image

Սուրիոյ աւելի քան կէս դար կը պահանջուի տնտեսութեան վերականգնման համար․ ՄԱԿ

Սուրիոյ աւելի քան կէս դար կը պահանջուի տնտեսութեան վերականգնման համար․ ՄԱԿ

Սիրիայում տասնչորս տարվա հակամարտության պատճառով տասնամյակներ կպահանջվեն տնտեսական, սոցիալական և զարգացման առաջընթաց գրանցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ այսօր 10 սիրիացիներից ինը ապրում է աղքատության մեջ, իսկ յուրաքանչյուր չորրորդն անգործ է:

Զեկույցը նախազգուշացնում է, որ աճի ներկայիս տեմպերով տնտեսությունը չի վերականգնի ՀՆԱ-ի մինչկոնֆլիկտային մակարդակը մինչև 2080 թվականը (կամ առաջիկա 55 տարվա ընթացքում):

2010 թվականին Սիրիայի ՀՆԱ-ն կազմել է 62 միլիարդ դոլար, սակայն կրճատվել է ավելի քան կիսով չափ։ 2011-2024 թվականների ընթացքում կորցրած ՀՆԱ-ի գնահատված կորուստը կազմում է մոտ 800 միլիարդ ԱՄՆ դոլար:

Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՆԱ-ի միջին աճը կազմել է տարեկան 1,3 տոկոս։

«Եթե ​​այսպես շարունակվի, ապա 55 տարի կպահանջվի ՀՆԱ-ի մինչկոնֆլիկտային մակարդակը վերականգնելու համար», - նշված է զեկույցում:

Ավելի քան 7,2 միլիոն մարդ տեղահանված է Սիրիայի ներսում, ևս 6 միլիոն մարդ ապրում է արտասահմանում որպես փախստական: Բոլորը միասին կազմում են բնակչության կեսից ավելին։

Գրանցվել է աղքատության ահռելի աճ․ մինչ հակամարտությունը աղքատությունը կազմել է 33 տոկոս, իսկ այժմ այն եռապատկվել է՝ հասնելով մինչև 90 տոկոսի: Ծայրահեղ աղքատությունը 11 տոկոսից հասել է 66 տոկոսի:

«Բացի անհապաղ մարդասիրական օգնությունից, Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ՝ ժողովրդի համար տնտեսական և սոցիալական կայունություն ստեղծելու համար», - ասել է ՄԱԶԾ ադմինիստրատոր Ախիմ Շտայները:

«2010-ին 5,5 միլիոն տներից 328 000-ն ամբողջությամբ ավերվել է, յուրաքանչյուր երեք տներից մեկն ավերվել կամ վնասվել է, ինչը նշանակում է, որ մենք ունենք 5,7 միլիոն մարդ, որոնք ապաստանով աջակցության կարիք ունեն», - տեղեկացրել է ՄԱԶԾ-ի ադմինիստրատորի օգնական և Արաբական երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Աբդալլահ ալ-Դարդարին:

Համաձայն ՄԱԶԾ-ի՝ առաջընթացի ճանապարհը պահանջում է համապարփակ ռազմավարություն՝ ուղղված կառավարման բարեփոխումներին, տնտեսական կայունացմանը, ենթակառուցվածքների վերակառուցմանը և սոցիալական ծառայությունների ուժեղացմանը:

Սիրիայում պատերազմը բռնկվել է 2011 թվականի մարտին նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ​​բողոքի ցույցերից հետո։ 2024 թվականի դեկտեմբերին ալ-Ասադը հեռացել է իշխանությունից:

ՄԱԶԾ-ի տվյալներով՝ պատերազմը խլել է մոտ 618 000 կյանք՝ դառնալով նորագույն պատմության ամենամահաբեր հակամարտություններից մեկը: Մինչ այժմ մոտ 113 000 մարդու ճակատագիրն անհայտ է մնացել։