image

Թրքական մամուլը արձագանգ կը հանդիսանայ Հայաստանի արտաքին քաղաքականութեան

Թրքական  մամուլը արձագանգ կը հանդիսանայ Հայաստանի արտաքին քաղաքականութեան

Վերջին 3-4 օրերու ընթացքին թրքական բազմաթիւ հեռուստաալիքներու եթերով եւ առցանց լրատուամիջոցներու լրահոսին մէջ տասնեակ նիւթերով, յօդուածներով եւ հաղորդումներով ներկայացուած են ՀՀ պաշտօնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերու լայն շրջանակի շուրջ։ Այս մասին դիմատետրի իր էջին գրած է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերու եւ տեղեկատւութեան կեդրոնի տնօրէն Գոռ Ծառուկեանը։

«Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիւ հեռուստաալիքների եթերում եւ առցանց լրատուամիջոցների լրահոսում տասնեակ նիւթերով, յօդուածներով եւ հաղորդումներով ներկայացուել են ՀՀ պաշտօնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։

Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտութեան մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել:

Մեդիա տուրին մասնակցած Թուրքիայի ազդեցիկ զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչների պատրաստած ռեպորտաժներն ու վերլուծական հաղորդումներն այս օրերին մի քանի անգամ ցուցադրուել են առաջատար TRT World, NTV, Sözcü TV եւ այլ հեռուստաընկերութիւնների լրատուական հաղորդումների ընթացքում, տարածուել են Ihlas, Anadolu լրատուական գործակալութիւնների, T24, Medyascope, Hürriyet, հայկական Agos եւ միւս լրատուականների կողմից։ Բացի այդ, մեդիատուրի մասնակիցները հիւրընկալուել են այլ հեռուստա-ռադիո հաղորդումների, պատմել են ՀՀ այցի մասին։

Ընդհանուր առմամբ շրջանառուել է մօտ երկու տասնեակ հեռուստա եւ ռադիո ռեպորտաժ, որոնք գրեթէ ամբողջութեամբ ներկայացրել են Հայաստանի տեսակէտները` Հայաստան-Թուրքիա կարգաւորման, սահմանի բացման, Հայաստան-Ադրբեջան կարգաւորման, ենթակառուցուածքների ապաշրջափակման վերաբերեալ։

Երեւան հրաւիրուած խմբում թուրքական ե՛ւ մերձիշխանական, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ անկախ համարուող լրատուամիջոցների ներկայացուցիչների ներգրաւմամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, յատուկ ներկայացուցիչ Ռուբէն Ռուբինեանի հարցազրոյցները լուսաբանուել են հաւասարապէս բոլոր խոշոր մեդիահարթակներով, եւ հիմնական ուղերձները հասցուել են այդ երկրի հանրութեան ամենատարբեր շերտերին։ Ընդ որում՝ լուսաբանումը եղել է ոչ միայն թուրքերէն, այլեւ՝ անգլերէն (TRT World, Hürriyet Daily News)։

Բացի ռեպորտաժներն ու վերլուծական հաղորդումները, 5 տասնեակից աւել տեքստային նիւթեր են հրապարակուել թուրքական առցանց լրատուամիջոցներում, որոնք եւս հիմնականում ներկայացնում են Հայաստանից փոխանցուած ուղերձները։

Յատկանշական է, որ թուրքական մի շարք լրատուամիջոցներ չեն խուսափել շրջանառել այն առանցքային ուղերձը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացին։

Մեդիա տուրի արձագանգները դեռեւս շարունակւում են»,- գրած է Ծառուկեանը։

Ան շնորհակալութիւն յայտնած է թրքագէտներ Աստղիկ Իգիթեանին, Գէորգ Կալոշեանին, Էլիա Յարութիւնեանին եւ միւս գործընկերներուն՝ գաղափարի եւ ստացուած նախաձեռնութեան համար։