Հայաստանի նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ վերջինս կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության» վրա։ Այս հայտարարությունն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Ըստ կառավարության ղեկավարի՝ հնարավոր չէ կառուցել անկախ պետություն՝ հիմնվելով հակամարտության տրամաբանության վրա։
«Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ցանկացած հղում «Արցախի Հանրապետությանը» նշանակում է պատերազմի կոչ, որը վաղ թե ուշ հանգեցնելու է նոր բախումների։ Վարչապետը նաև քննադատել է եկեղեցու ներկայացուցիչներին՝ նրանց անվանելով «պատերազմի կուսակցության առաջնորդներ»։
«Ղարաբաղյան շարժում չկա, և ամեն անգամ, երբ խորանից կամ ամբիոնից հղում են անում «Արցախի Հանրապետություն», դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է»,- ասել է նա։
Փաշինյանը նաև զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի խոսույթի հետ՝ նշելով, որ հակադիր կողմն էլ զարգացնում է «վերադարձի» թեման, ինչը նույնպես տանում է դեպի բախում։