Օրական 11 րոպե արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը

Օրական 11 րոպե արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը

Երեւանի Բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահական ոլորտի հայտնի մասնագետ Արմեն Մուրադյանն ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել քայլելու առողջապահական նշանակության մասին.

Իմացեք՝ օրական 11 րոպե արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը․․․Փաստ է՝ քայլելը բարելավում է մարդու առողջական վիճակն ու երկարացնում կյանքի տեւողությունը: 

Հետազոտողները պարզել են, որ օրական ընդամենը 11 րոպե քայլելը կարող է կանխել վաղ մահացության 10%-ը:  

«Օրական 11 րոպեանոց արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը», - նշված է իր տեսակի մեջ երբեւէ կատարված ամենամեծ հետազոտության մեջ:  Սա հավասար է շաբաթական 75 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվության, որը երկու անգամ ավելի քիչ է, քան ներկայում խորհուրդ տրվող ֆիզիկական ակտիվության ցուցանիշը: 

Քեմբրիջի համալսարանի մասնագետները պարզել են, որ արագ քայլելը, պարելը, հեծանիվ վարելը, թենիս խաղալը կամ արշավը կարող են զգալիորեն նվազեցնել վաղաժամ մահացության ցուցանիշները, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների եւ որոշ քաղցկեղների, մասնավորապես՝ գլխի եւ պարանոցի չարորակ նորագոյացությունների ռիսկերը: 

Համաշխարհային մասշտաբով՝ յուրաքանչյուր 10-րդ վաղաժամ մահից հնարավոր է խուսափել, եթե բոլորը հասնեն շաբաթական առաջարկվող թիրախի միայն կեսին՝ 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվության:

Միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը դիտվում է որպես այնպիսի զբաղմունք կամ գործողություն, որը բարձրացնում է սրտի զարկերի հաճախականությունը եւ ստիպում մարդկանց ավելի արագ շնչել, բայց ոչ այնքան արագ, որ նրանք չկարողանան այդ ընթացքում խոսել:  

Մասնագետները հաշվարկել են, որ եթե հետազոտության մասնակիցներից բոլորը շաբաթական առնվազն 150 րոպեին համարժեք չափավոր ակտիվություն ցուցաբերեն, ապա վաղաժամ մահերից կկանխվի յուրաքանչյուր վեցերորդը (16%): Բայց հետազոտության արդյունքում պարզվել է, նույնիսկ եթե յուրաքանչյուր ոք տրամադրի շաբաթական առնվազն 75 րոպե, յուրաքանչյուր 10-րդ (10%) վաղաժամ մահը կկանխվի: 

Բելֆաստի Քուինսի համալսարանի բժիշկ Լեանդրո Գարսիան ընդգծել է, որ չափավոր գործունեությունը չպետք է ներառի այն, ինչ մարդիկ սովորաբար համարում են վարժություն: «Օրինակ, փորձե՛ք մեքենա վարելու փոխարեն քայլել կամ հեծանիվով գնալ ձեր աշխատավայր կամ ուսման վայր, կամ ակտիվ խաղալ ձեր երեխաների կամ թոռների հետ», - ասել է նա: 

«Հերացի» վերլուծական կենտրոնի դիտարկմամբ` հետազոտություն իրականացնողները խորհուրդ են տալիս կատարել այնպիսի գործողություններ, որոնք ձեզ դուր են գալիս եւ որոնք հեշտ է ներառել ձեր շաբաթական առօրյայում․ դա ավելի ակտիվ դառնալու հիանալի միջոց է: