգների, մասնակցում են հանգստի եւ ամառային ճամբարների։ Ճիշտ դաստիարակության դեպքում այս երեխաները բարգավաճում են եւ դառնում են ինքնաբավ, Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում օգտակար քաղաքացիներ: