Երբ որ պետութիւնն ու եկեղեցին կը միախառնուին իրար, անկէ աւելի վտանգաւոր բան չկայ, պետութիւնը պէտք է զբաղի իր գործով, եկեղեցին իր գործով: Այս մասին Պարզ լիճի տարածքին դպրոցականներու հետ հանդիպման ընթացքին ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ պատասխանելով աշակերտներէն մէկուն հարցին, թէ ինչպիսին են պետութիւն-եկեղեցի յարաբերութիւնները:
«Չնայած միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակւում են, շատ հարցերում դրանք իրար հետ խաչւում են: Օրինակ եկեղեցին պահանջում է, որ իր կարիքների համար օգտագործուող ապրանքները, օրինակ պարաֆինը (մոմանիւթ) չմաքսազերծուի եւ բարեգործական ճանաչուի: Մենք ասում ենք՝ շատ լաւ, ուրեմն մոմը մի վաճառէք, գանձանակ դրէք, հաւատացեալները թող գան, մոմը վերցնեն, ով ինչքան կը ցանկանայ, թող այնքան գանձանակում թողնի, որովհետեւ օրէնիքն հակասում է, եթէ մի բանը բարեգործական է, դուն չես կարող դրանից շահոյթ ունենաս: 2-րդ տարբերակը, որ մոմն ամբողջութեամբ վաճառուի, հարկերը պետութեանը վճարուի, բայց մենք ասում ենք վճարուած հարկերը, դեռ մի բան էլ աւելի յետ վճարուի եկեղեցուն»,- ըսած է ան :
Փաշինեան նշած է, որ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցւոյ հետ յարաբերութիւնները պէտք է ըլլան իրաւական, օրինական ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնսդրութեան ծիրէն ներս:
«Բայց կայ նաեւ հետեւեալ հանգամանքը. եթէ եկեղեցին ուզում է քաղաքական գործունէութիւն ծաւալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաեւ քաղաքական գործունէութիւն ծաւալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցութիւն ստեղծեն ու դրա շրջանակներում նաեւ քաղաքական գործունէութիւն ծաւալեն, ինչը, կարծում եմ, աւելի ազնիւ կը լինի եւ ընտրողների առաջ էլ, եւ այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կը լինեն նոյն հարթութեան վրայ», - ընդգծած է Փաշինեան:
Ան շեշտած է, որ եկեղեցին չի կրնար բարձր ըլլալ պետութենէն: