Քուվեյթաբնակ գործարար, բարերար եւ հասարակական գործիչ Կիրակոս Գույումջյանն այցելել էր հայ գրքի եւ մամուլի աշխարհում ամենամեծ շտեմարանը՝ Հայաստանի ազգային գրադարանը, տեղեկանում ենք գրադարանից: Նա շուրջ երեք տասնյակ արաբերենգրքեր է նվիրել Ազգային գրադարանին։ Գրքերից մի քանիսի հեղինակը հենց ինքն է՝ Կիրակոս Գույումջյանը:
Նրա գրքերում ամփոփված են արաբական մամուլում տպագրված իր հեղինակային հոդվածները:
2013 թվականին արաբերենով լույս տեսած «Կայաններ եւ դիրքորոշումներ» գրքում զետեղված են տարիների ընթացքում Գույումջյանի գրած եւ հրատարակած քաղաքական եւ պատմական թեմաներով հոդվածները:
Իսկ Կիրակոս Գույումջյանի վերջին գիրքն ինքնատիպ է թե՛ իր խորագրով, թե՛ բովանդակությամբ: «Իմ երթը երկաթի հետ» խորագրված գիրքը պատմում է մարդկության համար շատ կարեւոր եւ անփոխարինելի մետաղի՝ երկաթի մասին, որի պատմությունը, գործածությունը, նշանակությունը եւ եզակիությունը հեղինակը նկարագրել է իր գրքում: Արաբերենով գրված գիրքը մեծ տարածում է գտել, իսկ 2023 թվականին Երեւանում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը։
Կիրակոս Գույումջյանը Քուվեյթի հայ համայնքի նշանավոր անդամներից է։ Նա Քուվեյթում հիմնել եւ ղեկավարում է «Մեթալ Սենթր Քոմփանի» մետաղագործական խոշոր ընկերությունը։
Գույումջյանը նաեւ ակտիվ գործունեություն է ծավալում հայ համայնքում, աջակցում է կրթական, մշակութային ծրագրերի, ճանաչված անուն է նաեւ Հայաստանում:
Հայաստանի Ազգային գրադարան այցը առիթ էր ծանոթանալու նաեւ հայ տպագիր գրքի եւ մամուլի եզակի կենտրոնի նոր ծրագրերին: