image

Նոր գույն Երեւանում. Կբացվի միջազգային Hard Rock Cafe-ն

Նոր գույն Երեւանում. Կբացվի միջազգային Hard Rock Cafe-ն

Hard Rock Cafe  միջազգային սրճարանային ցանցը հայտարարել է Հայաստանում իր առաջին մասնաճյուղի բացման մասին:

2022-ին Հայաստանի՝ ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող մայրաքաղաքի կյանքը կհարստանա եւս մեկ գույնով. Պուշկինի 3-1 հասցեում կգործի Hard Rock Cafe  Yerevan-ը՝ ժամանակակից ձեւավորմամբ եւ միջազգային նմանատիպ ցանցի չափանիշներով: Ինչպես տեղեկանում ենք ապրանքանիշը Հայաստանում ներկայացնողներից, 1000 քմ տարածք զբաղեցնող սրճարանը կարող է միաժամանակ ընդունել 290 հյուրի։

Երկհարկանի սրճարանն ունենալու է փակ եւ բացօթյա սրահներ: Առաջին հարկում գտնվող փակ սրահում տեղացի հյուրերը եւ Երեւանի այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել՝ վայելելով կենդանի կատարմամբ որակյալ համերգներ:

Սրճարանի բացօթյա սրահը լինելու է Hard Rock Cafe® Yerevan-ի երկրորդ հարկում, այստեղ գործելու է նաեւ երաժշտական հուշանվերների ցուցադրություն: Տարբեր ժամանակների աշխարհահռչակ ռոք արտիստների եւ խմբերի նվիրաբերած կամ նրանցից գնված այդ իրերի ցուցադրությունները վաղուց դարձել են Hard Rock սրճարանների հիմնական այցեքարտը: Կազմակերպիչները հայտնում են, որ սրճարանը յուրահատուկ է լինելու նաեւ իր խոհանոցով:

Hard Rock Cafe® Yerevan-ում գործելու է նաեւ աշխարհահռչակ «Rock Shop»-ը, որտեղ ռոքասերները կարող են գտնել ռոքին առնչվող ամեն ինչ՝ հուշանվերներ, գլխարկներ, աքսեսուարներ եւ այլն:

Նշենք, որ Hard Rock Cafe®-ի Երեւանի ֆրանչայզինգային գործընկերը «Dome Arena» ընկերությունն է, որը հիմնադրվել է «Food Republic» ընկերության եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) կողմից։

«Մենք ուրախ ենք, որ մեր ընկերության համար հոբելյանական 50-րդ տարում Հայաստանը դարձավ Hard Rock ընտանիքի անդամ: Հայաստանում մենք կստեղծենք շուրջ 100 աշխատատեղ։ Հավատում ենք, որ մեր առաջարկած հնարավորությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի սպասարկման ոլորտի վրա: Մենք խոստանում ենք մեր բրենդի ոգին եւ փիլիսոփայությունը բերել երաժշտական եւ սննդային յուրահատուկ ավանդույթներով հարուստ այս երկիր՝ ներկայացնելով  նշանակալի դեր ունեցող այս ռեստորանի ժամանակակից տեսլականը: Տարիների մեր փորձին եւ համաշխարհային երաժշտական մշակույթին ծանոթությունը միայն մի փոքր մասն են այն ամենի, ինչ սպասվում է Հայաստանին Hard Rock Cafe®-ի ժամանումից հետո»,-ասում է Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը:

 

Մեծ ճանաչում վայելող Hard Rock International ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 68 երկրում եւ ընդգրկում է շուրջ 241 օբյեկտ, այդ թվում՝ սրճարաններ, հյուրանոցներ, խաղատներ եւ այլն: Hard Rock-ին է պատկանում աշխարհի ամենամեծ եւ արժեքավոր երաժշտական հուշանվերների հավաքածուն, որն ընդգրկում է ավելի քան 86,000 ցուցանմուշ, որոնք ցուցադրված են ընկերության՝ աշխարհի տարբեր երկրներում գործող մասնաճյուղերում: 2021թ. Hard Rock-ը հեղինակավոր Forbes-ի կողմից արժանացել է լավագույն գործատու կոչմանը: Deloitte Private-ի եւ The Wall Street Journal-ի կողմից ճանաչվել է ԱՄՆ լավագույն կառավարվող ընկերություն:

2020թ. Forbes-ի կողմից ճանաչվել է նաեւ խտրականության դեմ պայքարող լավագույն գործատուներից մեկը, ինչպես նաեւ արժանացել է կանանց համար լավագույն գործատու կոչմանը: Hard Rock International ընկերությանը պատկանող հյուրանոցները եւ խաղատները հայտնվել են նաեւ Bristol Associates Inc.-ի եւ Spectrum Gaming Group-ի կողմից անցկացված 2020թ․ խաղատնային անձնակազմի գոհունակության վերաբերյալ հարցման (2020 Casino Gaming Executive Satisfaction Survey) արդյունքում ձեւավորված վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում: