Սիրիահայ նկարչուհի Սոնյա Գաբրիելյանը համարում է, որ արվեստի մասին իր պատկերացումները թերի կլինեին, եթե չլիներ փուչիկների ստեղծած գույների խաղը: Սկզբում իր համար խորթ էր դիզայնի այս ձևը, բայց շուտով բարձր գնահատեց, իսկ այն ներկայացնելու առիթ շատ շուտ ստեղծվեց, մի համագումարի ժամանակ, որին մասնակցելու էին բազմաթիվ երկրների, այդ թվում և Սիրիայի առաջին տիկինները:
«Ինձնից ուզեցին ցուցահանդեսի լոգոն: Եւ ես լոգոն այնպես արի, կարծես գծագրություն լիներ, գույների համադրումը, բացը, մուգը, այնքան գեղեցիկ եղավ, երբ որ դնում ես իրականի կողքին, տարբերություն չես գտնում: Առաջին տիկինները նկարներ ունեցան աշխատանքիս կողքին: Այսպես ես առավել նիշ արեցի»,-Արևելք-ին պատմում է տիկին Սոնյան, ով մոտ 20 տարի առաջ Սիրիայում հիմնել էր այս աշխատանքով զբաղվող «Սոնիկա» ընկերությունը:
Նա տարիներ շարունակ ոչ միայն այս, այլև նկարչական աշխատանքները լուսանկարիչ որդու հետ ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում, եղել է նաև Համազգայինի Արշիլ Գորկի արվեստանոցի հիմնադիր-անդամներից, իսկ որոշ ժամանակ՝ ղեկավարել այն, սակայն նրա համար առաջնային մնացել է փուչիկների ձևավորման արվեստը: «Սիրահարվեցի ես այս գործին»,-ասում է տիկին Սոնյան, ով, սակայն, պատերազմի պատճառով ստիպված եղավ դադարեցնել այն, իսկ այսօր զրկված է այն շարունակելու հնարավորությունից:
Մոտ մեկ ամիս առաջ իր և որդու հետ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ հրաշքով են փրկվել, մատները լուրջ վնասվել են, բայց կինը չի դադարում երազել սիրելի աշխատանքի մասին: Ցանկանում է ոչ միայն շարունակել, այլև դասավանդել: Նպատակներից մեկն է դա անել Հայաստանում:
Հայաստանում գործել, բայց ապրել միայն Սիրիայում. Սոնյա Գաբրիելյանը պատերազմի ժամանակ երբ ստիպված դադարեցրեց սիրած աշխատանքը, փոխարենն այլ անելիք գտավ, բայց երբեք չմտածեց լքել Հալեպը: Այն իր միակ տունն է համարում, որտեղից կարճ ժամանակով բացակայելու դեպքում էլ կարոտում է:
«Իմ գերդաստանս գնաց, ես և տղաս մնացինք Հալեպում, և ասում էի՝ այս երկրի հաց ու ջուրը խմել եմ, ու չեմ կարող թիկունք դարձնել այս երկրին: Այդ դժվարությունները, որն անցանք այս 7 տարիներին, թշնամուս չեմ ուզում»,-ասում է Սիրիայի քաղաքացին:
Կարծում է, որ պարտք ունի Սիրիայի հանդեպ. Մասնակցել երկրի կառուցման գործին: Տեսնելով երկրի վերականգնումը՝ հրճվում է: Հպարտությամբ է ասում. «Տեսեք, թե այս ժողովուրդն ինչ ուժ ու կորով ունի, որ ուզում է նորից իր երկիրը շտկել, ես սրա վրա եմ աշխատում, Սիրիան իմս է: Ես պատերազմի ժամանակ ամեն տեղ գնում էի, զինվորներին օգնություն տանելու, մենք այստեղ ապրեցինք պատերազմը, և դրա հետ մեկտեղ հիմա օրի օրի տեսնում ենք այս բարելավումը»:
Նա հպարտ է իր հայ լինելով, ասում է՝ բնիկ սասունցի է, ու բարձր է գնահատում նաև այն հարգանքը, որ ունեն սիրիահայերն այս երկրում:
Պատերազմի ժամանակ Սոնյա Գաբրիելյանն ընդգրկված է եղել տարբեր հանձնախմբերում. Կանանց դերի բարձրացմանն ուղղված «Տիկնանց կոմիտեում», մի հանձնախմբում, որի նպատակն էր թափառաշրջիկ երեխաներին փողոցից կտրելը:
«Մարդիկ կային, որ տուն չունեին, իմ տներս տրամադրության տակ դրեցի, որպեսզի կարողանան գլխի վրա առաստաղ ունենան, պահվեն-պահպանվեն թշնամիների կողմից: Մի շենք ունեինք, որ 25 ընտանիք պահեցինք»,-ասում է Սոնյա Գաբրիելյանը:
Հիմա երազում է շուտ առողջանալ ու սիրած աշխատանքով զբաղվել, վստահ է, որ դա ևս կհաջողվի, դժվարություններ հաղթահարած ու հարգանք վայելող արվեստագետն ասում է. «Հաճախ եմ ասում՝ Աստվա՛ծ, գիտեմ, որ ինձ շատ ես սիրում, բայց որ այսքան շատ, չգիտեի»: