Պսակը սիրո եւ հավատարմության ուխտն է
Ի՞նչ խորհուրդ ունի այն եւ ի՞նչ կարգով է ընթանում Հայ Առաքելական եկեղեցու սուրբ պսակը. Խորհրդի նշանակությունը
Պսակը յոթ խորհուրդներից մեկն է, որի սկիզբը դրվեց դեռեւս դրախտում: Աստված, ստեղծելով Ադամին եւ Եվային, սահմանեց ամուսնության միությունը եւ օրհնելով նրանց՝ ասաց. «Աճեցե՛ք եւ բազմացե՛ք» (Ծննդոց 1.22,28), ինչը վերաբերում էր եւ՛ մարդուն, եւ՛ մյուս կենդանի արարածներին, բայց միայն մարդուն էր տրված այն պատվերը, որ, սիրով միավորվելով, երկուսը մեկ մարմին են դառնում: Դառնալով մեկ մարմին՝ մշտական կենակցության ուխտի մեջ են մտնում, ըստ Քրիստոսի եւ Իր Եկեղեցու միության օրինակի, նվիրվում են Աստծո Արքայության առաջադիմության համար միասնաբար աշխատելուն:
Քրիստոնեական եկեղեցում Պսակի խորհրդի ժամանակ, այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են եւ ստանում Սուրբ Հոգու շնորհը, որով այդ միությունը, որպես անխախտ դաշինք ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար. ունենալու զավակներ եւ նրանց քրիստոնեկան ոգով դաստիարակելու ակնկալիքով:
Պսակի նպատակը ոչ միայն որդեծնությունն է, այլ հոգեւոր-մարմնական միավորությունը, երբ մեկը մյուսին փոխադարձորեն լրացնում են եւ օգնում:
Ամուսնության պայմանները
Եկեղեցին հետեւյալ պայմաններն է առաջարկում երիտասարդ զույգերին առողջ եւ ամուր ընտանիք կազմելու նախաշեմին.
ֆիզիկական եւ մտավոր առողջություն
չափահասության տարիք
կանոնական հասունություն, այսինքն՝ հարսնացուն ու փեսացուն մոտ ազգականներ չպետք է լինեն:
Հայոց եկեղեցին տասներեքերորդ դարում սահմանեց, որ պսակվողները յոթը պորտով բաժանված լինեն միմյանցից (որդին հոր հարաբերությամբ մեկ աստիճան է, մեկ պորտ է, թոռը՝ երկու, այսինքն՝ երկու անձերի միջեւ եղած ծնունդների թիվը հաշվվում է որպես աստիճան կամ պորտ, երկու եղբայրներ կամ քույրեր միմյանց նկատմամբ երկու պորտ են, այր եւ կին առանձին աստիճան չեն ներկայացնում, որովհետեւ մեկ մարմին են)
փոխադարձ համաձայնություն եւ սեր
ազգային եւ կրոնական նույնություն.
նույն կրոնին եւ նույն եկեղեցուն պատկանելը պարտադիր է: Եթե արտոնվում է օտարի հետ ամուսնանալ, ապա՝ հետեւյալ պայմաններով.
ա. օտարադավանը, եթե ցանկանում է պսակվել հայադավանի հետ հայկական ծեսով եւ հայկական եկեղեցում, պետք է գրավոր ընդունի Հայ եկեղեցու դավանությունը:
բ. Ոչ քրիստոնյան, եթե ուզում է պսակվել Հայ եկեղեցու զավակի հետ, պետք է գրավոր հայտնի իր ցանկությունը, այնուհետեւ մկրտվի, դրոշմվի, հաղորդվի եւ ապա՝ պսակվի: գ. Այլ հարանվանության (օր., բողոքական) պատկանող հայը, եթե դրոշմված չէ, պետք է դրոշմվի Հայ եկեղեցու ծեսով եւ ապա պսակվի հայկական եկեղեցում:
Պսակի արարողությունը

Պսակի խորհրդակատարությունը երկու մասերից է բաղկացած. առաջին՝ նշանադրություն, որը ամուսնությունից առաջ երկու կողմերի համաձայնությամբ կայացած ուխտն է:
Երկրորդ՝ պսակ, որ ամուսնացող զույգի սիրո եւ հավատարմության ուխտն է Աստծո եւ հանրության առջեւ: Խորհուրդը կատարվում է եկեղեցում՝ ժողովրդի եւ խաչեղբոր վկայությամբ: Խորհուրդի արարողության խաչեղբայրը փեսայի եւ հարսի օրինավոր ամուսնության պաշտոնական վկան է, ով արարողության ժամանակ Քրիստոսի խաչը բռնում է նրանց գլխավերեւում (հաճախ խաչեղբայրը կոչվում է կնքահայր): Ամուսնության արարողությունը կոչվում է Սուրբ Պսակ, որովհետեւ փեսայի եւ հարսի գլխին թագ կամ պսակ է դրվում. փեսան կոչվում է թագավոր, իսկ հարսը՝ թագուհի:
