Ատրպէյճանը սողացող ձեւով (անաղմուկ եւ մանր քայլերով) կը նուաճէ Սիւնիքի մարզը` նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր Զինուած ուժերու վերահսկողութեան տակ: Այս մասին իր թելեկրամեան ալիքով գրած է պատմական գիտութիւններու թեկնածու, թրքագէտ Վարուժան Գեղամեանը:
Ան, մասնաւորապէս, նշած է. «Զուգահեռ այնտեղ կատարում է ամրաշինական աշխատանքներ` հիմք ստեղծելով յաջորդական յարձակումների համար: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռ. Թայիպ Էրտողանն գրեթէ ամէնօրեայ ռեժիմով անթաքոյց կերպով խօսում են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի հանդէպ իրենց յաւակնութիւնների մասին` փաստացի նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականութիւնը (առնուազն այն տարածքում, որում այն կայ այսօր):
Այս փաստացի պատերազմական գործողութիւններին ի պատասխան ՀՀ տէ ֆաքթօ իշխանութիւնը դիմում է «միջազգային հանրութիւն» գոյութիւն չունեցող կողմին, որպէսզի վերջիններս «գնահատական» տան Ատրպէյճանի թշնամական գործողութիւններին ու նորից խօսում «զօրքերի հայելային ետքաշում» անհեթեթութեան մասին, որի պատճառով մենք արդէն իսկ կորցրել ենք նոր բնակավայրեր 2020 թ. նոյեմբերից յետոյ: Այլ բառերով` թշնամին իրականացնում է սողացող պատերազմ` դա կոչելով «խաղաղութեան օրակարգ», իսկ հայ ժողովրդի անվտանգութիւնը ապահովելու առաջնային պարտաւորութիւն ունեցող տէ ֆաքթօ թուրքամէտների իշխանութիւնը կապիտուլիանտի գլխաւորութեամբ մեր անվտանգութիւնը յանձնում է «միջազգային հանրութեան» բարեգթութեանն ու ոչ մի խօսք ու գործողութիւն չի անում դիմադրելու, պաշտպանուելու պատրաստակամութեան առումով:
Վերեւում նկարագրուածը իրականութիւն է ոչ թէ այն պատճառով, որ սա միակ հնարաւոր տարբերակն է այս պահին (ինչպէս քարոզում են ամէն օր), այլ այն պարզ պատճառով, որ մենք դեռ հանդուրժում ենք այս կապիտուլիանտ իշխանութիւնը` յանձնելով հայրենիքը:
Ու ոչ մի արդարացում, թէ ինչու պայքարի դուրս չենք գալիս, այլեւս չի աշխատում»: