image

Պաքուի մէջ գերի պահուող Վիգէն Էօլճեքճեանի մօր՝ Պէաթրիսի յիշատակին

Պաքուի մէջ գերի պահուող Վիգէն Էօլճեքճեանի մօր՝ Պէաթրիսի յիշատակին

Պաքուի բանտերուն մէջ գտնուող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանի ազատութեան համար աշխատանքները կը շարունակուին։ «Արեւելք» այս մասին տեղեկացաւ «Բրիտանահայ մարդասիրական խումբ»էն, որ մեզի  յղուած  հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս կը գրէ՝

Խորը ցաւով տեղեկացանք, որ Ապրիլի 21ին յանկարծամահ է եղել Բաքւում գերի պահուող Վիգէն Էօլջեքջեանի մայրը՝ Բէաթրիսը:

Ապրիլի 20ի առաւօտեան, Կարմիր Խաչի պաշտօնեան այցելել էր Բէյրութից դուրս գտնուող այն բնակարանը, որտեղ ապրում էին Վիգէնի լիբանանցի կինը՝ Լինդա Իմանն իր դստեր Քրիստինէի եւ ամուսնու մօր Բէաթրիս հետ: 

Կարմիր Խաչի աշխատակիցները ընտանիքին ցոյց են տուել Վիգէնի տեսագրութիւնը: Լինդան խոստովանել է, որ Վիգէնը անճանաչելի է դարձել եւ զառամեալի տեսք ունի: Տեսագրութիւնը շատ էր յուզել ընտանիքի անդամներին, մայրը չափազանց անհանգստացել էր նրա առողջութեան համար՝ տեսնելով Բաքուի բանտում երկուսուկէս տարուայ գերութեան մէջ գտնուող Վիգէնին այդքան փոխուած: Տեսանիւթը դիտելուց յետոյ, ժամեր անց, պատանդի մայրը չդիմանալով խորը վշտին՝ սրտի կաթուածից մահացել է: 

 Քրիստինէն Բէաթրիսի շիրիմին մօտ

Վիգէնից լուրերը ընտանիքին հասնում են բացառապէս Կարմիր Խաչի միջոցով: Սա Ադրբեջանում ապօրինաբար պահուող բոլոր հայ գերիների եւ արտաքին աշխարհի հետ կապի միակ թոյլատրուած ձեւն է: Կարմիր Խաչի աշխատակիցների միջոցով գերիներն իրենց ընտանիքների հետ կապը հաստատում են նախապէս ձայնագրուած տեսանիւթերի միջոցով, որոնք ձայնագրւում են Կարմիր Խաչի բջջային հեռախօսով եւ ընտանիքներին ոչ մի լուսանկար կամ տեսանիւթ չի տրւում:

Բէաթրիս Էօլջեքջեանը (Ժամկոչեան) 1950ին ծնուել է Սիրիայի Հալէպ քաղաքում՝ Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների ընտանիքում: Ջարդերի ժամանակ ծնողները հրաշքով մազապուրծ փախել էին Այնթապից, որը ժամանակին Կիլիկիայի հայկական թագաւորութեան կազմում էր: Բէաթրիսը 19 տարեկանում ամուսնացել էր բէյրութահայ Աբրահամ Էօլջեքջեանի հետ, զոյգն ունեցել էր չորս որդի, ամենակրտսերը Վիգէնն էր: «Վիգէնը յատուկ տեղ ունէր մեր մօր սրտում», խոստովանեց Սագոն՝ Վիգէնի աւագ եղբայրը:

Նա լքեց այս աշխարհը խորը վշտի եւ յուսահատութեան մէջ՝ չկարողանալով օգնել իր որդուն, ով մինչեւ օրս ապօրինաբար բանտարկուած է իրեն անծանօթ երկրում: Մօր սրտում Վիգէնը իրապէս յատուկ տեղ ունէր, նա երկուորեակներից միակ փրկուածն էր:  Բէաթրիսի յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ հայաբնակ Բուրջ Համուտ թաղամասի Սուրբ Ամենափրկիչ Հայ կաթողիկէ եկեղեցում, որտեղ տարիներ առաջ նա ամուսնացել էր եւ որտեղ յետագայում մկրտուել էին նրա երեխաներն ու թոռները:

Դարեր շարունակ հայ մայրերը՝ տիկին Բէաթրիսի նման, օտար ափերում եղել են հայապահպանման ջահակիրները՝ իրենց զաւակներին կրթելով հայոց լեզուի, ազգային պատկանելութեան եւ հայրենասիրութեան ոգով: 

Լիբանանահայ Վիգէն Էօլջեքջեանը գերեվարուել էր եռակողմ յայտարարութեան ստորագրումից ժամեր անց, 2020ի Նոյեմբերի 10ին, երբ Երեւանից ճանապարհուել էր դէպի Շուշի՝ տեղի հիւրանոցից իր երեք ճամպրուկները վերցնելու համար, եւ անտեղեակ, որ Շուշին ժամեր առաջ յանձնուած էր Ադրբեջանին: Վիգէնը գերի բռնուել էր քաղաքացիական հագուստով իր անձնական մեքենայում, իսկ նրա մեքենայի խուզարկութեան ժամանակ ադրբեջանցի զինուորները չէին գտել ո՛չ զէնք-զինամթերք, ո՛չ էլ նոյնիսկ որեւէ սուր առարկայ: Նրա «Հոնդա» մակնիշի մեքենան, համակարգիչը, դրամը, անձնական իրերը եւ հայկական անձնագիրը առ այսօր մնում են Ադրբեջանի կողմից բռնագրաւուած:

Բաքուի ծանր յանցագործութիւնների ատեանը Վիգէն Էօլջեքջեանին դատապարտեց 20 տարուայ ազատազրկման՝ վարձկանութեան ու ահաբեկչութեան կեղծ եւ անհիմն մեղադրանքներով: Նա կալանաւորուած է Բաքուից դուրս գտնուող «Գոբուստան» բանտում՝ խստագոյն պայմաններով մեկուսարանում: Վիգէնի առողջական վիճակը մնում է խիստ մտահոգիչ, հիւծուած եւ ծերացած է: Ընտանիքի պայքարը կը շարունակուի այնքան ժամանակ, քանի դեռ գերութեան մէջ գտնուող Վիգէնը չի ազատուել:

Հայ գերիները Ադրբեջանի բանտերից պէ՛տք է անյապաղ վերադարձուեն իրենց ընտանիքներին, որոնք աւելի քան երկու եւ կէս տարիներ տառապում են, սակայն պայքարում են նրանց ազատագրման համար: 

Ի յիշատակ Բէաթրիս Էօլջեքջեանի, դիմում ենք առաջադէմ երկրների ղեկավարներին, միջազգային կազմակերպութիւններին, եւ հոգեւոր առաջնորդներին՝ 

 – ՄԻ ԼՌԷ՛Ք Ի ԴԷՄՍ ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, ԲՌՆՈՒԹԵԱՆ եւ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ.

 – ՕԳՆԵՑԷ՛Ք ՓՐԿԵԼՈՒ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԵԱՆՔԸ՝ ԴԱԺԱՆ եւ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԻՒՆԻՑ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ:

 

ԲՐԻՏԱՆԱՀԱՅ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