Խորհուրդը կատարում է քահանան, ով Մաշտոց ծիսամատյանի համաձայն հարցնում է փեսային. «Որդյակ իմ, մինչեւ մահ տե՞ր ես»: Փեսան պատասխանում է. «Այո, հայր սուրբ, տեր եմ հրամանովն Աստծո»: Այնուհետեւ քահանան հարցնում է հարսին. «Որդյակ իմ, եւ դու մինչեւ մահ հնազա՞նդ ես»: Հարսը պատասխանում է. «Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանովն Աստծո»: Դրանից հետո քահանան հարսի ձեռքը հանձնում է փեսային եւ օրհնում: Այնուհետեւ օրհնում է գինին եւ տալիս փեսային, հարսին, ներկաներին: Գինու օրհնությունն ու բաշխումը հիշատակությունն է Կանայի հարսանիքի, որտեղ Հիսուս Քրիստոսը ջուրը գինու փոխելով՝ ուղարկեց սեղանապետին, որ բաշխի բազմությանը: Հիսուսն Իր կատարած հրաշքով օրհնեց այդ հարսանիքը եւ ուրախացրեց նրանց (Հովհաննես 2.1-11): Պսակի արարողության վերջում գինու բաժակի վրա կատարած աղոթքով քահանան Հիսուսի նմանությամբ օրհնում է ամուսնացող զույգին, ներկա բազմությանը եւ ուրախացնում նրանց: Գինի խմելը նշանակում է նաեւ, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները եւ թե՛ դառնությունները միասին պետք է ճաշակեն:
Պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի եւ հարսի մատին, նշանակն են նրանց միության անխախտելիության, իսկ վառվող մոմերը՝ հոգեւոր ուրախության եւ աստվածատուր շնորհի: Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, նշանն են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է, եւ պետք է զերծ մնալ պոռնկական ցանկություններից: Պսակի արարողության ժամանակ հարսի պայծառ, սպիտակ զգեստները խորհրդանշում են Ադամի եւ Եվայի լուսեղեն զգեստները:
Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որեւէ մեկը մահանում է: Եկեղեցին թույլատրում է երկրորդ անգամ ամուսնանալ. «Կանոն կուսի պսակի» եւ «Կանոն երկրորդ պսակի» (Մաշտոց): Երրորդ պսակը անթույլատրելի է:
Պսակի համար թույլատրելի օրերն են.
Ծննդյան Ութօրեից, հունվարի 8-12-ը:
Հունվարի 14-ից մինչեւ Առաջավորաց Պահոց Բարեկենդանը:
Առաջավորաց Պահոց շաբաթ օրից մինչեւ բուն Բարեկենդան:
Վարդավառի երկուշաբթիից մինչեւ Սուրբ Աստվածածնի Բարեկենդան:
Սուրբ Աստվածածնի երեքշաբթիից մինչեւ Խաչվերացի Բարեկենդան:
Հիսնակի երկուշաբթիից մինչեւ Սուրբ Ծննդյան Բարեկենդան:
Պսակի համար արգելված օրերն են.
Տարվա բոլոր կիրակի օրերն առանց բացառության:
Յուրաքանչյուր չորեքշաբթի եւ ուրբաթ օր (բացառությամբ Նոր Կիրակիից մինչեւ Համբարձում ընկած չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը):
Հինգ տաղավար տոների մեռելոցի օրերը:
Սբ. Ծննդյան, անվանակոչության, Տեառնընդառաջի, Ավետման եւ Համբարձման օրերը:
Ամբողջ մեծ պահքի եւ եւ զատկական առաջին ութ օրերը:
Առաջավորաց, Վարդավառի, Սբ. Աստվածածնի, Հիսնակաց եւ Սբ. Ծննդյան շաբաթապահքի հինգ օրերը:
Պսակն անվավեր է, երբ.
Գաղտնի է կատարվում:
Բռնությամբ:
Պսակվողն արդեն օրինավոր ամուսին ունի:
Ամլության պատճառով ամուսնալուծություն չի կատարվում: Կրոնափոխությունն էլ ամուսնալուծության պատճառ չի ընդունվում, սակայն թույլատրելի է, եթե կրոնական բռնության դրսեւորումներ կան:
Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին բարեհաջող է համարում ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են եւ միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, մինչեւ որ այր ու կին չեն երեւում իբրեւ երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ, նաեւ ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորությամբ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպե՛ս, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակարության ու հաճելի լինելու համար: