Զէնքի գնման գործընթացի վերաբերեալ ինչքան քիչ խօսինք, այնքան այդ գործընթացը հաստատ աւելի շուտ կ'ըլլայ։ Այս մասին լրագրողներու հետ զրոյցի ժամանակ, անդրադառնալով Հնդկաստանէն զէնք գնելու մասին տարածուած տեղեկութիւններուն, ըսած է ՔՊ-ական պատգամաւոր Արմէն Խաչատրեան։
«Պէտք չէ այդքան փորձել լուսաբանել՝ զէնքը որտեղ հասաւ, ինչ զինտեխնիկա եկաւ, հասկանում եմ՝ թեման գայթակղիչ է բոլորի համար։ Այո, ակտիւ իրականացւում են զէնքի ձեռքբերման գործընթացներ, այդ քննարկումները տարւում են մի շարք երկրների հետ, այն երկրների հետ, որոնք մեզ պատրաստ են տալ այն, ինչի կարիքը ունենք, հաստատ այդ ուղղութեամբ միջոցառումներ են իրականացուելու։ Այն, որ այս պահին մեզ օդ ու ջրի պէս զէնք է անհրաժեշտ, քննարկման ենթակայ չէ»,-ըսած է պատգամաւորը։
Անդրադառնալով այն հարցին, թէ որ երկիրներէն անհրաժեշտ է ձեռք բերել զինամթերք, Խաչատրեան ըսած է․
«Ի հարկէ, ռուսական զէնքը կազմում է մեր ռազմական հնարաւորութիւնների գերակշիռ մասը եւ կան լաւ զինատեսաներ, որոնք արդարացրել են իրենց, բայց զինատեսակներ կան, որ պէտք է ձեռք բերուեն այլ երկրներից, այսօր ԱԹՍ-ների լաւագոյն օրինակները հաստատ ռուսականը չեն, ամբողջ աշխարհում աւելի լաւ արտադրանքներ կան, քան Ռուսաստանինն է»։
Խաչատրեան ընդգծած է, որ Հայաստանի ապագան կը տեսնէ ռազմարդիւնաբերական երկիր ըլլալու մէջ։